
Պետությունը մտադիր է չեղարկել Ժողովրդական և Վաստակավոր արտիստի, Արվեստի վաստակավոր գործչի ու նմանատիպ բոլոր պետական կոչումները։ Գործող օրենքներում համապատասխան լրացումներ ու փոփոխություններ առաջարկած Արդարադատության նախարարությունում դա այսպես են բացատրում․ «այս մրցանակների հիմքում չկան չափելի ստանդարտներ, և որևէ արվեստագետի կամ մշակույթի գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ»։
«Երբ ուսումնասիրում ենք օրենքի առկա կարգավորումները և դրանց հիման վրա ձևավորված պրակտիկան, պարզ է դառնում, որ պատվավոր կոչումների շնորհման հիմքում դրված են այնպիսի չափանիշներ, որոնք օբյեկտիվորեն չափելի ու գնահատելի չեն․ օրինակ՝ Ժողովրդական արտիստ, Ժողովրդական նկարիչ, այդ ժողովրդականությունը օբյեկտիվ իրականության մեջ չափելի ու գնահատելի չէ, մենք չենք կարող ասել, օրինակ, այս չափանիշից ելնելով՝ այս նկարիչն ավելի ժողովրդական է քան մյուսը»,– մեկնաբանում է Արդարադատության նախարարության խորհրդական Էլինա Գեղամյանը։
Գործող կարգավորումներով՝ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու նախաձեռնությամբ հանդես է գալիս վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունների հիման վրա: Վաստակավոր ճարտարապետ, Վաստակավոր շինարար, Վաստակավոր բժիշկ, Վաստակավոր իրավաբան, Վաստակավոր արտիստ, նկարիչ, Արվեստի վաստակավոր գործիչ և այլն․․․ Այս շարքը կարելի է երկար շարունակել։ Փոխարենը Արդարադատության նախարարությունն առաջարկում է յուրաքանչյուր ոլորտին սահմանաված չափանիշներով ոլորտային մրցանակաբաշխություններ ու կոչումներ սահմանելու լիազորություն տալ։
«Օրինակ՝ արդյո՞ք Վաստակավոր բժշկի կոչման շնորհումը կարող է նպաստել նրան, որ բժշկական ծառայության շահառուն հասկանա, թե ով է ոլորտի ավելի լավ մասնագետը և արդյո՞ք, օրինակ, Վաստակավոր բժշկի կոչում չունենալը 15 տարի և ավելի աշխատած բժշկի պարագայում նշանակում է, որ նա չունի մասնագիտական այն որակները, որոնք ունի նման կոչում ունեցող բժիշկը»,– ասում է Արդարադատության նախարարության ներկայացուցիչը։
«Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով սահմանված են որոշակի իրավունքներ ու արտոնություններ, որոնցից օգտվում են այդ պարգևներին արժանացած մարդիկ, օրինակ՝ Ժողովրդական պատվավոր կոչման համար տրվում է ամենամսյա 40 հազար դրամ պատվովճար։ Նախարարության ներկայացուցիչը բացատրում է՝ օրենքի փոփոխությունը, բնականաբար, հետադարձ ուժ չունի՝ պատվավոր կոչումների արժանացած գործիչները կշարունակեն օգտվել իրենց արտոնություններից ու նաև ֆինանսական պարգևից։
«Նախագծի ընդունումը նույնիսկ չի նշանակելու, որ այլևս ոլորտի լավագույն մասնագետներին խրախուսելու գործիքակազմեր մենք չենք ունենալու։ Մենք շարունակում ենք պահպանել պետական պագևները, օրինակ՝ կրթության ոլորտում Մխիթար Գոշ պարգևը պահպանվելու է, որը ևս խրախուսման գործիքակազմ է»։
Մինչև պետական կոչումներից հրաժարվելը պետք է ուսումնասիրել, հետհայացք գցել ու հասկանալ դրանց ստեղծման պատճառները՝ ընդգծում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Խորհրդային տարիներին դա արվեստի գործիչներին, մշակույթի գործիչներին մի ընդհանուր գաղափարի «ճիրաններում» պահելու հնարավորություն էր՝ ընդգծում է փորձագետը, բայց դրան զուգահեռ նաև դրական բաղադրիչ էլ կար։
«Սրանով Խորհրդային Միությունը փորձում էր, այսպես ասած, հերոսներ ու հերոսների մոդելներ ստեղծել նոր սերնդի համար։ Հետևաբար, խորհրդային տարիներին հերոսները մանկավարժներ էին, բժիշկներ էին, ճարտարապետներ ու նկարիչներ էին, և դրանով Խորհրդային Միությունը ուղերձ էր հղում, որ երեխաներ, դուք էլ սովորեք, որ դուք էլ Արամ Խաչատրյանի, Մհեր Մկրտչյանի, մյուսների նման հայտնի մտավորականներ դառնաք։ Իսկ այսօրվա հերոսներն ովքե՞ր են՝ փող ունեցող, հարց լուծող, գողական մարդիկ»,– ասում է Սերոբ Խաչատրյանը։
Օրենսդրական փոփոխությունների նախագիծը առայժմ հանրային քննարկման փուլում է։ Հեղինակ գերատեսչությունը շահագրգիռ մարմիններից դիրքորոշում ստացել է միայն Գիտությունների ազգային ակադեմիայից՝ առաջարկել են երկար մտածել, և կոչումները վերացնելու փոխարեն, մշակել նոր չափորոշիչներ։
Իհարկե, չափելիության սկզբունքը պահպանելը դժվար է, բայց այդ կոչումներն առաջին հերթին պետք են հենց հասարակությունը՝ ասում է Սերոբ խաչատրյանը։ Գործադիր մարմնից էլ արձագանքում են՝ իրենք չեն հրաժարվում ոլորտի լավագույններին խրախուսելուց, պարզապես խմբագրում են մոտեցումները։




