ԿարևորՀասարակություն

ՀՀ նախագահն ընդունել է ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը ներկա են գտնվել Յուրի Հովհաննիսյանի 90-ամյա հոբելյանին նվիրված՝ «Գերծանր միջուկներ և ատոմներ» միջազգային գիտաժողովի մասնակիցներն ու կազմակերպիչները:

Հանրապետության նախագահը ողջունելով ականավոր գիտնականին՝ շնորհավորել է տարեդարձի առթիվ և քաջառողջություն ու նորանոր գիտական նվաճումներ մաղթել:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է Երևանում միջազգային կոնֆերանսների, գիտաժողովների կազմակերպման նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել նման ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական գիտական ու մշակութային սերտ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը նվիրված հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ինչպես նաև գիտության այլ ոլորտներում առկա ներուժի վերհանմանն ու առարկայական համագործակցության օրակարգի ձևավորմանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական դարձնել Հայաստանում միջազգային բազմոլորտ գիտաժողովների և մշակութային համատեղ միջոցառումների անցկացումը: Այս կապակցությամբ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է հայ-ռուսական մշակութային, գիտական, կրթական և այլ ոլորտներում առկա համագործակցության լավագույն ավանդույթների պահպանությունն ու զարգացումը:

Back to top button