
Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում հողերի վաճառքից հետո կյանքը փոքր ինչ փոխվել է, բայց խնդիրներ դեռ շատ կան։ Գյուղում չկա հասարակական տրանսպորտ, խմելու պիտանի ջուր, դպրոցը հարմարեցվել է ծննդատան շենքում, որի շինարարությունն անավարտ էր մնացել դեռ խորհրդային տարիներից: Տալվորիկում նաև մանկապարտեզ չկա, մինչդեռ վերջին տարիներին ծնունդների թիվն աճել է:
Մինչև 1994 թ. Թուրքիայի հետ սահմանակից Տալվորիկի երեխաները Հուշակերտի դպրոց են հաճախել։ Խորհրդային տարիներին գյուղը զարգացման մեծ հեռանկարներ է ունեցել, բայց հիմնադրումից՝ 1986թ-ից հետո այդպես էլ գրեթե ոչինչ չի փոխվել։ Հետագայում համայնքն իր ուժերով փորձել է դպրոց ունենալ. կիսակառույց ծննդատունը վերածել են դպրոցի՝ ասում է բնակավայրի վարչական ղեկավար Կիրակոս Սաղաթելյանը: Նա Տալվորիկի հիմնադրման օրվանից է ղեկավարում գյուղը:
«Այս դպրոցը նախկինում նախատեսվել էր կառուցել ծննդատուն, որը մենք համայնքի բնակիչների ուժերով դարձրել ենք դպրոց: Իսկ ավելի ուշ համայնքի պահուստային ֆոնդի հողերը վաճառելուց հետո գրասենյակ ենք ունեցել, գյուղում գազ ենք քաշել, լուսավորություն, մի քիչ ճանապարհներն ենք բարեկարգել: Հիմա ունենք մանկապարտեզի ու նոր դպրոցի խնդիր»:
Դպրոցում 32 աշակերտ է սովորում, իսկ ավելի վաղ այստեղ շուրջ 80 երեխա է հաճախել: Գյուղն ունի 50 տնտեսություն։ Երիտասարդ ընտանիքների մի մասը հեռացել է Տալվորիկից՝ շուրջ 100 մարդ: Չնայած դրան, գյուղում ապրելու և աշխատելու ցանկությունը մեծ է, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն, ասում է Տալվորիկի բնակիչ Գյուլիզար Դիլանյանը.
«Մՙենք ավելի շատ կուզեինք գյուղում տրանսպորտ լիներ, որ մեր երեխաները, թեկուզ 6-7 տարեկան, ուսման նպատակով՝ ինչ որ բան սովորելու համար դուրս գային ու վերադառնային: Ամենացավալի հարցը տրանսպորտն է: Գյուղում մի 2 անգամ է տրանսպորտ եկել, բայց ուղևորների պակասի պատճառով չի աշխատել, դրանից հետո ոչ մի անգամ տրանսպորտ չի մտել մեր գյուղը»:
Դպրոցականների առօրյայում որոշակի հետաքրքրություն է մտցրել պատմության ուսուցչուհի Ծովինար Թորաբյանը: Նա գյուղ է եկել «Դասավանդիր Հայաստան» ծրագրով։ Ծովինարն առաջին մասնագիտությամբ արևելագետ է։ Սահմանամերձ գյուղում, բացի պատմություն առարկայից, ուսուցանում է նաև թուրքերեն ու պարսկերեն:
«Առաջին իսկ օրվանից համայնքում տարբեր խնդիրներ ենք նկատել ու երեխաների հետ փորձում ենք լուծումներ սահմանել: Գյուղում ամենուր երեխաների մասնակցությունը կա՝ սկսած մաքրությունից, ծառատնկից մինչև համայնքի տեսարժան վայրերի նկարագրությունը: Նրանք փորձում են իրենց լուման ներդնել համայնքում: Այստեղ կազմակերպում ենք արտադասարականական խմբակներ. երեխաները պասկերեն են սովորում, թուրքերեն, մեդիագրագիտության խմբակ ունենք»:
Ծովինարն ասում է, որ իր համար սկզբում շատ դժվար է եղել, բայց արդեն երկու տարի ապրելով այստեղ, այլևս չի ցանկանում հեռանալ գյուղից: Ոչ տիպային դպրոցում բազմաթիվ խնդիրներ կան, տնօրեն Մարինե Սաֆարյանն է ներկայացնում առաջիկա անելիքները.
«Այս տարի դպրոցում «Կայուն զարգացման ծրագրով» սկսել ենք տաք սնունդ իրականացնել, բայց խմելու ջուր չունենք: Թալինից են ցիստեռնով բերում և վաճառում, մենք այն հավաքում ենք մեծ բաքի մեջ և օգտագործում: Դպրոցը ջեռուցվում է հեղուկ վառելանյութով: Այս տարի որոշել ենք դպրոցի տնտեսված միջոցներով եռաֆազ հոսանք ունենալ և փոխել էլեկտրական մալուխները, բայց ֆինանսական դժվարություններ ունենք»:
Խմելու ջրի խնդիրը համայնքում վաղուց կա, արտեզյան հորից մղվող ջուրը պիտանի չէ խմելու համար:
Տալվորիկի վարչական ղեկավար Կիրակոս Սաղաթելյան.
«Մեր խմելու ջրագծի ներքին ցանցը նոր է, նախկինում ես եմ ամբողջը փոխել: Հիմա ուզում ենք հարևան Արտամետ համայնքից ջուրը բերենք, մեր արտեզյան հորի ջուրը անորակ է»:
Գյուղում տիպային նոր դպրոցի ու մանկապարտեզի խնդիրը մնում է արդիական: Տալվորիկում երեխաների թիվն աճում է, շուրջ 35 մանկահասակ երեխաներ կան: Նոր դպրոցի հարցը դեռ կքննարկվի, ասում է Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը.
«Քննարկում ենք փոքր համայնքներում մեկ միասնական կրթահամալիր կառուցելու հնարավորությունը, այսինքն՝ հարևան համայնքների միջև մեկ հագեցած կրթահամալիր կլինի՝ ժամանակակից պայմաններով և կծառայի երկու համայնքին: Հնարավոր է՝ որոշակի հեռավորության վրա լինի, բայց բոլորին հասանելի կդառնա: Իսկ փոքր համայնքում նոր դպրոցի կառուցումը ծախսատար է, ուզում ենք այնպես անել, որ դպրոցում ներդրումն ու շահագործումն արդյունավետ լինի»:
Արտամետից Տալվորիկ խմելու ջուր տեղափոխելու խնդիրը Բաղրամյան խոշորացված համայնքում, այնուամենայնիվ, փորձում են լուծել: Համայնքի ղեկավար Շանթ Առաքելյան.
«Մենք «Վեոլիա ջրի» հետ պայմանավորվածություն ունենք, բայց տեխպայման չունենք, այսինքն՝ ընկերությունը մեզ լիարժեք թույլ չի տվել, որ այդ ջրագծից օգտվենք: Հուսով ենք, որ շուտով թույլ կտա, և Արտամետից մոտ 2 կմ հեռավորությամբ գտնվող ընդհանուր ցանցից նոր ջրագիծ կկառուցենք ու ջուրը կհասցնենք Տալվորիկ»:
Տեխպայման ունենալու դեպքում համայնքն այդ հարցը կկարգավորի տեղական բյուջեի միջոցներով կամ խոշոր հողատերերի աջակցությամբ, իսկ ձգձգման դեպքում՝ կիրականացնեն 2024 թ սուբվենցիայով: Այս տարի պետության 40 տոկոս համաֆինանսավորմամբ կասֆալտապատվի Տալվորիկի կենտրոնական փողոցը: Ծրագրի արժեքը 40.5 մլն դրամ է: Տալվորիկում 1780 հեկտար հող կա։ Դրանց մեծ մասը վաճառվել է խոշոր հողատերերին: Համայնքում հիմնականում բանջարեղեն են մշակում, զբաղվում են այգեգործությամբ ու անասնապահությամբ, բայց անասնագլխաքանակը կրճատվել է, քանի որ արոտավայրեր չունեն:











