ԿարևորՀասարակություն

Տոկոսային աճ կա, ուրախանալու առիթ՝ ոչ. Հայաստանում ավելի շատ հանցագործություններ են կատարվում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Ազգային Ժողովին է ներկայացրել դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Նա մտահոգիչ փաստեր է ներկայացրել Հայաստանում հանցագործությունների թվի աճի վերաբերյալ։ Հաղորդումը ԱԺ պատգամավորները լսում են ծանոթանալու նպատակով, զեկույցին, հարցուպատասխանին չի հետևում ոչ ընտրություն, ոչ որևէ իրավական գործընթաց։

Հայաստանում 2022-ին ավելի շատ հանցագործություններ են կատարվել։ Աճը նկատվել է հանցագործության գրեթե բոլոր տեսակների դեպքում։ Նկատողը գլխավոր դատախազն է, որն ԱԺ-ին է ներկայացրել դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը։ 11 բաժնից բաղկացած հաղորդման որոշ դրվագներ հատկապես շեշտադրված են․ այդպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, պետական շահերի պաշտպանությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը և այլն։ Նախ ծանոթանանք Հայաստանում հանցավորության վիճակագրությանը․

«2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 37.612 դեպք (2021 թվականին՝ 30.245), որից 21.604-ը՝ Երևան քաղաքում (2021 թվականին՝ 16.438): Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 7367-ով կամ 24.4%-ով»:

Ընդ որում աճել են թե՛ ոչ մեծ, թե՛ միջին, թե՛ ծանր և թե՛ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։ 2021-ի համեմատ աճը կազմել է համապատասխանաբար 19.3, 29.8, 14.2, 151.4 տոկոս։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսպես է մեկնաբանում է վերջինի՝ հատկապես կտրուկ արտահայտված աճը․

«Առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի կապակցությամբ հարկ է ընդգծել, որ 530-ով ավելացած դեպքերից 484-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք նախկինում որպես հանցագործություն չէին հաշվառվում։ Խոսքը վարույթ նախաձեռնելու փաստի մասին է։ Մահվան փաստով նախաձեռնվում է վարույթ և վարույթը նախաձեռնված արդեն առանձնապես ծանր հանցագործությունների տիրությում է քննարկվում, քանի որ մի քանի վարկած պետք է ստուգվի, վարկածներից մեկն էլ այլ անձանց կողմից մահ պատճառելու, այդ թվում չի բացառում բուժաշխատողի կողմից սխալ բժշկական ծառայություն մատուցելու հետևանքով լինի, ուստի դրանք սպանության հոդվածով են հարուցվում, իսկ սպանությունը առանձնապես ծանր հանցագործություն է»:

2022-ին 58 սպանություն է կատարվել, ընդ որում՝ դեպքերը Երևանում նվազել են 30.8, մարզերում՝ աճել 17.6 տոկոսով։

«Սպանության դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց զգալի մասը կատարվել են կենցաղային կամ միջանձնային հարաբերությունների հողի վրա: Սպանությունների մի մասն արդյունք են տուժողի և հանցանք կատարած անձի միջև տևական անհաշտ, իսկ երբեմն՝ թշնամական հարաբերությունների, որոնց վերաբերյալ տեղեկացված լինելով՝ իրավապահ մարմինները հաճախ արդյունավետ միջոցառումներ չեն իրականացրել՝ ուղղված հանցագործության, այդ թվում՝ մահվան ելքով դեպքերը կանխելուն»:

2022 թվականին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերն աճել են 175-ով կամ շուրջ 60.3%-ով: Գլխավոր դատախազը նշում է, որ այս աճը շարունակական է․ նախորդ տարի էլ արձանագրվել էր 44 տոկոս աճ։ 188 մարդ ինքնասպանություն է գործել։ Այս մարդկանց 69 տոկոսը գործազուրկ և թոշակառու է եղել։

Դատախազի հաղորդման մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել նաև թմրանյութերի շրջանառությունը․

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվն աճել է 743-ով կամ 76.3%-ով՝ կազմելով 1717՝ 2021 թվականի 974-ի դիմաց։ Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 94.9%-ով։ Նշված ցուցանիշները կարող են մասամբ պատճառաբանվել քրեադատավարական օրենսդրության փոփոխությամբ կամ իրավակիրառ պրակտիկայում, նույնիսկ բուսական ծագման մանր չափի թմրամիջոցի հայտնաբերման դեպքում քրեական վարույթներ նախաձեռնելու մոտեցմամբ, սակայն վիճակագրական տվյալներն առավելապես վկայությունն են թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության տարածվածության, նշված հակասոցիալական և հակաիրավական երևույթներում մեծ թվով անձանց ներգրավվածության»։

ԱԺ-ն դատախազին հարցեր ուներ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի մասին։ Գլխավոր դատախազը հայտնում է՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում մոտ 40 հայցապահանջ կա։

«Գործընթացը շարունակական է և, այո, ցավոք, համակարգային բնույթ է կրել։ Այս պահին ուսումնասիրվում են Երևան քաղաքում մանկապարտեզների օտարման, ինչպես նաև Երևանի զբոսայգիների և կանաչ տարածքների օտարումների գործընթացները։ Թափանիվը նոր սկսել է աշխատել և գործընթացը հունի մեջ է ընկել։ Դա պայմանավորված է նաև դատարանների վերջանական ձևավորմամբ։ Այս առումով չունենք գրեթե շաբաթ, որ հանրությանը չտեղեկացնենք 1-2 հայցադիմում դատարան մուտք անելու մասին։ Եվ այս գործընթացը կշարունակվի առնվազն մի քանի տարի»։

Աննա Վարդապետյանը հավելեց, որ նախորդ ամբողջ տարվա արդյունքներով մոտ 850 մլն դրամի չափով վերականգնում էր տեղի ունեցել, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով միայն քրեական վարույթներով վերականգնումները գերազանցել են 1,3 մլրդ դրամը:

Back to top button