ԿարևորՔաղաքական

Չենք պատրաստվում դատարկ թուղթ ստորագրել ու ասել՝ գրեք, ինչ ուզում եք․ ՀՀ վարչապետը՝ փոխզիջումների մասին

Վաշինգտոնյան հանդիպումներն ավարտվեցին առաջընթաց գրանցելով, նաև շեշտադրվեցին տարընթրցումներ առաջացրած կետերը՝ առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը։ ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում, պատասխանելով «Ազատության» հարցերին, հստակեցրել է, որ առանցքային տարաձայնությունները ղարաբաղյան խնդրի շուրջ էին ու նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չճանաչելու հարցում։ Նա խոսել է խաղաղության պայմանագրի այն տարբերակի մասին, որը կհստակեցնի զորքերը սահմանից հետ քաշելու հարցը։

Թեև նախկինում Պրահայում և Սոչիում արձանագրվել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, խաղաղության պայմանագրի նախագծում դեռևս չի ստացվում համաձայնության գալ այն ձևակերպումների շուրջ, որոնցով Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության ամբողջականությունը՝ խոսելով Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան հանդիպման մասին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Չնայած Պրահայում և Սոչիում եղել է արձանագրումը, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց մենք խաղաղության պայմանագրի նախագծի մեջ դեռևս չենք կարողանում համաձայնության հասնել այն ձևակերպումների շուրջ, որոնք մեզ վստահություն կտան, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը»։

Փաշինյանը նշել է, որ սահմանազատման հետ կապված խնդիր կա։ Նաև շատ կարևոր խնդիր է, ի վերջո, խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո խաղաղության երաշխավորման հարցը։ Նկատի են առնվում և՛ միջազգային մեխանիզմները, և՛ տեղայինը, մասնավորապես, զորքերի և ուժերի դիրքավորման հետ կապված հարցերը՝ ով որտեղ, ինչպես պետք է դիրքավորվի, արդյո՞ք պետք է լինի ապառազմականացված գոտի և այլն։

Բաքուն ՄԱԿ-ում պահանջ է ներկայացրել, ըստ որի Հայաստանը պետք է վերադարձնի, իր պատկերացմամբ, «դեռևս օկուպացված 8 գյուղերը»։ Այս հարցում Փաշինյանը հստակեցրել է՝ դա հնարավոր է, եթե Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել օկուպացված հայկական գյուղերը․

«Մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար, պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել, [եթե պատրաստ է], այո, մենք պատրաստ ենք: Բայց այստեղ ուրիշ հարց կա. ենթադրենք՝ Ադրբեջանի կամ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա, և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում: Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի»։

Փաշինյանն ընդգծել է՝ շատ հնարավոր է, որ ոչ թե դա տեղի ունենա, նոր ստորագրվի խաղաղության պայմանագիրը, այլ պայմանագիր ստորագրվի այն մասին, թե դա ֆիզիկապես ինչպես և ինչ ժամկետներում պետք է տեղի ունենա: Մեխանիզմ է պետք դա իրականացնելու համար՝ կամ հանձնաժողովների միջոցով, կամ որևէ այլ մարմնի, և այս հարցում դեռ լուծում չկա և կողմերն այս ուղղությամբ են աշխատում, հստակեցրել է Հայաստանի վարչապետը․

«Մենք պատրաստ ենք՝ ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա»:

Դեռևս չեն կարողացել հասնել այնպիսի ձևակերպումների, որոնք մեզ վստահություն կտան, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնում սկսված քննարկումը կարող է շարունակվել Մոսկվայում՝ հերքելով պնդումները, թե արևմտյան ու ռուսական նախագծեր կան, որոնք իրարից տարբերվում են։ Արևմուտքից եղել են մոտեցումներ, բայց ոչ թղթի վրա գրված տարբերակ, պարզաբանել է նա։

«2022 թվականի օգոստոսին ռուսական կողմը ներկայացրել է գրավոր առաջարկ, մենք ընդունել ենք, Ադրբեջանը մերժել է։ Մենք չենք տեսել Ռուսաստանի կողմից այդ տարբերակը երկրորդ անգամ սեղանին դնելու գործընթաց։ Որ պահին, որ դա դրվի սեղանին, մենք պատրաստ ենք դրանով առաջ գնալ։ Բայց Ռուսաստանի Դաշնությունն ինչքանո՞վ է հետապնդում էդ տարբերակը»։

Ըստ այդ տարբերակի, ԼՂ հարցը առկախվում է, և այնտեղ մնում են ռուս խաղաղապահները, հստակեցրել է Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ չի պատրաստվում ստորագրել դատարկ թղթի տակ ու ասել՝ ինչ ուզում եք գրեք այդտեղ։

Կարդացեք նաև

Back to top button