ԿարևորՔաղաքական

Արցախը նորից ոտքի է կանգնում․ հանրությունը ձևակերպում է իր պահանջները

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից մեկ օր առաջ Ադրբեջանը հրապարակել է քարոզչական մի տեսանյութ Հակարիի կամրջին տեղադրված անցակետից։ Փորձագիտական գնահատականների համաձայն՝ նպատակն էր միջազգային հանրությանը ցույց տալ, թե Լաչինի միջանցքը գործում է։

Ըստ Արցախի իշխանությունների՝ երկկողմանի շրջափակման մեջ գտնվող գյուղերի մի խումբ  բնակիչներ նախօրեին դիմել են ռուս խաղաղապահներին և ստացել հավաստիացումներ, որ առանց զննության կկարողանան անցնել Հակարիի կամրջով: Անցակետում, սակայն,  նրանք հանդիպել են ադրբեջանցիների ու հայտնվել  անելանելի վիճակում, ինչի մասին պատմել են հետո։ Այս ամենը նոր զարգացումներ և նոր պահանջներ է ձևավորել Արցախում։ Իրավիճակով մտահոգված արցախցիները  առավոտից ինքնաբուխ դուրս են եկել փողոց՝ ձևակերպելու իրենց պահանջներն ու ներկայացնելու դժգոհությունները։

Հակարիի կամրջին տեղի ունեցածից հետո Արցախում անհանգիստ է։ Քաղաքացիները փորձում են Արցախի իշխանություններին ուղղված ինքնաբուխ պահանջներ ձևակերպել։ Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանի ներկայացմամբ՝ հանրության ասելիքը պետք է ուղղված լինի ոչ միայն իշխանություններին, այլև՝  Ռուսաստանին և միջազգային հանրությանը։  

«Փառուխ ենք կորցրել, Հին Թաղեր ենք կորցրել, Խծաբերդ ենք կորցրել, Սարիբաբ ենք կորցրել, զոհեր ենք ունեցել, այլ տարածքային զիջումներ ենք ունեցել։ Ասում ենք՝ վատ է մեր վիճակը, օգնեն։ Միջազգային հանրությունը ասում է՝ հասկացանք, որ վատ է ձեր վիճակը, կան ռուս խաղաղապահներ։ Դուք բողոք ունե՞ք իրենցից, մենք ասում ենք՝ ոչ։ Դե որ ոչ, ապա էլ թեմա էլ չկա։ Բայց երբ մենք ռուսին ստիպենք անել երկու բան՝ կամ բացել միջանցքը, կամ հայտարարել, որ ինքն ի վիճակի չէ դա անել, սա արդեն լուծում է լինելու: Այդ դեպքում միջազգային հանրությունից եւ ՄԱԿ-ից ռեալ իրավական հիմքեր ունենք պահանջելու, որ իրենց կատարեն իրենց պարտականությունը: Մենք Արցախի իշխանություններից պահանջելու ենք ռուսներին հանել ջրի երես՝ կամ-կամ»։

Ադրբեջանական անցակետում ստուգման ենթարկվածներից մեկը Մեծ Շեն գյուղի բնակիչ Գեղամ Հարությունյանն էր։ Լրատվամիջոցներին նա պատմել է, որ ադրբեջանցիներն իր մեքենան ու փաստաթղթերը ստուգելուց հետո նրան ասել են, որ չվերադառնա։

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի պարզաբանմամբ՝ ադրբեջանական անցակետում հայտնվել են երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչները, որոնք անցակետի տեղադրման հետևանքով  մնացել էին Գորիսում ու ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադառնում էին իրենց բնակավայր։ Պետնախարարի խոսքով՝ նրանք անակնկալ կերպով կանգնեցվել են ադրբեջանցի ծառայողների կողմից:

Հայաստանի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համար պետնախարարի մեկնաբանությունը համոզիչ չէ։ Ֆեյսբուքյան գրառմամբ պատգամավորը նկատել է, որ արդեն մեկ շաբաթ մամուլում, սոցիալական ցանցերում բազմաթիվ  տեսանյութեր և լուսանկարներն են  շրջանառվում ադրբեջանցիների տեղակայած անօրինական անցակետի վերաբերյալ, և դժվար թե այդ հատվածով երթևեկած քաղաքացիները նախապես դրա մասին չիմանային: Աբրահամյանն ուշադրություն է հրավիրել, որ Հայաստանից Արցախ մուտք գործելիս` մինչև ադրբեջանական անցակետը, ծառայություն են իրականացնում արցախցի ոստիկանները, հարակից հատվածներում, սահմանագծի պահպանությամբ պայմանավորված, Հայաստանի սահմանապահ զորքերն են, որոնք նույնպես տեղյակ էին իրավիճակից:

«Խնդիրը ոչ թե ադրբեջանական ծուղակում հայտնված արցախցիներն են, այլ Արցախի իշխանությունները, առանց որոնց թույլտվության կամ համաձայնության բացառված էր Արցախի կամ Հայաստանի գրանցում ունեցող անձանց անցումը դեպի Արցախ կամ միջանցքի այն հատված, որտեղ տեղակայված է ադրբեջանական անցակետը։ Արցախի իշխանությունը, իսկ այս դեպքում, կոնկրետ պատասխանատուն` նախագահը, պետք է պարզաբանեն, թե ինչ պայմանավորվածության, քաղաքական ինչ որոշման հետևանքով է տեղի ունեցել այս գործընթացը, որովհետև սա խաղաթուղթ է դառնալու ադրբեջանցիների համար, միջազգային հարթակներում «հիմնավորելու», որ միջանցքը իբր բաց է, շրջափակում չկա, իսկ արցախցիները պատրաստ են ապրել ադրբեջանական օրենքների շրջանակներում»:

Արցախցիները հասկացել են, որ այս փուլում պետք է խոսեն և բարձրաձայնեն մտահոգություններն ու խնդիրները։ Մեծ հանրահավաք կազմակերպելու անհրաժեշտություն են տեսնում։ Քայլերի մասին խոսում են բազմազավակ ընտանիքների «Փանաձեմ» ՀԿ ղեկավար Նորիկ Հարությունյանը և Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։

Նորիկ Հարությունյան․ «Կոչ եմ անում մեր բազմազավակներին, թող դուրս գան, թող հավաքվեն, այս հարցի լուծումը ժողովուրդն է, մենք պետք է տանք միանշանակ։ Իրենք չեն կարողանում, անում ենք միասին»։

Տիգրան Պետրոսյան․ «Իշխանությունները զրուցել են նորանշանակ Լենցովի հետ ( ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար – խմբ․) նա ասաց, որ մեկնում է Բաքու բանակցությունների, կլինի չորեքշաբթի, այսինքն՝ ռուսներն ասում են՝ մինչև չորեքշաբթի սպասեք, մենք բանակցություններ ենք վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի ինչ–որ մի բանի հասնենք։ Ես կարծում եմ, որ պետք չէ ուշացնել, պետք է քայլեր ձեռնարկենք, ռուսին ցույց տանք, որ այստեղ նախիր չենք, ժողովուրդ ենք։ Եվ տնտեսապես, և բարոյապես սպառվում ենք»։

Ստեփանակերտի Ազատամարտիկի պուրակում արցախցիները քննարկում են տարբերակներ, թե ինչպես կարող են հասնել ադրբեջանական անցակետի աշխատանքի դադարեցման։ Առաջարկների մեջ կա նաև տարբերակ՝ համաձայնել, որ այդ անցակետը մնա և աշխատի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։   

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարևոր և անհրաժեշտ է համարում, որ այս փուլում արցախահայությունն ինքը հստակ ձևակերպված ասելիքով դիմի միջազգային հանրությանը։

«Որովհետև այսօր այս պահին իրականության մեջ Հայաստանը իր 29 800 քառակուսի կիլոմետր սահմաններով ընդունվում է միջազգային հանրությունում որպես առանձին սուբյեկտ, իսկ Արցախը չի ընդունվում։ Ստացվում է այնպես, որ միջազգային հանրության համար Հայաստանը և Արցախը տարբեր միավորներ են։ Այստեղ հարցն այն է, որ երբ այդ աղմուկը փորձում է բարձրացնել Հայաստանը, նրան ասում են՝ դուք ուրիշների համար ինչո՞ւ եք անհանգստանում, նրանք չեն աղմկում։ Եվ այդ պատճառով անհրաժեշտ է, որ առաջինը նրանք աղմկեն, ամեն ինչ անեն, բոլորին դիմեն»։  

Մինչ այս թույլ տրված սխալներից քաղաքագետն առանձնացնում է օրինակ այն, որ նաև միջազգային հանրությունն էր տեղեկանում շրջապատված Արցախից որոշ անձանց ելումուտի  մասին։ Անհեռանկարային է համարում նաև Արցախի իշխանությունների այն գիծը, թե ՄԱԿ ԱԽ–ն պետք է ավելի լայն մանդատ տա ռուս խաղաղապահներին։ Ասում է՝ Ադրբեջանը նույնպես քաղաքական սխալներ գործում է, այնպես որ «խաղը» ավարտված չի համարում։

«Խաղը փոխելու համար անհրաժեշտ է կամք, սառը հաշվարկ, ճիշտ կանխատեսումներ իրականացնել և աշխատել համախմբված։ Հայաստանը բավական բան անում, մյուս կողմից էլ՝ շատ բան չի անում։ Որոշ հարցերում վախվորած է, որոշ հարցերում փորձում է չնեղացնել այս կամ այն կողմին, ինչը ևս խանգարում է։ Այս ամբողջ իրավիճակը միմյանց չվստահելու, համախմբված չգործելու, մեկը մյուսի ծրագրի նկատմամբ անվստահության հետևանք է։ Չկա հստակ հիերարխիա, որտեղ ամեն մեկը իմանա՝ ինչ պետք է անի, չկա ռազմավարական պլանավորում կոնկրետ այդ խնդիրները լուծելու համար և այդ ամենը բերում է այսպիսի անորոշ քաոսային վիճակի։ Հուսանք, որ այսպես չի շարունակվի»։

Ադրբեջանական անցակետի գործունեության դադարեցմանը հասնելու համար քաղաքագետը երկու տարբերակ է տեսնում՝ ռազմական գործողություններ կամ խաղաղության պայմանագիր։ Երկուսն էլ այս պահին անհնար է համարում։

Back to top button