ԿարևորՄիջազգային

Քըլըչդարօղլուն ընդդեմ Էրդողանի. ո՞վ է թուրքական ընտրությունների ֆավորիտը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ կիրակի օրը 1,7 միլիոնանոց ամբոխի մասնակցությամբ իր քարոզարշավի ամենամեծ հանրահավաքն է անցկացրել, հայտնում է Daily Sabah-ը:

Այդպիսի տպավորիչ քայլով է Էրդողանն ամփոփել իր նախընտրական քարոզարշավը։

Նա դիմել է Ստամբուլի բնակիչներին՝ կոչ անելով քվեարկել իր օգտին, ընդգծելով, որ դա է պահանջում Թուրքիայի շահը: Ժողովրդական աջակցության նման ցուցադրությունը ցույց տվեց, որ Էրդողանը շարունակում է մնալ նախագահական մրցավազքի ֆավորիտը՝ թմբկահարում են էրդողանյան քարոզչամիջոցները։ Առաջիկա ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակից վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր կոալիցիայի թեկնածու Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն համաձայն չէ այդ գնահատականների հետ։ Նրա կողմնակիցները ընդամենը 277 հազար մարդ են հաշվել Էրդողանի հանրահավաքին։ Էրդողա՞ն, թե՞ Քըլըչդարօղլու – հայ փորձագետները տարբերություն չեն տեսնում։ Նրանք նկատում են, որ եթե առաջինի դեպքում ռիսկերն արդեն հայտնի են, ընդդիմության պարագայում՝ այդ ռիսկերը փոքր ինչ ավելի մշուշոտ են։

Հակառակ այլ պնդումների՝ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը կարծում է, որ Էրդողանը միշտ էլ ֆավորիտն է եղել այս ընտրություններում։ Թեև երկրաշարժի հետևանքով Էրդողանը դժվար կացության մեջ է հայտնվել, նախօրեի նախընտրական հանրահավաքը վկայում է, թե որքան «պինդ է Էրդողանի մեջքը», ասում է թուրքագետը․

«Մի կուռ զանգված ունի Էրդողանը՝ 30 տոկոս, եթե ինչ-որ բաներ էլ անի, կարող է բարձրանալ 40 տոկոսի, իսկ դա արդեն բավականին մեծ թիվ է ընտրությունների ժամանակ»։ 

Ընդդիմությունը նույնպես նախօրեին հանրահավաք է կազմակերպել Էրզրումում։ Սակայն այն պատահարներով է անցել։ Էրդողանի մրցակից Քըլըչդարօղլուի թիմակից Իմամօղլուի կազմակերպած հավաքի ժամանակ ընդդիմության աջակիցների ուղղությամբ անհայտ անձինք քարեր են նետել, ինչի հետևանքով 9 մարդ է հոսպիտալացվել։ Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը կարծում է, որ Էրդողանն այն մարդն է, որը կարող է անգամ «վա բանկ» գնալ՝ ամենատարբեր քայլերով․

«Թուրքիայում էլ կարծիքներ կան, որ անգամ ընտրության օրը ինչ-որ դեպքեր են սպասվում։ Ամեն ինչ կարելի է սպասել, ընդհուպ մինչև, ասենք, քաղաքական սպանություններ և այլն։ Եթե ընտրությունն այնպես լինի, որ երկրորդ փուլ անցնի, այն ժամանակ ես կարող եմ ասել, որ հաստատ Էրդողանը կանցնի»։

Լոքմագյոզյանը նկատում է, որ Արցախում իրադարձություններն էլ անմասն չեն Թուրքիայի ընտրություններից։ Ալիևը ջանքեր է թափում Էրդողանին ուժեղացնելու ընտրությունների համար ու, եթե այստեղ Ադրբեջանը ինչ-որ հաջողություններ ունենա, դրանք անպայման կօգտագործի Էրդողանը։ Այդուհանդերձ, Տիրան Լոքմագյոզյանը կարծում է, որ Թուրքիայում իշխանությամբ փոփոխությամբ մեզ համար ոչինչ չի փոխվելու․

«Ես կասեի՝ ճիշտ հակառակը։ Քըլըչդարօղլուի կուսակցությունը՝ ժողովրդահանրապետական կուսակցությունը հենց երիտթուրքերի կողմից՝ Աթաթուրքի կողմից հիմնված, քեմալիստական, այսինքն՝ նացիոնալիստական ուղղություն ունեցող կուսակցություն է, և իրենց իշխանություն եղած ժամանակ հայ համայնքը, կամ փոքրամասնություններն ընդհանրապես, ոչ մի լավ օր չեն ունեցել։ Ընդհակառակը՝ Էրդողանի ժամանակաշրջանից շատ ավելի վատ օրեր են ունեցել։ Անգամ կասեմ, որ Էրդողանի, հատկապես առաջին շրջանը, կարելի է բնութագրել որպես Թուրքիայի հանրապետության շրջանի փոքրամասնությունների համար եղած ամենալավ ժամանակաշրջանը»։

Դիտարկելով մրցակից թևերի աշխարհաքաղաքական կողմնորոշումները՝ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նկատում է՝ Էրդողանի պարագայում, կարծես թե, պարզ է, տեսնում ենք, որ նա որոշել է ինքնուրույն առաջ գնալ՝ Արևմուտքից անկախ․

«Ինքնուրույն ճակատ կազմելով, որոշ դեպքերում Ռուսաստանի հետ, որոշ դեպքերում էլ Արաբական աշխարհի հետ՝ որոշ հարցերում, սակայն, փորձելով ինքնուրույնություն ցուցաբերել Արևմուտքից։ Թեև, լինելով ՆԱՏՕ-ի դաշնակից, ՆԱՏՕ-ում՝ Եվրոպայում ամենամեծ բանակն ունեցողը։ Սա Էրդողանի դեպքում արդեն գիտենք, որ մեզ համար բավականին բացասական է ընթանում ամեն ինչ»։

Առերևույթ չգիտենք, թե ի՞նչ է սպասվում ընդդիմության հաղթանակի դեպքում, որը տվյալ պարագայում միատարր չէ։ Անդրանիկ Իսպիրյանը նկատում է, որ մեկ դաշինքի մեջ միավորված կուսակցությունները տարաբնույթ են՝ ընդհուպ մինչև ծայրահեղ ազգայնականներ և, այդ առումով, թուրքագետի գնահատմամբ, Քըլըչդարօղլուի՝ որպես ընդդիմադիրի միասնական թեկնածությունը, մեզ համար պարզապես չարյաց փոքրագույնն էր։ Մյուս կողմից, սակայն, հայտնի է, որ Թուրքիայի ընդդիմությանը Արևմուտքն է հովանավորում։ Իսկ Արցախի հարցում, թուրքագետի համոզմամբ, Արևմուտքի մոտեցումը մեր օգտին չէ․  

«Մենք տեսնում ենք, որ Արցախի հարցում երկու դեպքում էլ մենք փակուղում ենք։ Էրդողանի դեպքում՝ բացարձակ փակուղում ենք, Արևմուտքի դեպքում էլ փափուկ ուժով են կրկին ստիպում գնալ զիջումների։ Ոչ մեկի դեպքում էլ ազատ շնչելու հնարավորության մասին մտածել այս պահին չի լինի, սակայն Էրդողանի դեպքում մի փոքր ավելի տեսանելի է վտանգը, ընդդիմության դեպքում՝ դեռ մշուշոտ է»։        

Թուրքիայում այս օրերին ամենատարբեր նախընտրական սոցհարցումներ են անցկացվում, բայց թուրքագետներն այդ հարցումներին չեն հավատում՝ նկատելով, որ սոցհարցումներ անցկացնող այդ կազմակերպությունները կա՛մ կցված են Էրդողանին, կա՛մ՝ Քըլըչդարօղլուին։

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն, այդուհանդերձ, նկատում է, որ իրականում Թուրքիայի այս ընտրություններն այն եզակիներից են, որտեղ Էրդողանի ընտրվելու հնարավորությունը պարզապես «մազից է կախված», ու եթե նա ընտրվի, ապա՝ շատ չնչին տոկոսային տարբերությամբ։ Նույնը կլինի ընդդիմության հաղթանակի դեպքում։ Միայն մայիսի 14-ը ցույց կտա, թե Էրդողանից ու Քըլըչդարօղլուից ո՞վ է ճիշտ իր հաշվարկներում։ Հենց այդ օրն են նշանակված նախագահական ընտրությունները Թուրքիայում։

Back to top button