ԿարևորՀասարակություն

Էթիկայի հանձնաժողովը կզբաղվի բուժաշխատող-բուժառու հարաբերություններում ծագող խնդիրներով

Բուժաշխատող-բուժառու, բուժաշխատող-բուժաշխատող հարաբերություններում ծագող խնդիրներով առաջիկայում կզբաղվի  էթիկայի հանձնաժողովը։ Բոլոր այն դեպքերում, երբ բժիշկները թույլ կտան մասնագիտական էթիկայի կանոնների խախտում, և կլինի բողոք, հանձնաժողովն իրավունք կունենա քննել դեպքը և կարգապահական տույժ կիրառել բժշկի նկատմամբ: Նախարարությունում հույս ունեն, որ կառույցի  ստեղծմամբ հնարավոր կլինի կարգավորել մասնագիտական գործունեության ընթացքում ոչ հազվադեպ իրավիճակները:

Ի՞նչ դեպքեր է քննելու հանձնաժողովը, ումի՞ց է բողոքներ ստանալու և ի՞նչ որոշումներ է կայացնելու։

Այս տարի ձևավորվելու է  առողջապահության նախարարությանը կից հասարակական հիմունքներով գործող էթիկայի հանձնաժողով։ Այն կունենա 7 անդամ, որոնց  ընտրելու համար շուտով մրցույթ կհայտարարվի՝ «Ռադիոլուրին» տեղեկացրեց ԱՆ հանրային առողջության բաժնի պետ Կարինե Գաբրիելյանը։ Անդամներն ընտրվելու են երեք տարի ժամկետով։ Մեկական ներկայացուցիչներ են ունենալու բուժաշխատողներն ու բուժառուների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները, հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են նաև երկու իրավաբան, երկու գիտնական և հոգեբան:

Էթիկայի հանձնաժողովը  քննության  է առնելու բուժաշխատողի մասնագիտական էթիկայի` քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող կանոնների խախտումները: Կոնկրետ դեպքերով կազմակերպելու է լսումներ և կայացնելու է որոշումներ։ Ո՞ր օղակներից կարող են գալ բողոքները և ո՞ւմ դեմ։

«Պացիենտների դժգոհությունները բուժաշխատողից։ Հաջորդը  կարող են լինել բողոքներ բուժաշխատողների կողմից իրենց գործատերերի դեմ, որ չարաշահվել են իրենց իրավունքները կամ էթիկայի խախտումներ են գրանցվել։ Պացիենտների օրինական ներկայացուցիչները կարող են  դիմել կամ հարազատները նրա մահից հետո։ Բողոքներ կարող են ներկայացնել բուժհաստատության ղեկավարությունը քաղաքացիների կողմից էթիկայի խախտումների ուղղությամբ»։

Հանձնաժողովը կարող է ուսումնասիրել ինչպես օրինակ առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի կողմից  բացահայտված, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներից ի հայտ եկած խախտումները՝ ասում է զրուցակիցս։ 

«Մինչև լսումները կազմակերպելը, մինչև քննությունը տարանջատում է բոլոր այն դիմումները, որոնք ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ դրանք քրեական վարույթի, վարչական պատասխանատվության գործեր են։ Եզրակացություն է կազմում հանձնաժողովը, ծանուցվում են կամ դատական մարմինները  կամ համապատասխան կազմակերպությունը, որ դա վարչական պատասխանատվության հարց է։ Ուսումնասիրությունը դադարեցվում է, լսումներ այդ գործի կապակցությամբ չեն իրականացվում»։

Ըստ ոլորտի պատասխանատուի՝  բուժաշխատողի էթիկայի կանոնների խախտման դեպքերը քիչ չեն։ Դրանք քննության և մասնագիտական գնահատականի կարժանանան այդ նպատակով ստեղծված հանձնաժողովում։  Ե՛վ բժիշկը, և՛ բուժառուն պետք է իմանան, որ գերատեսչությունն արձագանքում է խնդրահարույց բոլոր դեպքերին և օբյեկտիվ որոշումներ է կայացնում՝ ասում է զրուցակիցս։

«Եվ ոչ միայն պացիենտները  պետք է այդ վստահությունն ունենան, այլ նաև բուժանձնակազմն իմանա, որ  վերին օղակներում իրենք արդարացվում են։  Գաղտնիք չէ, որ շատ հաճախ կարող են սուբյեկտիվ լինել պացիենտների դժգոհությունները և դրա համար բժիշկները ևս իրենց իրավունքների պաշտպանության կարիքն ունեն։ Ավելի շատ են պացիենտների հարազատների դժգոհությունները։ Սովորաբար ավելի հանդուրժող են բժիշկները։ Եվ կարծես հետամուտ չեն լինում  պատասխանատվության ենթարկելու իրենց նկատմամբ  էթիկայի խախտում արած  կազմակերպություններին, պացիենտներին»։ 

Էթիկայի հանձնաժողովի անդամները յուրաքանչյուր քննվող գործով պետք է շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագիր լրացնեն: Սրանով նրանք հավաստելու են, որ լիազորություններն իրականացնելիս իրենց  կամ իրենց  հետ փոխկապակցված անձի շահերով չեն առաջնորդում:

Քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող դեպքերում հանձնաժողովը որևէ որոշում չի կայացնելու և գործն, ըստ էության, փոխանցելու է դատական ատյաններին։ Իսկ  էթիկայի խախտումներ հայտնաբերելու դեպքում  կարող է ներկայացնել առաջարկություն բուժաշխատողին նկատողություն տալու վերաբերյալ։ Մեկ տարվա ընթացքում երկու նկատողությունից հետո  կարող է բուժաշխատողի գործունեության կասեցման առաջարկ անել։

Ինչպե՞ս է հանձնաժողովի դուռը թակած բուժառուն համոզված լինելու, որ կառույցն օբյեկտիվ որոշում կկայացնի։

«Կա կառավարության կողմից հաստատված բուժաշխատողների էթիկայի կանոնակարգ։ Եթե սա մենք չունենայինք կասկածի տակ էինք դնելու, որ արդյոք օբյեկտիվ որոշումներ են կայացվելու»։ 

Այլ բժշկական կազմակերպություններ նույնպես ակտիվացնում են էթիկայի իրենց հանձնաժողովների գործունեությունը։ Հայկական բժշկական ասոցիացիան նման հանձնաժողով արդեն ունի, հիմա ակտիվացնում է դրա աշխատանքը՝ «Ռադիոլուրին» ասում է ասոցիացիայի էթիկայի կոմիտեի նախագահ Արթուր Պոտոսյանը։ Նախկինում հանձնաժողովը նեղ կազմակերպչական հարցերով և  անդամների միջև ծագած խնդիրներով է զբաղվել։ Այժմ փորձում են ընդլայնել գործունեության շրջանակը ։

«Մենք պատկերացնում ենք, որ մեր էթիկայի հանձնաժողովը պետք է լինի  անկախ փորձագիտական մարմին, թեև նա   հանդիսանում է ասոցիացիայի կառուցվածքային ստորաբաժանում։ Սակայն գործել է որպես անկախ փորձագիտական մարմին, որը պետք է փորձագիտական քննարկման ներկայացնի բազմաթիվ հարցեր։ Հարցեր, որոնք մեզ ուղղված կլինեն  մեր մաս կազմող  ասոցիացաների բժիշկների կողմից, այդ բժիշկների  պացիենտների կողմից  և նաև հարցեր կլինեն , որոնք մենք ինքներս կնախաձեռնենք՝ տեսնելով որևէ անհարթություն»։

Ինչպես զրուցակիցս է ասում՝ համագործակցելով գործընկեր հանձնաժողովների հետ կփորձեն կարգավորել բժիշկ–բժիշկ, բժիշկ– բուժառու փոխհարաբերությունները և նվազագույնի հասցնել հաճախ հանդիպող իրավիճակները, երբ կողմերը մեղադրում են միմյանց ու համոզված են իրենց ճշմարտացիության մեջ։

Back to top button