ԿարևորՏնտեսական

Ներկայացվել է Սևանա լճի պահպանության հարթակի ռազմավարությունը

Այսօր` մայիսի 12-ին, Գավառում տեղի է ունեցել Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի աջակցությամբ ստեղծված Սևանա լճի պահպանության հարթակի ռազմավարության ներկայացումը, որը կազմակերպվել էր «Բլեջան» ՀԿ-ի կողմից:

Սևանա լճի պահպանության հարթակը, որն արդեն գործում է վեց ամիս Գավառ համայնքում, նպատակ ունի ձևավորելու քաղաքացիների բնապահպանական պատասխանատու վարքագիծ և փոփոխելու շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունքը, ինչպես նաև նվազեցնելու և հնարավորինս լուծելու Գավառագետ և Սևան լցվող տնային տնտեսությունների արտադրական և հանրային նշանակության, գյուղատնտեսական ծագման կոյուղաջրերի/կեղտաջրերի մաքրման գործընթացի հարցը։ Հարթակի նպատակն է համախմբել հանրային և մասնավոր հատվածի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ համատեղ պատասխանատվություն ստանձնելով և համատեղ ջանքերով Սևանա լճի վրա ճնշումների նվազեցման համար:

Միջոցառմանը ներկա էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ծրագրի թիմը, Գեղարքունիքի մարզի հանրային և մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, շահագրգիռ կողմեր և մասնակից համայնքների բնակիչներ:

Նախարարի տեղակալը ողջունեց մասնակիցներին. «Սևանա լճի, որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանումը, էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգի բնականոն զարգացման ու կայուն օգտագործման ապահովումն այսօր մեր առաջնային խնդիրն է: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մոտ պետք է դեռ դպրոցական տարիքից ձևավորվի և արմատանա այն գաղափարը, որ Սևանա լճի մաքրության ապահովման համար պատասխանատու է նաև ինքը։ Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածություն, կրթական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ և այլն, հույս ունեմ, որ այս հարթակը կդառնա այն գործիքը և այն ճանապարհը, որով մենք կմոտենանք այդ մտածողության ձևավորմանը։ Շրջակա միջավայրի նախարարությունը մշտապես պատրաստ է աջակցել հարթակի գործունեությանը և անխափան աշխատանքներին»։

Հարթակի գործունեության արդեն վեց ամիսների ընթացքում մասնակիցները քննարկել և ծանոթացել են Սևանա լճի արդի իրավիճակին, ճնշումների հիմնական աղբյուրներին, ինչպես նաև Սևանա լճի հիմնախնդրով պայմանավորված ռիսկերին և դրանց հետևանքներին տարբեր ոլորտների համար: Արդյունքում ձևավորվել են թեմատիկ աշխատանքային խմբեր, որոնք համատեղ աշխատանքի արդյունքում մշակել են աշխատանքային խմբի ռազմավարություն և գործողությունների ծրագիր, որոնք էլ ներկայացվեցին միջոցառման ընթացքում «Իրազեկում» և «Ջրի որակ, կոյուղաջրեր» աշխատանքային խմբի ներկայացուցիչների կողմից, որին հաջորդեց հարց- պատասխան քննարկում:

«Ուրախ եմ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ ունեցած համագործակցության համար և ողջունում եմ ձեզ՝ բոլորիս համար այս կարևոր հանդիպմանը մասնակցելու համար։ Մեր կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում այսօր մենք հավաքվել ենք՝ քննարկելու մի շատ կարևոր խնդիր, որն առնչվում է Սևանա լճի պահպանության հարթակի ռազմավարության ներկայացմանը։ Ճիշտ է, մեր ծրագիրն ավարտվելու է հաջորդ տարի, սակայն Սևանա լիճն իր էկոհամակարգով հավերժ է լինելու։ Ուստի բոլորս պետք է ցուցաբերենք միասնականություն և մասնակցություն ունենանք Սևանա լճի առողջ պահպանությանը և որպես հետագա քայլ, համատեղ ուժերով գտնենք այն հնարավոր լուծումները, որոնք պետք է իրականացվեն, որպեսզի լճին հուզող խնդիրները հնարավորինս կարգավորվեն», — ընդգծեց Քրիստիան Հենշելը։

Միջոցառման ավարտին ս.թ. հունվարին տեղի ունեցած «Բնական ռեսուրսների ռիսկերի և գործողությունների շրջանակի» (NRAF) մեթոդաբանության առցանց եռօրյա դասընթացի մասնակիցներին հանձնվեցին դասընթացին մասնակցության վկայականները: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին իրազեկել և ծանոթացնել մեթոդաբանությանը, և կարողություններ զարգացնել օգտագործելու NRAF-ը որպես բնական ռեսուրսների կառավարմանն ուղղորդող շրջանակ, որը չափազանց կարևոր նշանակություն ունի Սևանա լճի պահպանության հարթակի հիմնման գործընթացում:

***

EU4Sevan ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի կողմից՝ որպես «ECOServe» ծրագրի մաս, և ՄԱԶԾ կողմից` Շրջակա միջավայրի նախարարության պատվիրակմամբ:

Back to top button