ԿարևորՀասարակություն

«Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրով Արմավիրի մարզում սոցիալական ծառայությունների հիմք է դրվում

Արմավիր և Մեծամոր խոշորացված համայնքներում արդեն մի քանի ամիս երկու հասարակական կազմակերպություններ սոցիալական նոր ծրագրեր են իրականացնում, որոնց շահառուները հաշմանդամութուն ունեցող անձինք են և սոցիալապես անապահով ընտանիքները: Այս ծառայությունները հետագայում շարունակելու և պատվիրակելու են համայնքապետարանները՝ մշակելով տեղական սոցիալական պլաններ, որոնք տեղ կգտնեն համայնքների զարգացման ծրագրերում:

«Մարդ» սոցիալական ծառայությունը  պետք է հասանելի լինի բոլոր համայնքներում՝ կարծում է Սոցիալական աշխատողների միության նախագահ Միրա Անտոնյանը: Սոցիալական աշխատանքը համայնքներում սկսվում և ավարտվում է միայն սոցիալական նպաստ կամ աջակցության գումար տրամադրելով, իսկ սոցիալական ծառայություններ չեն մատուցվում: Բացը փորձում են լրացնել Եվրամիության «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրով: Համայանքային միջոլորտային խմբի անդամ Արմինե Գրիգորյանը ներկայացնում է ծառայություների հիմնական ուղղությունները.

«0-ից մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության կենտրոն, 18 պլյուս հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության կենտրոն, սոցիալապես անապահով ընտանիքների աջակցություն և տարեցների խնամքի կենտրոն»:

Հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու երկարամյա փորձ ունի «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպությունը, որը ստանձնել է Մեծամոր համայնքի 31 բնակավայրերի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների սոցիալական աջակցությունը: Կենտրոնի շահառուները ներառվում են հասարկական կյանքին՝ ասում է «Հույսի Մեծամոր» ՀԿ նախագահ Մարգարիտա Սեդրակյանը.

«Կենտրոնում ունենք հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն, արտթերապիա, լոգոպետիա, հատուկ մանկավարժություն: Համայնքում և համայնքից դուրս կազմակերպում ենք հանրային միջոցառումներ, որտեղ ներգրավում ենք մեր շահառուներին ու իրենց ծնողներին: Կազմակերպում ենք ծնողական սեմինարներ հաշմանդամություն ունեցող անձանց ծնողների և համայնքային տարբեր խմբերի համար»:

Մեծամորի աշխատանքային խումբը մասնագետների համալրման կարիք ունի՝ նշում է Արմինե Գրիգորյանը.

«Մեր աշխատանքային թիմն ունի հոգեբան, լոգոպետ և արտթերապևտ, ակնկալում ենք ունենալ հատուկ մանկավարժ,  ֆիզիոթերապևտ, որի կարիքը մեծ է և խմբավարներ, որոնք աշխատելու են երեխաների հետ»:

«Հույսի Մեծամորը» տեղափոխման դժվարություններ ունեցող շահառուներին շարժական սոցիալական ծառայություն է մատուցում. մասնագետներն իրենք են հաճախում շահառուի տուն և տեղում կազմակերպում աշխատանքները: Մեծամորի համայնքապետարանի սոցիալական ու առողջության բաժնի մասնագետ Հասմիկ Հարությունյանը տնայցերի միջոցով պարզել է աշխատանքի դրական ազդեցությունը.

«Ծնողների համոզմամբ՝ երեխաների համար ավելի լավ է, երբ ծառայությունները ստանում են Մեծամորի կենտրոնում: Շարժական ծառայությունն ամսական երկու անգամ երեխաներին գյուղից բերում է Մեծամոր ու տանում»:

Արմավիրում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական ծառայություն է մատուցում «Երիտասարդական ավանգարդ» հասարակական կազմակերպությունը՝ 11 բնակավայրերում ձևավորելով երեք կենտրոններ, որտեղ մատուցում են սոցիալ-հոգեբանական ծառայություններ: Հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մատինյանը կարևորում է տնտեսական հզորացման բաղադրիչը.

«Մենք հաշվի ենք առել նաև գործազրկության բարձր մակարդակը և ցանկանում ենք, որ նպաստառու ընտանիքները տնտեսապես ավելի անկախ ու կայուն լինեն: Մենք բացել ենք կարի ու մաքրամեի երկու խմբակ, որտեղ շահառուները ստանում են նոր գիտելիքներ ու հմտություններ»:

Այդ հմտությունները նոր աշխատանքի հնարավորություն են ստեղծում: Երկու երեխայի մայր Անժելա Վարդանյանը այդ ծրագրի շահառուներից է: Ընտանիքում միայն ամուսինն է օրավարձով աշխատում։ Անժելան ցանկացել է մասնագիտություն սովորել և հիմա մաքրամեի դասերի է հաճախում։ Խմբավար Ռուզաննա Մատինյան. «Չորս թելից կենտրոնի երկու հատը թողնում ենք անշարժ, գործում ենք երկու կողայիններով»:

Շահառու Անժելա Վարդանյան. «Ներկա պահին կարի խմբակը դեռ չի գործում, իսկ մաքրամեի դասընթացներն իրականացվում են. պայուսակներ ենք գործում, թևնոցներ, մազակալներ: Այս գործով ես կարող եմ, որպես անհատ տանը նստած առցանց աշխատել»:

Սոցիալական աշխատողների միության նախագահ Միրա Անտոնյանը հուսադրող է համարում Արմավիրի մարզում իրականացվող «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագիրը, որն օգնում է համայնքներում սոցիալական ծրագրերի մշակմանն ու ուղորդում հետագա գործունեությանը: «Տարածքային կառավարման նախարարությունը ցանկացել է տեղեկանալ բոլոր տարածքային տեղական սոցիալական պլանների ու դրանց մեթոդաբանության մասին:

Սա նշանակում է, որ այս ծրագիրն իրենց հետաքրքրում է, բայց կարևոր է, թե նախարարությունն ինչպիսի կարգավորումներ է նախատեսել, որպեսզի խոշորացված համայնքներում տեղական սոցիալական պլանների մշակումն ու իրականացումը դարձնեն սովորական աշխատանքային ոճ, ոչ թե պիլոտային ծրագրի շրջանակներում արվող գործ»:

Արմավիր և Մեծամոր համայնքներում «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագիրն իրականացվելու է մեկ տարով, որը շարունակելու են համայնքապետարանները: Տեղական սոցիալական պլանները տեղ են գտնելու համայնքների զարգացման ծրագրերում, և բյուջեում հատկացումներ են  կատարելու՝ սոցիալական ծառայությունները պատվիրակելու համար:

Back to top button