ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Քրիս Բոջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը՝ ամերիկյան հասարակության ուշադրության կենտրոնում

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

Քրիս Բոջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը շարունակում է մնալ ամերիկյան հասարակության ուշադրության կենտրոնում: 2012թվականին բեսթսելլեր հռչակված վեպը մինչև այօր էլ ամենից շատ կարդացվող գրքերի ցանկում է: Ամերիկյան Գլենդեյլ քաղաքի գրասերների ակումբը նույնպես այդ գիրքն է ընտրել` իբրև վերջին շրջանի լավագույն նովել: Քաղաքապետարանի միջնորդությամբ, Քրիս Բոջալյանն ացելել է գլենդեյլցի ընթերցողներին, պատասխանել նրանց հարցերին:

Քրիս Բոջալյանին Գլենդեյլում ոգևորությամբ սպասում էին ոչ միայն հայ ընթերցողները. քաղաքի գրասերների ակումբի անդամները հենց հայ գրողի պատմական սիրավեպն էին ընտրել` իբրև վերջին շրջանի ամենահետաքրքիր գրործ, ընթերցել այն և սպասում էին գրողի հետ քննարկելու իրենց տպավորությունները: Երկու տասնյակից ավելի լեզուներով թարգմանված ամերիկյան բեսթսելլերը մոտ երկու տարի` մնում է ընթերցողների ուշադրության կենտրոնում` ռեկորդներ սահմանելով վաճառքի թվերով: Ասել է թե, հեղինակը հասել է գլխավոր նպատակին` օտարներին առավելագույն իրազեկել Հայոց ցեղասպանության մասին.

 «Այս գիրքը գրելու գլխավոր պատճառը մարդկանց իրազեկելու ցանկությունս էր, որպեսզի ՄՆ-ում, Կանադայում` հենց իմ կողքին, մարդիկ իմանան, որ 1,5 մլն հայեր սպանվել են իրենց իսկ կառավարության ձեռքով` 20-րդ դարում` առաջին ցեղասպանության ժամանակ: Գիրքը գրել եմ նաև, քանի որ ուղիղ կապ կա  Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի, Քամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների միջև. այս ցուցակը շատ երկար է: Գիրքը նաև տուրք է իմ սեփական ընտանիքին: Ժամանակն էր` պատմել տատիս ու պապիս պատմությունը, որ նրանք երկնքից տեսնեն»,- ասում է Քրիս Բոջալյանը:

Ավազե ամրոցի աղջիկները գրքի հաղթարշավը հնարավոր է` առաջիկայում շարունակի համանուն ֆիլմը. ամերիկահայ հայտնի ռեժիսոր Էրիկ Նազարյանը սցենար է գրել Քրիս Բոջալյանի սիրավեպի հիման վրա, այժմ ընթացքի մեջ է էկրանավորման նախապատրաստական գործը: Նկարահանումն ըստ ամենայնի կսկսի աշնանը:

Երիտասարդ ռեժիսորը չի կասկածում ֆիլմի հաջողությանը. պատմական փաստերի հիման վրա գրված նուրբ սիրավեպը` հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ և պրոֆեսիոնալ նկարահանված, նրա գնահատմամբ, ոչ միայն Հոլիվուդը, այլև համաշխարհային կինոաշխարհը գրավելու գլխավոր նախապայմաններն են:

Ֆիլմը նախատեսվում է  ավարտել 2015-ի ընթացքում: Դա ըստ Քրիս Բոջալյանի, կլինի հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով մեր գլխավոր անելիքներինց մեկը: Նրա խոսքով, մինչև այդ ժամկետը պետք է անել` ով ինչ կարող է իր ոլորտում ու իր հնարավորությունների սահմանում, աշխարհին ներկայացնելու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը, չմոռանալով, որ դրանից  ոչ պակաս կարևոր է հայրենիքին օգտակար լինելը. «Սփյուռքում մենք բարոյական պարտավորություն ունենք հայրենիքի նկատմամբ. Հայաստանը հրաշալի երկիր է, որը հարևաններից մեկի հետ փակ սահմանի պայմաններում պայքարում է շուկայական տնտեսություն կառուցելու, ժողովրդավարությունն ամրապնդելու համար, ընդ որում` դեռևս ունենալով 88-ի երկրաշարժից տուժածներին օգնելու խնդիրներըը: Իբրև ամերիկահայ, ես պարտավոր եմ այստեղ իմ հարևանին պատմել իմ հայրենիքի մասին և մտածել` ինչ կարող եմ անել` օգնելու Հայաստանի երեխաներին: Շատ գյուղերում եմ եղել, կան շատ լավ երեխաներ, որոնց օգնել է պետք»,-ասում է Քրիս Բոջալյանը:

Ես սիրում եմ Հայաստանը, ամեն այցիս հիանում այդ երկրով. դա սոսկ սփյուռքում բնակվողի սեր չէ, ով ընթրում է Դոլմամայում, գնում Էջմիածին, այցելում Տաթև կամ Նորավանք, ասում է Քրիս Բոջալյանը: Դա ինձ համար նշանակում է հանդիպել հայերին` Սևանում, Գյումրիում, գյուղերում, բացահայտել իմ գենետիկ կոդը:

Քրիս Բոջալյանը տեղեկացրեց, որ իր հաջորդ այցը Հայաստան նախատեսում է օգոստոսին, երբ Երևանում կներկայացվի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի հայերեն թարգմանությունը:

Back to top button