ԿարևորՀասարակություն

Լարսում շինարարական աշխատանքներ են․ անցակետը կգործի, բայց՝ պակաս թողունակությամբ  

Մայիսի 5-ից Լարսի անցակետում գործող ինն ուղիներից չորսում վրացական կողմը վերանորոգման աշխատանքներ է սկսում։ Անցակետը կգործի, բայց ավելի փոքր թողունակությամբ։  «Ռադիոլուր»–ի հետ զրույցում Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան  Հակոբյանը նշել է՝ «Կազբեգի» անցակետում, որը տանում է դեպի ՌԴ սահման, այս պահին գործում է ինն ուղի, որոնցից չորսը նախատեսված են թեթև մարդատարների, հինգը՝ բեռնատար մեքենաների համար։ ։ «Ես մոտ մեկ ժամ առաջ այնտեղ էի, դեռ չէին սկսել։ Ամեն ինչ աշխատում էր բնականոն ռեժիմով, բայց նախատեսում են սկսել»,– ասում է մաքսային կցորդը։

Նրա խոսքով՝ թեթև մարդատար մեքենաների համար նախատեսված չորս ուղիները փակվելու են ժամանակավորապես, ամբողջ հոսքը ուղղվելու է հինգ բեռնատար ուղիների վրա։ Դրանցից երկուսն օգտագործվելու են մարդատար մեքենաների համար՝ մեկը մուտք, մյուսը ելք ապահովելով, մյուս երեքը՝ բեռնատարների համար։ Վահան Հակոբյանի դիտարկմամբ՝ հերթերի հավանականությունը մեծանում է, քանի որ մաքսակետի թողունակությունը նվազելու է։ «Բայց փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում վրացական կողմը սկսում է ավելի դյուրինացնել ձևակերպումների գործընթացը, որ իրենց կողմում հերթեր չկուտակվեն։ Ամեն դեպքում՝ մեր վրացի գործընկերները տրամադրված են, որ այդ պատճաոով կուտակումներ չլինեն»,– ասում է Հակոբյանը։

Ավելի վաղ պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ մայիսի 5-ից «Կազբեգի» մաքսային անցակետում թեթև մարդատար ավտոմեքենաների համար նոր ուղիներ ավելացնելու նպատակով ընթացող շինարարական և վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ պետական սահմանը հատող թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված առկա ելքերը ժամանակավորապես կփակվեն։

Մաքսային կցորդը նշում է, որ ըստ պաշտոնական հայտարարության ՝ վերանգորումը կտևի մեկ ամիս։ Նա հույս ունի, որ մինչև մթերման սեզոնի մեկնարկը շինարարական աշխատանքները ավարտված կլինեն։

Back to top button