ԿարևորՔաղաքական

Բաքուն փորձում է հրաժարվել եվրոպական ընդլայնված բանակցություններից․ առաջին քայլը Սոթքի սադրանքն է

Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան Հայաստանի ԶՈւ գործողությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանը որակել որպես «գրագետ և ադեկվատ»։ Փաշինյանը նաև համարում է, որ այդ քայլերի շնորհիվ է Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել։ Բայց նա դեռ վաղ է համարում իրադրությունը լիարժեք կայուն գնահատել: Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը կտրականապես հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկությունը, որ իրավիճակը սրվել է հայկական կողմի գործողությունների հետևանքով։ Նա հիմնավորել է, թե ինչու է համոզված, որ Ադրբեջանն այս փուլում գնում է մտածված և ծրագրված սադրանքների։

Սոթքում ադրբեջանական սադրանքի պատճառով վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի չեղարկի իր կիրակնօրյա այցը Բրյուսել, որտեղ նա խաղաղության օրակարգի շուրջ պատրաստվում է բանակցել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Փաշինյանը քիչ հավանական է համարում այդ օրը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման փաստաթղթի ստորագրումը․

«Որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել։ Մյուս կողմից, խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման»։

Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքը, սակայն, այս ուղղությամբ ավելի շատ խոչընդոտներ է ստեղծում քան նպաստում է իրավիճակի կայունացմանը։ Սադրիչ գործողությունները նա առաջին հերթին կապում է վաշինգտոնյան բանակցությունների արդյունքների և ապագայում սպավող բանակցությունների հետ։ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որը գրանցվել է մայիսի 1–4 Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։ Նա կարծում է, որ Ալիևը նպատակ ունի խաթարել նաև Բրյուսելի եռակողմ և հունիսի 1–ին Քիշնևում նախատեսված հնգակողմ բանակցությունները։

Վարչապետը իր խոսքում չնշեց Մոսկվայում ազդարարված հանդիպման մասին։ Թերևս պատճառն այն է, որ հստակ ժամկետ հայտնի չէ, թեև նշվել է, որ Մոսկովյան հանդիպումը կլինի Բրյուսելից հետո։

 «Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար։ Իսկ էսկալացիաները օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա»։

Ուշագրավ է, որ այս ամենի ֆոնին նկատելի են նաև Ադրբեջանի փորձերը հետ կանգնելու Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հունիսի 1–ին Քիշնևում արդեն համաձայնեցված հանդիպումից։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն համաձայնություն է տվել միայն մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը, բայց ոչ՝ Քիշնևի։ Մինչդեռ դեռ շաբաթներ առաջ Հայաստան կատարած այցի ժամանակ Քիշնևում հավանական հանդիպման մասին առաջինը խոսել էր Ֆրանսիայի արտգործնախարարը։

Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով բանակցություններից առաջ կասկածի տակ է դնում ֆունդամենտալ պայմանավորվածությունները։ Փաշինյանը խոսում է 2022 թվականի Պրահայի և Սոչիի պայմանավորվածությունների մասին։

«Այդ փաստաթղթերում ընդգծվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմա Աթայի Հռչակագրի հիման վրա։ Հարց, որը ծագում է այս համատեքստում հետտևյալն է․ եթե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածի վրա։ Մանավոնդ, որ 2022–ի Սոչիի եռակողմ հայտարարության համաձայն կողմերը պետք է զերծ մնան ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից։ Ադրբեջանը այսօր նույնպես կոպտորեն խախտել է այս գրավոր հրապարակային պայմանավորվածությունները և, ընդհանրապես, դժվար է հիշել մի համատեղ ընդունված փաստաթուղթ, որ Ադրբեջանը այս ընթացքում չի խախտել»։

Ադրբեջանի հետ շփման փորձը Փաշինյանին հուշում է հավանական մեկ այլ նպատակ ևս․ միջազգային և հայաստանյան հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով, այդպիսով մոռացության տալով հին խնդիրը։

«Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է։ Սեպտեմբերյան ագրեսիան մոռացության փորձ արեցին կեղծ «բնապահպանական» ակտիվիստներով Լաչինի միջանցքը արգելափակելու միջոցով։ ԼՂ–ում հաստատված հումանիտար ճգնաժամը մոռացնելու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում Հայաստանի պետական սահմանը հատելու միջոցով։ Տեղի հատվածում սահմանի խախտումը մոռացության տալու փորձ արեցին Լաչինի միջանցքում անցակետ դնելու միջոցով։ Սոթքում, իրադրությունը սրելով, նրանք փորձում են մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը։ Ի հեճուկս Ադրբեջանի փորձերի, այս բոլոր հարցերը, բնականաբար, շարունակում են մնալ մեր առաջնային օրակարգում։ Միջազգային հանրության հետ մեր ակտիվ կոմունիկացիան այս թեմաների վերաբերյալ պետք է շարունակվի»։

Սոթքում իրավիճակի լարվածության առիթով հայտրարություններով հանդես են եկել նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները։ Ադրբեջանը շտապել է Հայաստանին մեղադրել բանակցային գործընթացը խաթարելու մեջ։ Հայաստանի արտգործնախարարության հայտարարությամբ՝ պաշտոնական Երևանը Բաքվին կոչ է անում դադարեցնել Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն փորձերը։

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Ադրբեջանը փորձում է բանակցություններում իր պայմանները թելադրել Հայաստանին։ Որքա՞ն կարող է շարունակվել այս իրավիճակը կամ դեռ որքա՞ն Ադրբեջանին թույլ կտրվեն նման գործողությունները հարցին՝ Մարուքյանը պատասխանում է․

«Դա կարող է շարունկվել այնքան, քանի դեռ խաղաղություն չի եկել մեր տարածաշրջան։ Վարչապետի հայտարարություններին ավելացնելու բան չունեմ։ Եթե բան լինի, հավելյալ կասենք։ Հայաստանում բոլոր իշխանությունների օրոք՝ 91 թվականից սկսած, մենք ունեցել ենք զոհեր։ Որովհետև 1991 թվականից սկսած մենք պատերազմի մեջ ենք, մենք խաղաղություն չենք ունեցել։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երկիրն այս վիճակից հանենք»։

Խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը սոցցանցում է անդրադարձել խնդրին։ Նա հիշեցնում է, որ

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով արդեն մեկ ամիս է Սոթքի հանքը չի աշխատում: Աբրահամյանը հստակեցնում է, որ մարտական դիրքերի մի մասն անցնում է հենց հանքի տարածով, տեղում դիրքեր ունեն և´ հայկական, և´ ադրբեջանական կողմերը: Պատգամավորը նշում է, որ Սոթքի ուղղությունն Ադրբեջանին հետաքրքիր է և´ կոնկրետ հանքի, և´ դիրքային առումով։

Կարդացեք նաև

Back to top button