
ԴՕՍԱԱՖ համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Երևանի դպրոցների աշակերտների միջև հրաձգության մրցույթ է անցկացրել։ Այն նվիրված էր Արցախի հերոս Արկադի Տեր Թադևոսյանի՝ լեգենդար Կոմանդոսի հիշատակին։
«Հաղթանակի, խաղաղության միջոցառում»․ Հայաստանի ԴՕՍԱԱՖ համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությունն ավանդույթի համաձայն հրաձգության մրցույթ էի կազմակերպել դպրոցահասակ երեխաների համար։ Երևանի տարբեր դպրոցների ավելի քան 60 աշակերտ էր մասնակցում մրցաշարին։
«Կրակել սովորել եմ ռազմագիտության ժամին»,–ասում է Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի աշակերտուհի Միլենա Պողոսյանը։
Նա վատ չի կրակում, ասում են մրցույթի կազմակերպիչները։ Միլենան շատ է կարևորում զենքին տիրապետելը․ «Կրակել շատ եմ սիրում, տանը տիր ունեինք ու եղբորս հետ պարբերաբար կրակում ենք։ Իսկ ռազմագիտություն առարկան շատ եմ կարևորում։ Ու քանի որ մեր երկիրը գտնվում է վտանգավոր գոտում՝ թշնամիներով շրջապատված, ապա բոլորս պետք է լավ կրակել իմանանք»։



ԴՕՍԱԱՖ-ի նախագահ Էդիկ Հակոբյանը «Ռադիոլուրին» պատմում է՝ տարիներ առաջ այս մրցույթներին անձամբ ներկա էր լինում Արկադի Տեր Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը։ Այսօր այս մրցույթը նվիրվում է նրա հիշատակին։ Էդիկ Հակոբյանը ասում է՝ Կոմանդոսը միշտ ոգևորվում էր նման մրցույթներից ու դրանք շատ էր կարևորում։
«Ասում էր, որ մեր երիտասարդների մեջ պետք է սերմանենք ռազմահայրենասիրությունը։
Մայոր Ասատրյանը Նելսոն Ստեփանյանի անվան դպրոցում է դասավանդում ՝ զինղեկ է։ Ասում է՝ եթե հրաձգության ժամաքանակը դպրոցում բավարար լիներ, իր աշակերետները շատ ավելի լավ կկրակեին․



«Օրինակ՝ կալաշնիկով ավտոմատը քանդել հավաքելու համար տրվում է ընդամենը երկու դասաժամ։ Որևէ մեկը չի կարող 30 աշակերտի քանդել– հավաքել սովորեցնել ու գումարած դրան՝ ավտոմոտի մասին տեսական գիտելիքներ ներկայացնել»։
Մայոր Ասատրյանը նկատում է, որ աղջիկները շատ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում առարկայի նկատմամբ։ Անկեղծանում է՝ աղջիկների մոտ յուրացումը ավելի լավ է ստացվում, հատկապես հրաձգությունը։
«Կանայք շատ ավելի լավ դիպուկահար են ու տղաներին հաճախ գերազանցում են»։
Առաջին մրցույթի արդյունքների ամփոփումից հետո, աշակերտները 50 մետրանոց հրաձգարանում մասնակցեցին հրաձգության ևս մեկ մրցույթի՝ այս անգամ արդեն ավելի կատարելագործված զինատեսակով։
Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով ու մեդալներով։




