
Մոսկվայի Կարմիր հրապարակում կազմակերպված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զուգահեռներ է անցկացրել այսօր ընթացող ռուս-ուկրաինական ու Հայրենական Մեծ պատերազմների միջև և նշել, որ Ռուսաստանի դեմ կրկին իսկական պատերազմ է սանձազերծվել։
Հաղթանակի օրվա առիթով կազմակերպված զորահանդեսին Մոսկվայում ներկա է եղել նաև Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարները։
Հայրենական մեծ պատերազմի տարելիցը հիշել են նաև Ուկրաինայում, բայց ՝ Եվրոպայի օրվա շրջանակում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այսօր, «ինչպես 80 տարի առաջ, Ուկրաինան պայքարում է տոտալ չարի դեմ՝ հանուն թե՛ իր, թե՛ ամբողջ Եվրոպայի ապագայի»։
Ռուսաստանի դեմ կրկին իսկական պատերազմ է սանձազերծվել՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրվա առիթով Կարմիր հրապարակում կազմակերպված հանդիսության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուս-ուկրաինական պատերազմի մասին խոսելով՝ նա զուգահեռ հիշեցրել է Հայրենական Մեծ պատերազմի տարիները, նշել է, որ հսկայական զոհաբերությունների գնով պատերազմի մասնակիցները խիզախություն դրսևորելով փրկել են մարդկությանը նացիզմից: Այսօր էլ, ըստ Պուտինի, Մոսկվան խաղաղության կողմնակից է, և գերազանցության ցանկացած գաղափարախոսություն զզվելի է, հանցավոր ու մահացու։ Ռուսաստանի հակառակորդները դասեր չեն քաղել անցյալի իրադարձություններից՝ ասել է ՌԴ նախագահը։
«Ռուսաստանի համար անբարյացակամ, թշնամական ժողովուրդներ չկան ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում։ Մենք ցանկանում ենք տեսնել խաղաղ, ազատ ու կայուն ապագա։ Գերազանցության ցանկացած գաղափարախոսություն զզվելի է, հանցավոր ու մահացու։ Բայց արևմտյան գլոբալիստները խոսում են իրենց բացառիկության մասին, իրար դեմ են տրամադրում մարդկանց, հրահրում արյունալի հակամարտություններ ։ Ռուսաստանի հակառակորդները գուցե մոռացել են ու դասեր չեն քաղել անցյալ դարի կեսերի իրադարձություններից։ Նրանք մոռացել են թե ինչի հանգեցրեցին նացիստների խելահեղ հավակնությունները»։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ հենց Արևմուտքի այս քաղաքականությունն է հանգեցրել Ուկրաինայի հակամարտությանը։
«Չափազանց հավակնությունները, ամբարտավանությունն ու ամենաթողությունը անխուսափելիորեն վերածվում են ողբերգությունների, սա է այն աղետի պատճառը, որն այժմ ապրում է Ուկրաինայի ժողովուրդը»։
Ռուսաստանը նշում է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրը, Ուկրաինան՝ Եվրոպայի օրը։ Այդ առիթով Կիև է ժամանել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ «Հաճելի է վերադառնալ Կիև, որտեղ մեր արժեքները պաշտպանվում են ամեն օր: Սա այնքան լավ վայր է Եվրոպայի օրը նշելու համար»,-գրել է եվրահանձնաժողովի ղեկավարը թվիթերյան իր էջում։ Նա նաև Կիևի երկաթուղային կայարանից ժամանման լուսանկար է հրապարակել, գրառմամբ, որ Եվրահանձնաժողովը շարունակում է անել ամեն ինչ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «պատերազմական մեքենան» և դրա ֆինանսավորումը քայքայելու համար։ Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստել և ԵՄ անդամ երկրներին է ներկայացրել Մոսկվայի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ է ներկայացրել Գերագույն ռադա, որով առաջարկվում է մայիսի 9-ը սահմանել որպես Եվրոպայի օր։ Նա հայտարարել է, որ այսօր, «ինչպես 80 տարի առաջ, Ուկրաինան պայքարում է տոտալ չարի դեմ՝ հանուն թե՛ իր, թե՛ ամբողջ Եվրոպայի ապագայի»։
Իսկ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Կարմիր հրապարակում կազմակերպված ռազմական շքերթին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն էլ իսպանական պարբերականին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հասնելու հնարավորություն չի տեսնում, քանի որ երկու կողմերն էլ համոզված են, որ կարող են հաղթել։




