ԿարևորՀասարակություն

Աբովյան փողոցի բակերից մեկում տեղադրված հուշակոթողը կհիշեցնի՝ տղաները Հայաստանի ու Արցախի համար են զոհվել

Աբովյան փողոցի բակերից մեկում տեղադրված հուշակոթողը անցորդներին հիշեցնելու է 44-օրյա պատերազմի հերոս Տիգրան Պողոսյանին։ Հուշակոթողի հեղինակը Կամսար Բարսեղյանն է, որի որդին ևս զոհվել է 44-օրյա պատերազմում։ Տիգրանն անմահացել է Հադրութում՝ վիրավոր ընկերոջը վիրակապելիս։

Նրան ասում էին «Օk, Google»։ Նա ամեն հարցի պատասխան ուներ։  Տիգրանը սովորում էր Սլավոնական համալսարանում, մի քանի լեզուների էր տիրապետում, աշխատում էր գովազդային ընկերությունում, բազմաթիվ հաջողություններ էր գրանցել։ Հայկ Սիմոնյանի հետ աշխատանքային գործընկերներ են եղել։

«Երբ որևէ հարց էր լինում, Տիգրանը շատ անհավանական հարցերի տալիս էր ճշգրիտ պատասխաններ»։

Ծառայության մեկնեց «Ես եմ» ծրագրով։ Հայրը՝ Լևոն Պողոսյանը, ասում է՝ որդին աշխատանքի առաջարկներ ուներ արտերկրից, բայց դրանք մերժում էր՝ ծառայությունն առաջնային համարելով։

«Ասում էր՝ ուր գնամ, սա իմ երկիրն է, ու ես այստեղ պետք է մնամ»։

«Ծովինար՝  հենց այսպես էր մայրիկին դիմում Տիգրանը։ Մոր հետ շատ կապված էր, նրան էր վստահում իր ամենանվիրական երազանքները։ Ամենամեծ երազանքը տասը որդի ունենալն էր և ոչ միայն։ Այսօր տիկին Ծովինարին ապրելու ուժ տալիս է մյուս որդին։

«Տիգրանից հետո շատ բարդ է։ Ես ունեմ մի տղա, որի համար եմ ապրում։ Կյանքիս մեծ մասը պոկվել ու կորել է։ Սա ապրել չի, հատկապես երբ տեսնում եմ՝ ինչ է կատարվում երկրում։ Մենք կորցնում ենք մեր երկիրը․․․»։

Տիգրանը 2020-ի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 14-ը եղել է Աղդամ –Մարտակերտ առաջնագծի  դիրքերում։ Հոկտեմբերի 15-ին «Ես եմ» ծրագրի  ծառայողների  4-րդ վաշտը  տեղափոխվել է  Հադրութի մոտակայքում գտնվող Թութակի ձորը։  Հոկտեմբերի 16-ին  այստեղ կատաղի մարտեր են ընթացել։ Երբ վաշտը սկսել է նահանջել, Տիգրանը ռադիոկապով  տեղեկացել է, որ ընկերը վիրավոր է ու շտապում է ընկերոջն օգնության։ Վիրակապելիս զոհվել է թշնամու գնդակից։ 

«Այնտեղ իրեն ասել են՝ մի գնա, այդ տղան արդեն մահացու վիրավորում է ստացել։ Ասել էր՝ չէ, ես պետք է գնամ։ Ինքը 25 տարեկան էր ու 18-20 տարեկանների նկատմամբ մեծ պատասխանատվություն էր զգում։

Ամեն անգամ, երբ Արցախից զանգում էր ընկերներին ու ծնողներին, ասում էր, որ  ծառայությունից հետո մի երկու շաբաթ մնալու է Արցախում։

«Ինքը շատ սիրում էր Արցախը ու դրա համար էլ գնացել, այդտեղ էր ծառայում։ Ինքն արժեքներ ուներ»։

Այսօր Տիգրանի հիշատակը հավերժացնող հուշակոթողը նրա մանկության բակում է՝ Աբովյան –Սայաթ Նովա խաչմերուկին հարակից տարածքում։  Այն կառուցվել է բակի բնակիչների ու Doping ընկերության միջոցներով։ Հուշակոթողի  քանդակագործը Կամսար Վարդանյանն է, որի որդին նույնպես զոհվել է 44-օրյա պատերազմում։ Տիգրանի հայրը լիահույս է, որ հուշակոթողը մարդկանց կհիշեցնի Տիգրանի  ու մյուս հերոսների արածը։

«Մեր տղաները կռվել են հաղթելու համար, նրանք չեն զոհվել հանուն ոչնչի։ Նրանք զոհվել են հանուն մեր պետականության, որը հիմա վտանգված է։ Ես հույս ունեմ, որ մարդիկ անտարբեր  չեն լինի այս ամենի նկատմամբ»։

Լևոն Պողոսյանը հիշում է Չերչիլի խոսքերն ու շեշտում՝ մեր տղաները արյուն են թափել Հայաստանի ու Արցախի համար։

«Չերչիլն ասում էր, երբ ընտրում եք պայքարի նվաստացումը, ստանում եք և նվաստացում և պատերազմ։ Կարող ենք հազար օրինակ բերել․ վանեցիները պայքարել են ողջ են մնացել։  Որտեղ չի եղել պայքար, եղել է նվաստացում, ամեն ինչ կորցրել ենք»,-ասում է Լևոնի հայրը։

Կարդացեք նաև

Back to top button