ԿարևորՄշակույթ

Աղասի Այվազյանի «Աչքը ծոծրակին» պիեսը՝ Նաիրի համայնքի Զովունիի մշակույթի կենտրոնի բեմում

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը և մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարի Հովակիմյանը նախօրեին այցելել են Նաիրի համայնքի Զովունիի մշակույթի կենտրոն՝ դիտելու Աղասի Այվազյանի «Աչքը ծոծրակին» պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը:

Պիեսը բեմադրել է ռեժիսոր Արայիկ Արշակյանը:

Մինչ ներկայացման մեկնարկը, Ահարոն Սահակյանը մշակույթի կենտրոնի ցուցասրահում մասնակցել է նաև կենտրոնի տնօրեն Նարեկ Արշակյանի «Նարեկագիր» խորագրով լուսանկարների անհատական ցուցահանդեսին:

Լուսանկարներում արտացոլված են հայկական այբուբենի տառերը, որոնք ստացվել են մոր և երեխաների միաձուլման արդյունքում:

Խորհուրդն այն է, որ մեր այբուբենը դարեր շարունակ պահպանել է հայ ժողովրդի ինքնությունը, և հայ մայրը որպես հայի ինքնության և շարունակության գրավական՝ այբուբենի հետ ներկայացված են հավասարազոր։

Մարզի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել հատկապես մարզի բնակավայրերի մշակույթի ու արվեստի կենտրոնների կողմից նման մակարդակի ներկայացումներ բեմադրելու և մարզի մշակութային առօրյան զարգացնելու և աշխուժացնելու համար.

«Մենք էլ մեր հերթին պետք է մշտապես կանգնած լինենք մարզի մշակույթը կերտողների կողքին, որպեսզի մարզի բոլոր մշակութային օջախները լեփ-լեցուն դահլիճներով ու ներկայացումներով լի առօրյա ունենան»,-իր խոսքում ընդգծել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

Back to top button