ԿարևորՀասարակություն

Ֆիլմարտադրության ոլորտում առաջարկվում է կիրառել ներդրումների մասնակի վերադարձի մոդելը

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ են առաջարկում պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Թագուհի Ղազարյանը:

Առաջարկվում է կիրառել ներդրումների մասնակի վերադարձի մոդելը (cash rebate), այսինքն՝ ֆիլմարտադրողը ֆիլմարտադրությանն անմիջականորեն առնչվող ապրանքների ու ծառայությունների համար դրամական ծախսերը կարող է մինչեւ 20 տոկոսի չափով վերադարձնել:

Օրինագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ գործող օրենքի որոշ դրույթների իրագործման անհնարինության մասին Ազգային ժողովում հանդիպումների ժամանակ բարձրաձայնել են ֆիլմարտադրության ոլորտի մասնագետները: Վերջիններս վստահեցրել են նաեւ, որ օրենքի ընդունումը կխթանի ֆիլմարտադրությունը: Սիսակ Գաբրելյանի խոսքով մեծ հետաքրքրություն կա Հայաստանում ֆիլմարտադրության հետ կապված Հնդկաստանի, նաեւ՝ ԱՄՆ-ի կողմից: Նա տեղեկացրել է, որ Կառավարության մի շարք առաջարկներն արդեն ընդունվել են, իսկ մնացածը կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը նշել է, որ օրենքով պետական աջակցության մեխանիզմները գործնականում չեն գործում, առաջարկվում են օրենքի կիրառման առավել արդյունավետ մեխանիզմներ: Գլխադասային հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

«Ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի միջազգային ձեւաչափի կիրառումը կարող է շատ ավելի արդյունավետ լինել օտարերկրյա ֆիլմարտադրողների հետ աշխատանքը կազմակերպելու համար»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը կարեւորել է այն հանգամանքը, որ այս ձեւաչափը պարզեցված է պետական մարմինների գործառույթների մասով: Նա նշել է, որ առարկություններ չկան, ողջունելի փոփոխություն է:

Պատգամավոր Սոնա Ղազարյանը եւ օրինագծի համահեղինակ Թագուհի Ղազարյանը եւս կարեւորել են նախաձեռնության ընդունումը: Նշվել է, որ նոր դրույթները կխթանեն հայկական ֆիլմարտադրությունը, կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը, ներդրումների աճին, տնտեսական աշխուժացմանը: Թագուհի Ղազարյանը վստահեցրել է, որ ոլորտում ներդրումների վերադարձի գործող խրթին մեխանիզմները դյուրացվում են:

Կարդացեք նաև
Close
Back to top button