ԿարևորՀասարակություն

Թուֆենկյան Հիմնադրամը ընդլայնում է Արցախի պարենային անվտանգության ծրագիրը

Գյուղացիներին ավելի քան 150 տոննա սերմնացու բաժանելու նոր ծրագիր

Համաձայն Արցախի Գյուղատնտեսության Նախարարության Գյուղի Աջակցության Հիմնադրամի (ԳԱՀ) հետ ստորագրած պայմանագրի, Թուֆենկյան Հիմնադրամը սուբսիդավորել է 154 տոննա առաջին անհրաժեշտության մշակաբույսերի սերմնացուների բաշխումը, որպեսզի դրանք անվճար տրամադրվեն Արցախի բոլոր գյուղացիներին: Այս նախաձեռնությունը հանդիսանում է ավելի մեծ ծրագրի մաս, որը Թուֆենկյան Հիմնադրամը և Գյուղատնտեսության Նախարարությունը համատեղ իրականացնում են՝ օգնելու Արցախին դառնալ ավելին ինքնաբավ:     

Սերմերը ներմուծվել են մինչև ադրբեջանական ռեժիմի  ապրիլի վերջին Արցախն Հայաստանին կապող միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը: ԳԱՀ հետ համագործակցությամբ անվճար բաժանվում են հնդկաձավարի, ոլոռի, ոսպի և կտավատի սերմեր այն բոլոր Արցախի գյուղացիներին, ովքեր ունեն մինչև 1,5 հեկտար հողատարածք: Կենդանիների կերերի համար օգտագործվող առվույտի և կորնգան բույսերի սերմերը ևս անվճար բաժանվել են գյուղացիներին:

  «Սա շատ կարևոր քայլ է Թուֆենկյան Հիմնադրամի կողմից՝ օգնելու թեթևացնել գյուղատնտեսության ոլորտում մեր առջև ծառացած մարտահրավերները», — ասում է ԳԱՀ-ի գործադիր տնօրեն Վալերի Ղազարյանը: «Իհարկե, Թուֆենկյան Հիմնադրամը առաջին անգամը չէ, որ նման ծրագրերով հանդես է գալիս Արցախում։ Նրանք նպաստել են նաև սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային և այլ ծրագրերի զարգացմանը»,- շարունակում է նա։

Արցախի պարենային մթերքների արտադրական հզորության մեծացման անհրաժեշտությունը աճել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման պատճառով։ Շրջափակումը շարունակվում է ավելի քան հինգ ամիս՝ առաջացնելով սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների խիստ պակաս։

«Շարունակվող ճգնաժամի պայմաններում մենք կշարունակենք համագործակցել Արցախի կառավարության և գյուղացիների հետ՝ օգնելով ապահովել այդքան անհրաժեշտ պարենային անվտանգությունը», — ասել է Թուֆենկյան Հիմնադրամի գործադիր տնօրեն Գրիգոր Պետեանը։ «Մենք հպարտ ենք, որ ունենք առատաձեռն աջակիցներ, որոնց անսասան նվիրվածությունն Արցախին օգնում է հնարավոր դարձնել նման արդյունավետ ծրագրեր», — եզրափակեց նա:

Ապրիլ ամսին Թուֆենկյան Հիմնադրամը Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և «Հայկական ծառ» ծրագրի հետ համատեղ 90 տոննա կարտոֆիլի սերմացու է տրամադրել Արցախի Մարտունու շրջանի գյուղացիներին։ Թուֆենկյան Հիմնադրամը շարունակում է իր աշխատանքը Արցախի Գյուղատնտեսության նախարարության հետ՝ մշակելով այլ ծրագրեր, որոնք ուղղված են Արցախի պարենային անվտանգության և ինքնաբավության բարձրացմանը։

 «Կարևոր է, որ մենք բոլորս այս կրիտիկական պահին կանգնենք Արցախի ժողովրդի կողքին և ցուցաբերենք անհրաժեշտ օգնությունը»,-ասել է Պետեանը։ «Որքան էլ կարևոր լինի մեր նյութական օգնությունը, բարոյական աջակցությունն ու քաջալերանքը ունեն նույնանման նշանակություն»,- եզրափակել է նա։

Թուֆենկյան հիմնադրամը, որը հիմնադրվել է 1999 թվականին, անդրադառնում է Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) առջև ծառացած ամենահրատապ սոցիալական, տնտեսական, մշակութային և բնապահպանական մարտահրավերներին: Իր հիմնադրումից ի վեր Թուֆենկյան Հիմնադրամն աջակցել է համայնքային տարբեր նախաձեռնությունների, ինչպես նաև քաղաքացիական ակտիվության և հանրային շահերի պաշտպանության արշավների՝ օգնելով բարելավել կյանքը Հայաստանում և միաժամանակ ստեղծելով արցախահայության համար բնակարանային, կրթական, սոցիալական, առողջապահական և ապրուստի լավ պայմաններ:

Կարդացեք նաև

Back to top button