
Արցախում անժամկետ ակցիա են սկսել՝ «Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» նախաձեռնող խմբի անդամները։ «Ունենք հստակ պահանջ՝ հանել անցակետը»,– հայտարարել են ակցիայի մասնակիցները։ Նախօրեին Արցախի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լաչինի միջանցքում։ Խոսքը Արցախի քաղաքացիների ազատ երթևեկությանը խոչընդոտող Ադրբեջանի անօրեն գործողությունների մասին է։ Իրավիճակի հետ չհամակերպվելու կոչ է հնչել Արցախից։ Ստեփանակերտն աշխարհի հայությանը հորդորել է դեմքով շրջվել դեպի Արցախ, իսկ միջազգային հանրությունից ակնկալում է անգործություն ու պասիվություն չդրսևորել և ապահովել Հաագայի դատարանի որոշման կատարումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, երաշխավորել անխոչընդոտ տեղաշարժը:
Արցախի շուրջ օղակը սեղմվում է։ Ստեփանակերտում այսպես կոչված «Կոլցո» օպերացիան են հիշում, երբ անցագրային ռեժիմի անվան տակ Ադրբեջանն ահաբեկչական գործողություններով հայաթափեց Շահումյանի շրջանն ու Գետաշենը։ Ստեփանակերտցի կնոջ ծանր հիշողություններն են թարմացել, երբ տեսել է Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական անցակետում տեղի ունեցած միջադեպի կադրերը.
«Մենք այդ փորձն ունեցել ենք, տեսել ենք 91 թվականին՝ «անձնագրային ռեժիմի» հետևանքով ինչքան-ինչքան մարդիկ են գերեվարվել, ինչքան մարդիկ են անհետ կորել և հայաթափվել է ամբողջ Հյուսիսային Արցախը, նույն «Կոլցո» օպերացիան»։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը նկատում է, որ եթե հայկական կողմից հստակ դիմադրություն լինի, Ադրբեջանը, դժվար թե ամեն ոլորտում կարողանա առաջխաղացում ունենալ։
«Ակնհայտ է, որ անցակետի տեղադրմամբ չի սահմանափակվելու Ադրբեջանը. փորձելու է նախևառաջ Արցախից դուրս գտնվողներին չթողնել մուտք գործել, իսկ այն մարդիկ, ովքեր որ ներսում են և ուզում են որոշակի առևտուր անել, որևէ խնդրով դուրս գալ՝ բուժման նպատակով և այլն, այդ մարդկանց դուրս գալուն պես նույնպես թույլ չտան, որ վերադառնան Արցախ, այսինքն՝ հայաթափեն հնարավորինս՝ մեկ-երկու տարվա ընթացքում, որքան հնարավոր է, հետո արդեն, ըստ իրավիճակի, կհասկանան, կոնկրետ ցեղասպանության քայլ անե՞լ արցախահայության նկատմամբ, թե՞ ոչ»,– գրել է փորձագետը։
Իրավիճակի հետ չհամակերպվելու կոչով քաղաքացիներին է դիմել Արցախի նախագահի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։ Նա հորդորել է փողոց դուրս գալ, համապետական հանրահավաք անցկացնել, պահանջներ ներկայացնել իշխանությանն ու Ռուսաստանին․
«Ուրիշ մարդ չկա, որ մենք դիմենք։ Եթե ռուսն էլ ասեց՝ չեմ անում, կամ՝ չեմ կարող, ասելու ենք՝ եթե դու էլ չես դիմում ՄԱԿ-ին, ինքներս կդիմենք պետական մակարդակով, եթե ՄԱԿ-ն էլ չարձագանքեց, արդեն մեր հետևություններն ու գործողությունները կանենք»։
Արցախում նաև կարծում են, որ միջազգային հանրությունից, ինչպես ձևակերպում է հավաքի մասնակիցներից մեկը, նեղանալու իրավունք չունեն. ՄԱԿ-ը չի արձագանքում, քանի որ իրենք երբեք չեն ասել, որ ռուսական խաղաղապահներն իրենց պարտավորությունները չեն կատարում․
«Արցախի իշխանության մեղքն այն է, որ մինչև հիմա գոնե մի անգամ չի հայտնել միջազգային հանրությանը, որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում։ Երբ որ մենք ռուսին ստիպենք անել երկու բան՝ կամ բացել միջանցքը, կամ էլ հայտարարել, որ ինքը ի վիճակի չի դա անել, սա արդեն մեզ լուծում է լինելու։ Այս դեպքում մենք արդեն միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին դիմելու ռեալ հիմքեր կունենանք, որ ՄԱԿ-ն իր պարտավորությունները կատարի»։
Միջազգային հանրությունից Արցախն ակնկալում է անգործություն ու պասիվություն չդրսևորել և ապահովել Հաագայի դատարանի որոշման կատարումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը՝ երաշխավորելով անխոչընդոտ տեղաշարժը:
Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետի ապօրինի տեղադրումն ու դրա հետևանքները նախօրեին քննարկվել է Արցախի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ապահովել կրկնակի շրջափակման մեջ հայտնված չորս գյուղերի անվտանգությունն ու կենսագործունեության համար անհրաժեշտ ապրանքների մատակարարումը՝ ՌԴ խաղաղապահների հետ գործակցությամբ:
Նախօրեին Արցախի նախագահը, պետական նախարարը, ներքին գործերի ու պաշտպանության նախարարները ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում հանդիպել են նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ: Վերահաստատվել է իրավիճակի վերաբերյալ Արցախի դիրքորոշումը։ Այն է՝ իրավիճակի կարգավորումը պետք է հիմնված լինի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա։
Արցախյան կողմին լսելուց հետո ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովը հայտնել է, որ առաջիկա օրերին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ և հարցին կկարողանա անդրադառնալ ու տեղեկություն հաղորդել շաբաթվա վերջում։
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը դիմել էր Հայաստանի իշխանություններին ու ժողովրդին, Սփյուռքին ու միջազգային հանրությանը՝ կոչ անելով ձեռնարկել բոլոր քայլերը, քաղաքական ու դիվանագիտական բոլոր հնարավորությունները՝ Արցախի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար։
Ստեփանակերտն աշխարհի հայությանը հորդորում է դեմքով շրջվել դեպի Արցախը ու տեսնել այն մարդկանց, որոնք տառապանքների գնով պահում են հայկական աշխարհի այդ հատվածը։




