
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած բանակցություններին:
«Այս շաբաթ խաղաղ բանակցություններ ենք վարում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ` մեր նոր հաստատությունում` Ջորջ Պ. Շուլցի անվան կենտրոնում։ Երկխոսությունն է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին»,- գրել է նա։
Վաշինգտոնում նախօրեին հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունները կարող են մի քանի օր տևել։ Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ արտգործնախարարները Վաշինգտոնում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների համար։ Մինչև երկկողմ հանդիպումը Միրզոյանն ու Բայրամովն առանձին-առանձին քննարկումներ են ունեցել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։




