ԿարևորՀասարակություն

ՄԻՊ աջակցությամբ լուծվել են դատապարտյալի կողմից բարձրացված մի շարք հարցեր

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ լուծվել են դատապարտյալի կողմից բարձրացված մի շարք հարցեր, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու նպատակով դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին։ Տեղեկացրել է՝ ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, ընդունում է հոգեմետ դեղեր, սակայն դրանք որևէ արդյունք չեն տալիս:

Պաշտպանը բողոքը ստանալուց անմիջապես հետո գրություն է հասցեագրել իրավասու պետական մարմնին, որից հետո դատապարտյալը հոգեբույժի կողմից ենթարկվել է լրացուցիչ զննության, փոփոխվել է նախկինում նշանակված դեղորայքը։

Բացի այդ, Պաշտպանի ներկայացուցիչները, քրեակատարողական հիմնարկ չհայտարարված այցի շրջանակում, դիմումատուի հետ ունեցել են նաև առանձնազրույց։ Վերջինս տեղեկացրել է, որ նոր նշանակված դեղորայքը արդյունավետ է, սակայն իր մոտ առաջացրել է թուլություն և քնկոտություն, ինչի հետևանքով չի կարողանում պահպանել դատապարտյալների օրվա կարգացուցակը․ մտավախություն ունի, որ կարող է դրա պատճառով ենթարկվել կարգապահական տույժի:

Այս հարցը ևս քննարկվել է ՔԿՀ վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։ Դատապարտյալը կրկին զննության է ենթարկվել հոգեբույժի կողմից, գնահատվել է նրա առողջական վիճակը, ինչի արդյունքում համապատասխան տեղեկանք է տրամադրվել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին։

Մարդու իրավունքների պաշտպանի և իրավասու պետական գերատեսչությունների արդյունավետ համագործակցության արդյունքում, դատապարտյալի բարձրացրած խնդիրը ստացել է լուծում:

Back to top button