
Վաշինգտոնում այսօր հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Միրզոյան–Բայրամով բանակցությունները կարող են մի քանի օր տևել։ Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ արտգործնախարարները Վաշինգտոնում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների համար։ Մինչև երկկողմ հանդիպումը Միրզոյանն ու Բայրամովն առանձին-առանձին քննարկումներ կունենան պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Վաշինգտոնյան հովանավորությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպման օրակարգից մանրամասներ չեն հաղորդվում, սակայն քարոզչական խողովակների միջոցով դաշտ է նետվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլի անցկացման մասին տեղեկությունը։
Ուշագրավ է, որ երկու երկրների արտգործնախարարների միջև որևէ հանդիպում, բանակցություն տեղի չի ունեցել Լաչինի միջանցքի արգելափակման ընթացքում և սա, ըստ էության, առաջին հանդիպումն է Արցախի շրջափակման պայմաններում։ Ըստ այդմ՝ քաղաքագետ Արա Պողոսյանը կարծում է, որ հանդիպումը պետք է դիտարկել Ռուսաստան-Արևմուտք մրցակցության համատեքստում ր այս փուլում հարցն այն է, թե որ գերտերությունը նախաձեռնողականությունը կվերցի իր ձեռքն ու հակամարտության կարգավորման բանալին կպահի իր ձեռքում։
«Այս հանդիպումն ընդհանուր առմամբ կապված է վերջին սրացման հետ։ Հիշենք, որ շրջափակումից հետո բանակցություններ չկային։ Այնուհետև ՌԴ–ն խոսեց հնարավոր հանդիպման նախաձեռնության մասին, որից հետո, ըստ էության, ԱՄՆ–ն առաջին քայլն արեց»։
Քաղաքագետը Խաղաղության պայմանագրի շուրջ որևէ համաձայնությունն այս փուլում քիչ հավանական է համարում, քանի որ այն, ինչ տեղեկատվական դաշտ է նետվում, Բաքվի միակողմանի պահանջներն են։ Նա հակված է կարծել, որ Վաշինգտոնում պետքարտուղար Բլինքենի գլխավորությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման և դրա հետևանքների հարցը։
«Ադրբեջանական մեսիջները վկայում են այն մասին, որ այս բանակցությունների մեխը լինելու է ադրբեջանական պահանջների միջազգային հարթակներում ֆիքսելը և այդ պահանջներին որևէ կարգավիճակ տալը, հետևաբար կարծում եմ, որ այս հանդիպումը լինելու է հերթական հանդիպում։ Այս հանդիպման ընթացքում կարծում եմ կքննարկվի Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցագրային կետի տեղակայման հարցը»։
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ընդգծելով հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների կարևորությունը, նաև մտահոգությունն էր հայտնել Լաչինի միջանցքում անցակետի տեղակայման առնչությամբ՝ նշելով, որ այն խաթարում է խաղաղ գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Բլինքենը նաև շեշտել էր Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ բացելու կարևորությունը։ Սա, ըստ քաղաքագետի, հուշում է, որ անցակետի հարցըՎաշինգտոնում չի շրջանցվելու։ Մինչ այդ Արա Պողոսյանը արախցիներին հորդորում է ձեռնպահ մնալ ադրբեջանական անցակետով անցնելու գայթակղությունից։
«Եթե հիմա տեսական հնարավորություն կա, որը մենք հետո կկարողանանք դարձնել գործնական հնարավորություն ՝պայքարելու և գոնե կարճաժամկետ ժամանակում այն հանելու, ապա հաշտվելու և երթևեկություն սկսելու պարագայում դա այլևս կդառնա անհնարին»։
Վաշինտոնում, զրուցակցիս կարծիքով, իհարկե փորձ կարվի ֆիքսել ու կապիտալիզացնել անցակետի առկայությունը, սակայն հայկական կողմը դժվար թե համաձայնի դրան։
Միրզոյանի ու Բայրամովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 7-ին՝ մինչև Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս ընթացքում Բաքուն ոչ միայն քայլեր չի ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ, այլև նոր պահանջներ է առաջ քաշել ՝ որպես Խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։ Խոսքն, օրինակ, Արցախից զինված ուժերի դուրս բերման կամ գյուղերի վերադարձի մասին է։
«Շատերն ասում են, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիա էր, բայց ես կարծում եմ, դա կապիտուլյացիա չէր, բայց այն խաղաղության պայմանագիրը, որ առաջարկում է Ադրբեջանը, ստորագրելը հենց կլինի մեզ համար կապիտուլյացիոն ակտ, քանի որ այն շոշափում է Հայաստանի Հանրապետության համար անընդունելի պահանջների փաթեթ»։
Այսօր Հայաստանի համար ամենաբարենպաստ ժամանակները չեն, բայց պետք է դիմանալ ու դիմադրել՝ համոզված է զրուցակիցս, քանի որ իրավիճակը մեծ հավանականությամբ կարող է շրջադարձեր արձանագրել։




