ԿարևորՀասարակություն

Արմավիրում կանաչ տարածքներն ավելացնելու նպատակով ոռոգման նոր ցանց է կառուցվում

Արմավիր քաղաքի կենտրոնում ոռոգման փակ համակարգ է կառուցվում։ Ճամփեզրերի ծառերն Արմավիրում ոռոգվում են ջրատար ցիստեռների միջոցով, իսկ դա ավելի ծախսատար է: Ոռոգման ցանցի կառուցումից հետո  կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն նորերով: Դրանց մի մասն արդեն հանվել են, համայնքապետարանի դիմաց 10 տարեկան եղևնիներ են տնկել:

 Առավոտյան ժամը 6-ին, երբ Արմավիր քաղաքը դեռ քնած է, ճանապարհներն՝ ազատ, ջրով լի ավտոցիստեռնն անցնում է գործի. լվանում է փողոցներն ու  ջրում ճամփեզրի ծառերը: Երիտասարդ աշխատակիցը ջրի փողրակը ձեռքին, մեքենայի ընթացքին զուգահեռ քայլում է ու ոռոգում կանաչ տարածքները: Նրա հոգսն այս տարի որոշ չափով  թեթևանալու է. Արմավիրի կենտրոնական փողոցում ոռոգման նոր ցանց է կառուցվում, աշխատանքները մեկնարկել են հրապարակից: Շինարարական կազմակերպության աշխատակիցները Արագածոտնի մարզի Արտենի գյուղից են, որտեղ ծիրանի այգիները  ցրտահարվել են, բերքի ակնկալիք չունեն ու աշխատանք են գտել Արմավիրում.

«Երեք հեկտար ծիրանի այգի ունեմ, ցրտահարվելուց հետո աշխատանք եմ փնտրել, մի բան պետք է անենք, որ ապրենք: Ես ապրիլի 16-ից եմ այստեղ:  15 օրը մեկ անգամ մեզ վարձատրում են, նորմալ է. երբ փողի կարիք ենք ունենում՝ տալիս են»:

Շինարարկան կազմակերպությունը ջրագծերի անցկացման աշխատանքները սկսել է ապրիլի 5-ից: Այս տարվա սուբվենցիոն ծրագրով նախատեսված է Հանրապետության փողոցում ու դրան հարող հատվածներում 2900 մետր երկարությամբ պլաստմասսայե նոր խողովակներ տեղադրել:

Արթուր Մովսիսյան. «Ջրագծեր ենք քաշում, բավականին մեծ տարածք է, բայց ավարտին քիչ մնաց:  Աշխատանքները սկսել ենք համայնքապետարանի ու մարզպետարանի մոտից ու շարունակելով՝ հասել մինչև կայարանամերձ հուշարձան: Հիմա երկար փոսեր ենք փորում, որ ջրագծերը տեղադրենք,  նաև դիտահորերի համար լայն ու  խորը փոսեր ենք  պատրաստում»:

Փորված մայթերը որոշ անհարմարություններ են ստեղծել հետիոտնի համար: Խողովակների մոնտաժը հիմնականում ավարտվել է, խրամուղիները ծածկվել են։ Բայց որոշ հատվածներում աշխատանքը նոր է սկսվում:  

Աշխղեկ Կարեն Ասատրյան. «Դիտահորն ենք մենք տեղադրում, ջրահեռացման համար է նախատեսված: Ներքևի հատվածում դրենաժ է լինելու՝ 2 մ խճաքարերով լցված»:

Անցած տարիների համեմատ այս տարի սուբվենցիոն աշխատանքներն ավելի շուտ են սկսել: Կառավարության որոշմամբ փոփոխվել են հայտերի ընդունման ժամկետները: Նախկինում  տարվա հայտերը քննարկվել ու հաստատվել են մինչև աշուն, ինչն այնքան էլ արդյունավետ չէր ծրագրի իրականացման ժամկետի ու որակի առումով. եղանակները երբեմն խանգարել են շինարարական աշխատանքներին:

Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյան. «2023 թ սուբվենցիոն հայտերը մենք ուղարկել էինք 2022 թ աշնանը: 2023 թ մեկնարկին արդեն շատ հայտեր հաստատվել էին, մրցույթները վաղ գարնանը կազմակերպվել: Արմավիր համայնքն արդեն ներկայացրել է 2024 թ սուբվենցիոն հայտը և վստահ եմ, որ մինչև տարվա վերջ մենք մրցութային գործընթացն ամբողջությամբ ավարտած կլինենք և հաջորդ տարվա վաղ գարնանը, եղանակների տաքանալուն պես՝ կսկենք այդ աշխատանքները»:

Ոռոգման փակ ցանցի համար պահանջվել է ավելի քան 46 մլն դրամ, որի 30 տոկոսը վճարելու  է կառավարությունը: Աշխատանքները մոտ մեկ ամսից կավարտվեն: Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանն ասում է, որ  ոռոգման ցանցի կառուցումից հետո ճամփեզրերի կենսունակությունը կորցրած ծառերը  աստիճանաբար  կփոխարինվեն նորերով:

«Փորձել ենք համայնքապետարանի դիմացի լանդշաֆտը փոխել, որովհետև այնտեղ նախորդ դարի կեսից մնացած և կենսունակությունը կորցրած տուաներ էին, որոնք ոչ միշտ են լավ խնամվել: Փորձնական եղևնիներ ենք տնկել, հույս ունենք, որ դրանք հաջողությամբ կադապտացվեն մեր միջավայրին: Հասկանալի է, որ այստեղ կլիմայական պայմանները եղևնիների համար, մեղմ ասած,  այդքան էլ բարեհաճ չեն: Ոռոգման ցանցի անցկացումից հետո ժամանակ առ ժամանակ կենսունակոթյունը կորցրած ծառերը պետք է հանվեն ու տեղը նոր ծառեր տնկվեն, որի մշակումն ավելի արդյունավետ կլինի և ջրատարով ոռոգելու աշխատանքի ծավալը կկրճատվի»:

Առայժմ 3 օրը մեկ անգամ ջրատար ցիստեռնով են ոռոգվում ոչ միայն Արմավիր քաղաքի, այլև՝ Սարդարապատ համայնքից մինչև «Սարդարապատի հուշահամալիր» տանող խճուղու ճամփեզրի ծառերը:

Back to top button