Հրապարկվել են նախորդ տարի իրականացված մարդահամարի նախնական արդյունքները։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ մարդահամարի պահին Հայաստանում գտնվող անձանց թիվը 2 մլն 638 հազար 917 է՝ շուրջ 90 հազարով պակաս, քան նախորդ մարդահամարին։ Բնակչության թվի նվազումը մասնագետները բնականոն են համարում՝ վկայակոչելով տարբեր գործոններ։ Այս մարդահամարը նորանկախ Հայաստանի երկու մարդահամարներից տաբերվել է կազմակերպման մեթոդաբանությամբ և հարցաշարերի փոփոխությամբ։
2022 թվականին անցկացված Հայաստանի պատմության երրորդ մարդահամարի նախնական արդյունքներով՝ Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է շուրջ 90 հազարով։ Վերջին անգամ մարդահամար անցկացվել էր 2011-ին։ Մշտական բնակչությունը 2 մլն 928 հազար 914 մարդ է եղել։ Այս թվի մեջ ներառված են նաև այն մարդիկ, որոնք սովորաբար այստեղ են բնակվում, սակայն մինչև մեկ տարի ժամկետով բացակայել են երկրից՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Վիճակագրական կոմիտեի մարդահամարի ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։ Նվազում արձանագրվել է նաև բնակչության ընթացիկ հաշվառման տվյալներում՝ ասում է զրուցակիցս։
«Նախորդ տարվա մշտական բնակչության համեմատ նվազումը կազմել է շուրջ 90.000, իսկ ընթացիկ հաշվառման տվյալների համեմատ տարբերությունը մոտ 42.000 է։ Սա է պատճառը, որ ՄԱԿ–ի մասնագիտացված կառույցները երկրներին կոչ են անում առնվազն 10 տարին մեկ անգամ մարդահամար անցկացնել, որպեսզի ճշգրտվի բնակչության թվաքանակի հաշվարկի հիմքը, քանի որ բնակչության հաշվարկը շատ կարևոր որոշումների կայացման համար նշանակություն ունի։ Թե՛ տնտեսության, թե՛ ժողովրդագրական, թե՛ այլ սոցիալական ոլորտի գործառույթների տեսանկյունից»։
233 հազարով նվազել է նաև մարդահամարի պահին Հայաստանում գտնվող անձանց թիվը։ 2022–ի մարդահամարին նրանք 2 մլն 638 հազար 917 են եղել։ Կարինե Կույումջյանը պատկերը բացատրում է մահերի ու ծնունդների անհավասարությամբ։ Վերջին տարիների դինամիկան ցույց է տալիս, որ բնակչության բնական աճի ցուցանիշն ավելի շատ նվազման տենդենց ունի, քան աճի։
«Խորհրդային տարիներին, անկախությունից հետո էլ ծավալները մեծացան։ Միգրացիոն տվյալները գրեթե միշտ ունեցել են բացասական միտում։ Բայց քանի որ բնակչությունն ունեցել է բավական բարձր բնական հավելաճ, դրա համար միգրացիոն բացասական մնացորդը ծածկվել է դրա հաշվին։ Քանի որ վերջին տարիներին բնական շարժի ցուցանիշն էլ ծավալային առումով փոքրանում է, արդեն միգրացիայի ցուցանիշերն էլ մեծանում են, դրանից բնակչության թվաքանակի նվազումն արդեն ակնհայտ է»։
Սա Հայաստանի Հանրապետության 3-րդ մարդահամարն է․ անկախացումից հետո առաջինը 2001-ին էր, երկրորդը՝ 2011-ին։ Բնակչության թվի նվազում գրանցվել է նաև առաջին և երկրորդ մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածներում՝ ասում է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն ու նշում՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցող գործընթացները՝ բնականոն իրավիճակ է։
«Բնականոն երևույթ է՝ նկատի ունենալով բնակչության արտահոսքի շարունակումը երկրից և նկատի ունենալով բնական վերարտադրության երկու կողմերի՝ ծնելիության ու մահացության փոփոխությունները։ Միշտ է ասվել, որ բնակչության շարունակական արտահոսք է տեղի ունենում, որ նվազում է ծնելիության ցուցանիշը»։
Ըստ ժողովրդագրի՝ առաջին հերթին պետք է հասկանալ բնակչության շարունակական արտահոսքի վրա ազդող գործոններն ու դրանք բացառելուն ուղղված քայլեր մշակել։ Սրա մասին բազմիցս է խոսվել, ասում է զրուցակիցս։ Եթե ծնելիության աճի խթանմանը զուգահեռ, միգրացիոն հոսքի դադարեցմանն ուղղված քայլեր չձեռնարկվեն, ապա նվազման դինամիկան շարունակվելու է։
«Եթե այդ ազդող գործոնների վրա հակազդեցություն չլինի, եթե դրանց փոփոխության ուղղությամբ քայլեր չլինեն, բնականաբար, պետք է շարունակվի նաև այդ գործընթացը։ Իմ կարծիքով՝ հիմա հնարավոր է, որ արտահոսքի ծավալները պակասեն, բայց ոչ թե մեր ներքին գործոններից ելնելով, այլ արտաքին գործոնների փոփոխությունից ելնելով։ Ռուսաստանում ու Արևմուտքում իրավիճակը հաշվի առնելով»։
Մարդահամարի տվյալները հաջորդ 10 տարում պետք է օգնեն այս կամ այն ոլորտում պետության ռազմավարական ուղղությունները ավելի թիրախային դարձնելու հարցում՝ ասում է Կարինե Կույումջյանը։ Այս անգամ բնակիչները պատասխանել են 4 տասնյակից ավելի հարցերի։ Մարդահամարի վերջնական ու ամբողջական արդյունքները կհրապարակվեն այս տարվա դեկտեմբերին։