
Միջնորդական երկու հարթակները Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների նոր փուլ են առաջարկում: Երկուսի նախնական պայմանավորվածություններն էլ արդեն ձեռք են բերվել:
Հայաստանը անգամ «Խաղաղության պայմանագրի» նախագծի ադրբեջանական առաջարկների պատասխանները առցանց չի ուղարկում՝ արդեն դեմ առ դեմ այն քննարկելու հավանականությունից ելնելով:
Հարցականի տակ է, սակայն, թե տևական դադարից հետո որ հարթակում կկայանա առաջին հանդիպումը: Համենայնդեպս, մեկի մոտավոր ժամկետը արդեն հրապարակվել է:
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ առաջիկայում երկու հավանական հանդիպում կարող է կազմակերպվել: ՌԴ-ն՝ առանց ժամկետների, ազդարարում է արտգործնախարարների մոսկովյան հանդիպման պայմանավորվածությունը, ինչը հաստատոևւմ է պաշտոնական Երևանը, Արևմուտքը խոսում է ավելի բարձր մակարդակով հանդիպման նախապատրաստման մասին: Դա արդեն կարող է լինել մեկ ամիս անց՝ հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ այնտեղ նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ հանդիպման շրջանակներում: Այս ուղղությամբ աշխատանքի մասին Երևանում խոսել էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
«Մենք դեռ չենք խոսել նոր հանդիպումների երկկողմ, եռակողմ, գուցե ավելի շատ անդամներով հանդիպումների մասին, բայց կարևոր է հիմնվել Պրահայում ձեռք բերվածի վրա և փորձել որոշակի համաձայնության կոնկրետ կետեր գտնել առաջիկա հանդիպումների ժամանակ: Գուցե Քիշնևում հանդիպման ժամանակ մենք կարող ենք հույս ունենալ բարձր մակարդակի երկխոսության , ինչպես եղավ հոկտեմբերի 6-ին Պրահայում: Գործընթացը ընթացքի մեջ է»:
Երբ կմեկնի Արարատ Միրզոյանը Մոսկվա դեռ չի հրապարակվում, բայց Վաշինգտոն նա մեկնում է ապրիլի 30-ին: Միացյալ Նահանգներում նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: Անցած շաբաթ տարածաշրջանում էին Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն և պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը: Նրանք Երևանում և Բաքվում բանակցում էին երկու երկրների ղեկավարների հետ։
Բանակցային հարթակների առումով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հստակեցնում է.
«Մենք հարթակների միջև տարբերություն չենք դնում, խաղաղության գործընթացը մեկն է, և բանակցություններն էլ ըստ էության ընթանում են միևնույն խաղաղության պայմանագրի նախագծի, դրա հիմնադրույթների շուրջ: Մենք շնորհակալ ենք բոլոր մայրաքաղաքներին, որոնք հարթակ են տրամադրում, փորձում են կամրջող դեր խաղալ այս գործընթացում: Հայաստանի համար առնվազն հարցը այդպես չի դրված՝ բանակցել Մոսկվայում, թե Վաշինգտոնում, թե Բրյուսելում: Բանակցությունները, ըստ էության մեկն են, նույնն են»:
Այն, որ Հայաստանը պատրաստվում է բանակցությունների և դա է պատճառը, որ առնցանց դիվանագիտության միջոցով Ադրբեջանին չի փոխանցվել առաջարկների 4-րդ փուլի պատասխանները, հաստատել է նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Վերջին զարգացումներից ելնելով քաղաքագետ Արմեն Պետրոսյանը ենթադրում է, թե ինչը կարող է առաջիկա բանակցությունների առարկա դառնալ: Նա հավանական է համարում, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբանակցման հարց դրվի՝ միջանք միջանցքի դիմաց սկզբունքով:
«Այն, որ Ադրբեջանը նման դիրքորոշումը նախագահի շուրթերով մեկնաբանում է, թե Հայաստանն էլ ճանապարհ չի տալիս Ադրբեջանի ու Նախիջևանի կապի համար: Ռուսական կողմն էլ իր բոլոր պաշտոնական հայտարարություններում ընդգծում է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը, մյուս կողմից էլ կոչ է անում հայկական կողմին ևս մասնակից լինել ճգնաժամի հանգուցալուծմանը: Սա նշանակում է, որ հայկական կողմին կոչ է արվում ոչ թե բոյկոտել, ոչ թե չեղարկել հնարավոր բանակցությունների նոյեմբերի 9-ի փաստաթղթի շուրջ, այլ մասնակցել և արդեն պարզ է ուղերձները, թե որ կետի շուրջ պետք է գնա՝ 9-րդ կետի կապուղիների ապաշրջափակման հետ կապված, որպեսզի 6-ի և 9-ի միջև իրավական հավասարություն դրվի»:
Հաշվի առնելով ադրբեջանցի կեղծ «բնապահպանների» ակցիայի դադարեցումը Լաչինի միջանցքում, քաղաքագետը նաև հավանական է համարում, որ Մոսկվան և Բաքուն եկել են համաձայնության, որ Հակարի կամրջին տեղադրված անցակետը չի ապամոնտաժվի: Ուշագրավ է, որ այս հարցում որոշակի զիջումների պատրաստ է նաև արցախյան կողմը: Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը պատմել է ռուս խաղաղապահների նոր հրամանատարի հետ հանդիպման մանրամասներից:
«Ասել ենք, մեր կարմիր գծերը, ասել ենք, որ այնտեղ չպետք է լինի ադրբեջանցի, նույնիսկ վիզուալ կոնտակտ պետք է չլինի: Թող գնան հեռու նստեն, այդ սկաների ինֆորմացիան դիստանցիոն ուղարկեն, իրենք ստուգեն: Նա ասաց, որ իրենք էլ են նման կերպ մտածում: Այսինքն՝ բանակցում են, որ անձնագրի ստուգումները և այլն իրականացնեն միայն ու միայն ռուսները: Եթե այդպես լինի, կարելի է մի տեղ էլ ընդունել, քանի որ մինչ այդ էլ ամբողջ ճանապարհի ընթացքում մի 7-8 անգամ ստուգում էին մեր ավտոները, մեր անձնագրերը»:
Արցախում այժմ վերապահումով են մոտենում ռուս խաղաղապահների խոստումներին: Նախորդ դեպքերից հետո արդեն վստահությունը նրանց նկատմամբ նվազում է, սպասում են առաջիկա զարգացումներին և ենթադրում՝ եթե նույն աշխատաոճը շարունակվի, ապա հնարավոր է գործ ունեն նախապես պայմանավորված գործողությունների հետ: Այդ դեպքում Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահի խոսքով՝ արդեն կձեռնարկեն այլ գործողություններ: Որպես այլընտրանք, դիտարկում են՝ դիմել միջազգային հանրությանը ու ՄԱԿ Անվտանգության խորհրդին:




