Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր անցկացվել են կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը, որոնց արդյունքներով Հայաստանի տղամարդկանց հավաքականի 9 ներկայացուցիչներ արժանացել են բրոնզե մեդալների: Եվս երեք բռնցքամարտիկներ դուրս են եկել եզրափակիչ, որտեղ մայիսի 3-ին կպայքարի ոսկե մեդալների համար:
Տղաների պայքարում երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալները նվաճել են Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:
Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ՝ Գոռ Ազիզյանը (57 կգ), Աղվան Ալեքսանյանը (80 կգ), Դավիթ Սիմոնյանը (86 կգ) վստահ հաղթանակներ են տարել կիսաեզրափակչում և դուրս գալով եզրափակիչ՝ կպայքարեն հաղթողի տիտղոսի համար:
Աղջիկների պայքարում էլ երեկ երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալին արժանացել էր 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը՝ կիսաեզրափակչում զիջելով Ռումինիայի ներկայացուցչին: