
Մայիսի 12-ին աշխարհում նշում են բուժքույրերի միջազգային օրը։ Մասնագիտական տոնը Արցախի բուժաշխատողները նոր մարտահրավերով են դիմավորում․ արդեն10 օրից ավելի «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ բուժառուներ չեն տեղափոխվում, դադարեցված է նաև Հայաստանից դեպի Արցախ դեղորայքի մատակարարումը։ «Ռադիոլուրը» զրուցել է ավելի քան 150 օր շրջափակման մեջ գերծանրաբեռնված աշխատող արցախցի բուժքույրերի հետ։
Արդեն 12 օր Արցախում ծանր հիվանդները չեն կարողանում բուժումը շարունակելու համար Հայաստան տեղափոխվել։ Ապրիլի 29-ից հետո Ադրբեջանն արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը՝ թույլ չտալով Արցախից Հայաստան հիվանդներ հասցնել։ Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ռադիոլուրին» փոխանցեց, որ այս պահին էլ բանակցությունները շարունակվում են, գործընթացը դեռ չի վերականգնվել։ Վերջին անգամ Արցախից Հայաստան կարմիր խաչի միջնորդությամբ ապրիլի 29-ին է16 բուժառու Երևան տեղափոխվել՝ ասում է Ամատունին։
Արդեն ծանրաբեռնված ու ոչ սովորական պայմաններում աշխատող արցախյան հիվանդանոցներում հիմա իրավիճակն ավելի բարդ է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բուժքույր Անահիտ Հայրապետյանը։ Բուժքույրերի մասնագիտական տոնի առթիվ դեռ նույնիսկ իրար շնորհավորել չեն հասցրել։
«Մենք նաև ունեցել ենք, ունենք ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնց պետք է շտապօգնության մեքենաներով տեղափոխել, բայց դե ինչպես գիտեք Կարմիր խաչը միայն նստակյաց հիվանդներին էր կարողանում տեղափոխել։ Թույլ չէին տալիս շտապ օգնության մեքենայով անցնել, ստիպված բուժումը այստեղ ենք շարունակում, բայց դե հիմա էլ կան հիվանդներ, որ կարիք ունեն տեղափոխման։ Մենք փորձում ենք մեզանից կախված ամեն ինչ անել, հույս ունենք, որ մի օր ամեն ինչ լավ կլինի»,-ասում է Անահիտ Հայրապետյանը։
Այս պայմաններում անհնար է դարձել նաև Հայաստանից դեղորայքի ներկրումը Արցախ։ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի տվյալներով՝ շրջափակման պատճառով ավելի քան 1200 արցախցի զրկվել է պլանային վիրահատություններից։
«Այս պահին պլանային վիրահատությունները դադարեցված են, որպեսզի կարողանանք դեղորայքը խնայենք ավելի ծանր վիճակում գտնվող հիվանդների համար»։
Արցախցիները թե՛ հոգեպես, թե ֆիզիկապես դժվար իրավիճակում են՝ պատմում է հիվանդանոցի բուժքույրերից Արմինե Գևորգյանը։ Նա բուժաշխատողների ընտանիքում է մեծացել։ Պատմում է, որ 90-ականներին մայրը, իսկ քառօրյա ու 44-օրյա պատերազմներին ինքն էր «սպիտակ» ջոկատում կռվում։ 44-օրյա պատերազմից հետո դժվարությամբ, բայց կամաց-կամաց փորձում էինք ապրել, սակայն հարաբերական խաղաղությունը կարճ տևեց՝ ասում է Արմինեն։ Հիմա էլ աշխարհից կտրված, աշխարհի անտարբերության կենտրոնում են ապրում ու աշխատում։
«Ապրում ենք Արցախ աշխարհում մինչև այսօր։ Կարողանում ենք գոյատևել․․․ 1992-ին սրանից ավելի դժվար է եղել, ավելի վատ օրեր են եղել, ջուր չի եղել, գազ չի եղել, ալյուր չի եղել, սով է եղել, բայց, այնուամենայնիվ, մեր ոգու անկոտրում լինելը ուժ է տալիս, որ ուշադրություն չդարձնենք դժվարությունների վրա։ Այն սնունդը, որ մենք հոգեպես ստանում ենք Արցախ աշխարհում լինելով, դա արդեն ամենակարևոր սնունդն է»,-պատմում է բուժքույր Արմինե Գևորգյանը։
Շրջափակումը բժշկական օրակարգն է փոփոխել․ հիվանդանոցները լրացուցիչ սնուցման էլեկտրաէներգիայից են օգտվում, որ անջատումները չխանգարեն։
«Հոսանքի հետ միացնում են նաև կողմնակի հոսանք, որպեսզի հերթեր չլինեն, օրինակ՝ ռետնգեն բաժանմունքում կամ անալիզների հետ կապված։ Ամեն ինչ անում ենք, Փառք Աստծո, դեռ կարողանում ենք դիմակայել»։
44-օրյա պատերազմի հենց առաջին օրերից բուժքույր Արմինեի ամուսինը ռազմաճակատում էր, ինքը՝ բժշկական ճակատում։ Տիկին Արմինեն պատմում է՝ 44-օրյա պատերազմը ֆիզիկապես ու հոգեպես մի քանի անգամ ավելի բարդ աշխատանք էր պահանջում, քան քառօրյան։
«Ապրումները շատ ծանր են, հիշողությունները շատ ծանր են, հիվանդների, վիրավորների շարքերում եղել են թե՛ հարազատներ ու բարեկամներ, թե՛ հարևաններ։ Ամբողջ անձնակազմը՝ բժշկից մինչև բուժքույր, աշխատել ենք օր ու գիշեր, առանց հանգստանալու, հաց ուտելու, առանց քնելու, չենք էլ իմացել պատերազմի որերորդ օրն է, շաբաթվա որ օրն է։ Բայց նաև ոչ մի վայրկյան չենք մտածել աշխատանքը թողնելու, հեռանալու կամ այդ երեխաներին մենակ թողնելու մասին»,-ասում է արցախցի բուժքույրը։
Արցախցի բուժքույրը վստահ է, որ Արցախում դեռ հաղթանակներ են լինելու։ բուժքույրերի մասնագիտական օրվա մաղթանքն ու ցանկությունն էլ հստակ է՝ խաղաղ երկնքի տակ աշխատեն, իսկ բուժաշխատողների կարիքը լինի միայն ծննդօգնության համար։








