ԿարևորՀասարակություն

Արարատի և Կոտայքի մարզերում նախատեսվում է կառուցել 25 ուսումնական հաստատություն

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 268 մլն 500 հազար դրամ գումարի չափով:

Գումարն ուղղվելու է ՀՀ Արարատի և Կոտայքի մարզերի 25 ուսհաստատության՝ 4 կրթահամալիրի ստեղծման և 21 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ․-ի ծրագրով ամրագրված 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի օժանդակությամբ մեկնարկել է մարզերի գյուղական բնակավայրերում կրթահամալիրների ստեղծման գործընթացը։ Կրթահամալիրների ստեղծմամբ նախատեսվում է իրագործել ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված հետևյալ նպատակները՝ բոլոր համայնքներում բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը, ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ և փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ։

Կրթահամալիրների ստեղծման ծրագրում ուսհաստատությունների ընդգրկման նախապայմաններն են դպրոցների փոքրաքանակ աշակերտական համակազմը, նախադպրոցական ծառայությունների բացակայությունը և շահառու երեխաների փոքր թիվը։

Նշված նախապայմաններից ելնելով՝ կրթահամալիրներ են ստեղծվելու ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակ, Լուսաշող ու Նոր Կյուրին և Կոտայքի մարզի Արտավազ բնակավայրերում։ Կրթահամալիրների ստեղծման ծրագրի շրջանակում ՀՀ Արարատի և Կոտայքի մարզեր կատարած այցերի և իրականացված ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է այն բնակավայրերի համար, որտեղ դպրոցների աշակերտական համակազմը մեծ է, կառուցել դպրոցների նոր շենքեր։

Այդ բնակավայրերն են՝ ՀՀ Արարատի մարզում Ջրաշեն, Գեղանիստ, Ոսկետափ, Ջրահովիտ, Արտաշատ, Վերին Դվին, Գետազատ, Այգեստան, Արարատ, իսկ Կոտայքի մարզում՝ Կապուտան, Կոտայք և Նոր Գյուղ, Զառ, Գեղադիր, Արգել, Արագյուղ, Գողթ, Պռոշյան, Զովունի, Լեռնանիստ, Մայակովսկի, Արամուս գյուղերը:

Back to top button