
Անկարայում Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ Հայաստանը կառուցողական ներգրավվածություն է ցուցաբերում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Պաշտոնական հանդիպումից առաջ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները մոտ 20 րոպե տևողությամբ առանձնազրույց են ունեցել: Արդյունքները թուրք լրագրողների հետ ասուլիսում ամփոփելով, Հայաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ հայ–թուրքական հարաբերությունները բարելավելու պատմական հնարավորությունն է այսօր ստեղծվել, որը չպետք է բաց թողնել։
Հայաստանը կառուցողական է ներգրավված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ թուրք պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ըստ նրա՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ:
Անդրադառնալով օրեր առաջ հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելու Թուրքիայի կառավարության որոշմանը՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ այս հանդիպումն իր հերթին կնպաստի այդ խնդրի լուծմանը: Ի պատասխան՝ Մուստաֆա Շենթոփը նշել է, որ իրենց համար զգայուն և ցավալի հարց է Երևանում «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողի բացումը, որով էլ պայմանավորված է վերոնշյալ արգելքը։
«Բազում պատճառներ կարելի է մատնանշել, որոնց հետևանքով բազմաթիվ գործընթացներ կանգ են առել, սակայն իր այցը նաև այս առումով առաջ շարժվելու ազդակ է պարունակում»,–հակադարձել է Սիմոնյանը:
Թուրք լրագրողների հետ հանդիպմանն էլ, անդրադառնալով թեմային, Ալեն Սիմոնյանը մանրամասնել է, որ հուշարձանի տեղադրման որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, և ինքը չի ցանկանում, որ արձանի տեղադրումն ընկալվի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ․
«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում։ Ես այս հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ։ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից, և այս մակարդակում կայացված որոշումներին վերջին ամիսների ընթացքում բոլորդ ականատես եք»։
Հարկավոր է հասկանալ, որ ցանկության դեպքում միշտ կարելի է պատճառներ ու առիթներ գտնել հարաբերությունները վատացնելու համար՝ հավելել էՍիմոնյանը։
«Ես էլ կարող էի հազար տարբեր պատճառ գտնել Թուրքիա չժամանելու համար։ Բայց ես այստեղ եմ, որպեսզի թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների»,– ասել է Սիմոնյանը։
Թուրքիայի արտգործնախարարի հարցազրույցն է մատնանշել Ալեն Սիմոնյանը և շեշտել, որ մի քանի հատված տեսել է հարցազրույցից, և որ Հայաստանը հարաբերությունները կարգավորելու իր մղումների մեջ բացարձակ անկեղծ է․
«Եթե կա քաղաքական կամք, եթե կա հարաբերություններ հաստատելու որոշում, մենք պետք է հասկանանք, որ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց, այնուամենայնիվ, շարժվենք առաջ։ Հույս ունեմ՝ թուրք գործընկերները նույնպես ընդառաջ կգնան, և մենք կօգտգործենք այս պատմական հնարավորությունը, նոր էջ կբացենք մեր և տարածաշրջանի համար»։
Թուրք պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ էլ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ չնայած մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումների տարբերությանը, ինքը հուսով է, որ այդ հանդիպումը հիմք կծառայի հայ-թուրքական խորհրդարանական երկխոսության համար։ Հայաստանի ԱԺ նախագահը նաև առանձնահատուկ կարևորել է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար:
Թուրք լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով հայ–ադրբեջանական հակամարտությանը, Սիմոնյանը շեշտել է, որ Հայաստանը տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ և պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել․
«Մենք որևիցե խնդիր չենք տեսնում առևտրային առումով տարածաշրջանը բացելու հարցում․ Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա բեռներն ու մարդիկ կարող են ազատ ձևով տեղաշարժվել, իհարկե հաշվի առնելով ՀՀ օրենսդրությունը և ինքնիշխանությունը»։
Ասուլիսի վերջում Սիմոնյանն ընդգծել է, որ տարածաշրջանում անհնար է խաղաղություն հաստատել առանց Թուրքիայի և Հայաստանը մեծահույս է, որ Թուրքիան գործուն քայլեր կձեռնարկի այդ հարցում։




