ԿարևորՀասարակություն

Արցախում սոցիալ-տնտեսական վիճակն օրեցօր ծանրանում է․ ի՞նչ արդյունք կտան աջակցության ծրագրերը

Արցախում փաստացի բնակվող քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը մասամբ մեղմելու նպատակով աջակցության ծրագրեր են իրականացվում։ Դրանց մի մասն ավարտվել է, մյուսները՝ որոշ փոփոխություններով ընդլայնվել։

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 11-ին արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակն է հրապարակել, որտեղ նշված է, որ նախնական հաշվարկներով փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 10 հազար 900 մարդ։ Երկրի տնտեսությանը հասցվել է շուրջ 285 մլն դոլարի վնաս։ Աջակցության ի՞նչ ծրագրեր են և ովքե՞ր են դրանց շահառուները։

Արցախում գործող «Մետաքսկոմբինատն» այս տարվա հունվարից դադարեցրել է աշխատանքը։ Շրջափակման հետևանքով10 տարվա կենսագրություն ունեցող կոմբինատը հումքի ներկրման, արտադրանքի արտահանման խնդրի առջև է կանգնել, ասում է ընկերության հաշվապահ Հարություն Մանասյանը․

«Մեր արտադրական հնարավորությունը շատ ավելի մեծ է, քան մեր տեղական սպառումը։ Բնականաբար, արտահանում ենք նաև Հայաստան։ Այս պահին, օրինակ, գորգի արտադրամասը խանութ-սրահ ունի Հայաստանում։ Եվ ինքն այս պահի դրությամբ դեռևս պաշարներ ունի, որոնք դեռևս վաճառում է։ Բայց, բնականաբար, խնդիրն օրեցօր ավելի է սրվում, որովհետև նոր արտադրանք չի կարողանում արտահանել այստեղից Հայաստան»։

Տեքստիլի, կարի, գորգի և բրդի մշակման 15 արտադրամաս այսօր չի աշխատում։ 300 աշխատող գործազուրկ է, ասում է զրուցակիցս։ Տարեկան 500 մլն դրամից ավելի արտադրություն ունեցող կոմբինատը, որպես շրջափակումից տուժած ընկերություն, պետությունից աջակցություն է ստացել․

«Պետությունն աջակցություն է տրամադրում աշխատակիցների մասով մինչև 136 հազար դրամ աշխատավարձի չափով։ Այս պահի դրությամբ մեր բիզնեսներն օգտվում են այդ աջակցությունից։ Դրանք միանվագ վճարումներ են, սակայն ամեն ամսվա համար առանձին որոշում է կայացվում։ Այսինքն, երկու անգամ արդեն միանվագ տրամադրվել է հունվար և փետրվար ամիսների համար։ Ունենք տեղեկություն, որ հիմա որոշում են նախագծում մարտի համար»։

Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար կառավարությունը աջակցության 6 ծրագիր է մշակել ու ներդրել, որոնցից երկուսն ունեն տնտեսական, 4-ը՝ սոցիալական ուղղվածություն։ Տնտեսական ծրագրերի հիմնական նպատակը աշխատատեղերի ու վարձու աշխատողների եկամուտների վճարման ապահովումն է, ինչպես նաև փոքր բիզնեսին աջակցության ցուցաբերումը։ Ծրագրերի շրջանակում ընտրվել են տնտեսության առավելապես տուժած ճյուղերը՝ շինարարություն, տարբեր արտադրություններ, մեծածախ ու մանրածախ առևտուր, հյուրանոցային ու զբոսաշրջային ծառայություններ։

Ծրագրի մանրամասները «Ռադիոլուրին» պատմում է Արցախի ՊԵԿ նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը․ «Սրանք այն ոլորտներն են, որոնց գործունեություններն առավելապես կապված են հանրապետության տարածք հումքի, ապրանքների ներկրման, արտադրանքի արտահանման հետ կամ ենթակառուցվածքների լրիվ կամ մասնակի խափանումների հետևանքով աշխատանքների ոչ լիարժեք կազմակերպման հետ»։

Պաշտոնյայի խոսքով՝ ծրագրի առաջին փուլն ավարտվել է։ Աջակցությունից օգտվել է 2154 տնտեսվարող։ Նրանց շուրջ 690 մլն դրամի աջակցություն է տրամադրվել․

«Ընդ որում, այս գումարից 33 մլն դրամը տրամադրվել է միանվագ դրամաշնորհի միջոցառման շրջանակում գործատուների կողմից 4629 վարձու աշխատողներին վճարված եկամուտների, նրանցից պահված հարկերի, սոցիալական վճարների փոխհատուցման նպատակով»։

Այս պահին Արցախի ՊԵԿ-ն իրականացնում է տնտեսական ուղղվածության 4-րդ միջոցառումը, որի շրջանակներում դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 15-ը։ ՊԵԿ-ից բացի աջակցության ծրագրեր է իրականացնում նաև Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։ Գերատեսչությունն աջակցություն է տրամադրում Արցախի շրջափակման պատճառով դեկտեմբերի 12-ից մինչև 2023-ի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված կամ աշխատանքային պայմանագրով ժամկետն ավարտված քաղաքացիներին։ Շահառուներին գումարը տրամադրվել է միանվագ, ասում է նախարարության իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Աղաբեկյանը․

«Նվազագույն ամսական աշխատավարձի չափով։ Այսինքն՝ 68.000 դրամ։ Իսկ 2022 թվականի նոյեմբերի հաշվարկված աշխատավարձի ու դրա հավասարեցված եկամուտների կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում վճարված եկամուտների մեծությունը։ Դրանից պակաս լինելու դեպքում 2022 թվականի նոյեմբերի եկամուտների չափով։ Այսինքն, եթե 68.000-ից ցածր էր աշխատավարձը, ցածրի չափով էինք վճարում, իսկ բարձր դեպքում 68.000-ի չափով ենք տրամադրել»։

Միջոցառման հաջորդ շահառուներն Արցախում փաստացի բնակվող մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներն են, որտեղ նույն ժամանակահատվածում կամ երկու ծնողներն են աշխատանքից ազատվել, կամ մեկ ծնողը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, մյուսն ազատված է աշխատանքից։ Աջակցությունից օգտվում են նաև միայնակ մայրերն ու միակողմանի ծնողազուրկ ընտանիքները, ասում է զրուցակիցս Լիլիթ Աղաբեկյանը․

«Միակողմանի ծնողազուրկին, միայնակ մայրիկին ու, եթե ծնողները երկուսն էլ աշխատանքից ազատվել են, նրանց տրվում էր 40.000 միանվագ դրամական աջակցություն, իսկ այն ընտանիքներին, որտեղ ծնողներից մեկն է աշխատում, այդ ընտանիքի յուրաքանչյուր երեխայի համար տրվում է 20.000 դրամ միանվագ աջակցություն»։

Նախարարությունը, սակայն, այսքանով չի սահմանափակվել։ Մշակվել է նոր ծրագիր, որով նախատեսվում է աջակցություն տրամադրել դեկտեմբերի 13-ից մինչև փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրածներին։ Բացի այս դրամական աջակցություններ են տրամադրվում նաև սոցիալական որոշ խմբերի՝ օգտագործված էլեկտրաէներգիայի ու բնական գազի վարձերը վճարելու համար։

Back to top button