ԿարևորՔաղաքական

Բաքուն շտապում է՝ բարենպաստ շրջանի ավարտը զգալով․ քաղաքագետ

Եվրոպական Խորհրդի նախագահի աշխատակազմը պաշտոնապես հաստատել է, որ մայիսի 14-ին Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ  Եվրոպական Խորհրդի նախագահը շարունակում  է սերտ շփումները Երևանի եւ Բաքվի հետ՝ Հարավային Կովկասում կայունության և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերն առաջ մղելու համար։

Բրյուսելյան հանդիպումից մի քանի օր անց էլ՝ մայիսի 19-ին, Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Այս տեղեկությունն էլ հաստատում է արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մայիսի 1-ից 4-ը բանակցում  էին Վաշինգտոնում, մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, դրանից հինգ օր հետո էլ Մոսկվայում  բանակցություններ կլինեն Միրզոյանի ու Բայրամովի մասնակցությամբ։

Բրյուսելյան և մոսկովյան հանդիպումների մասին լուրերն արդեն պաշտոնապես հաստատվել են։ Եվրոպական Խորհրդի նախագահի աշխատակազմը հայտնել  է, որ մայիսի 14-ին Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։ Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ քննարկումները կուղեկցվեն Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմամբ՝ 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

Ղեկավարները պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ կլինի՝ ընթացիկ զարգացումներին և բրյուսելյան հանդիպումների օրակարգային հարցերին անդրադառնալու համար:

Նախագահ Շառլ Միշելը մտադրիր է հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին երկրորդ անգամ հանդիպելու Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա արդեն  2023 թվականի հոկտեմբերին Գրանադայում՝ նշվում է հաղորդագրության մեջ: Ստացվում է, որ առաջիկա վեց ամսվա ընթացքում երեք անգամ միայն ԵՄ շրջանակում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Մինչ այդ երկու երկրների արտգործնախարարները քառօրյա բանակցություններ էին վարել Վաշինգտոնում։ Դրանց ավարտից հետո  կողմերի հայտարարությունները զուսպ էին։ Բաքվի առաջին արձագանքն այն էր, որ սպասելիքները չեն արդարացել ։ Այսօր, սակայն, բրյուսելյան հանդիպումից մի քանի օր առաջ շեշտադրումները փոխվել են։ Ադրբեջանի արտգործնախարարը նշում է, թե դադարից հետո առաջնորդների հանդիպումը դրական պահ է և հավանաբար քիչ է մնացել սպասելու բանակցությունների արդյունքներին։

 «Չի կարելի ասել, որ մենք լիովին պայմանավորվել ենք։ Կողմերի դիրքորոշումների միջև  բավականին տարբերություններ կան, սակայն այդ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղ համաձայնագրի առանձին կետերի շուրջ։ Մենք ևս մեկ քայլ առաջ ենք կատարել»,- ասել է Բայրամովը։Քաղաքագետ Արա Պողոսյանը Բայրամովի հակասական հայտարարությունները Բրյուսելից առաջ՝ քարոզչական հնարք է որակում, բացի դրանից, կարծում է, որ  Բաքուն ու Թուրքիան լուրջ պատճառներ ունեն փաստաթղթի հարցում շտապողականություն դրսևորելու համար։

«Քարոզչական հնարք է, նպատակ ունի հասարակության տրամադրությունները ստուգել և Բրյուսելից առաջ ազդեցություն գործել Հայաստանի վրա։ Աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել և դրանով է պայմանավորված Բաքվի շտապողականությունը»։ 

Պատահական չէ նաև, որ Ալիևը հայտարարում է, որ  2023 թվականի պետական բյուջեն վերանայելիս կավելացվի պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը։ Նա նշել է, թե  Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրենք կանգ չեն առել։  Պետք է միշտ պատրաստ լինել, սպառնալիքներն աճում են, վտանգը մեծանում, և պետք է կարողանալ հաղթահարել ցանկացած սպառնալիք»,- ասել է Ալիևը Շուշիի իր ուղերձում։

Քաղաքագետը պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացումն ու Բաքվի շտապողականությունը համաձյնագրի փաստաթղթի շուրջ բացատրում է Ադրբեջանի առաջ ծառացած  լուրջ մարտահրավերների ավելացմամբ։ Նկատում է, որ ներքաղաքական ճգնաժամ է հասունանում Ադրբեջանի դաշնակից համարվող Պակիստանում , որտեղ փոփոխությունները Բաքվի ու Թուրքիայի քաղաքական շահերից  չեն բխում։ Բացի դրանից,  ըստ նրա, Թուրքիայում ընտրություններից հետո կտեսնենք «երերուն էրդողանի»։ Ադրբեջանի համար բարենպաստ ժամանակաշրջանը ավարտվում է՝ ասում է վերլուծաբանը։

«Բրյուսելը ամենա ոչ բարենպաստն է, այնտեղից հայտարարում են, որ չեն պատրաստվում ճնշում գործադրել Բաքվի վրա։ Մոսկվայում հնարավոր է որոշակի փոփոխություն, նպատակը գործընթացն իրենց ձեռքը պահելն է»։

Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը խոսում է Հայաստանի հնարավորությունների մեծացման մասին, քանի որ Թուրքիայում ընտրություններից հետո համակարգային ճգնաժամ է ակնկալում․

«Կհաղթի թե կպարտվի Էրդողանը էական չէ, Թուրքիան մտնում է համակարգային ճգնաժամի մեջ և չի կարողանա նույնքան ակտիվ օժանդակել Ադրբեջանին։ Դրա համար պետք է գնալ Բրյուսել և փորձել լուծումներ գտնել ոչ թե Մոսկվայում ու Թուրքիայում այլ ուրիշ մայրաքաղաքներում՝ Բրյուսել, Վաշինգտոն, Պեկին»։

Այդուհանդերձ Հրաչյա Արզումանյանը նկատում է, որ իրավիճակը տարածաշրջանում կախված է Թուրքիայի ու Ռուսաստանի զարգացումներից։  

Back to top button