ԿարևորՄշակույթ

Իրավիճակը հաղթահարել նաև արվեստով. արցախյան գույներ՝ Նկարիչների միությունում

Իրավիճակը հաղթահարել նաև արվեստով․ այս կարգախոսով է ստեղծագործում նկարչուհի Սուսաննա Բուդաղյանը։ Արմատներով արցախցի արվեստագետն ասում է՝ այս իրավիճակում դժվար է ստեղծագործել, բայց արվեստը ուժ է տալիս։ Նկարչուհու աշխատանքերի մեջ և բողոք կա, և հույս, և հավատ։ Դրանք մինչև ապրիլի 30-ը ցուցադրվելու են Նկարիչների միությունում։

Նկարչուհի Սուսաննա Բուդաղյանի առաջին անհատական ցուցահանդեսն է։ Նրա հետ շրջում ենք ցուցասրահում։ Ամենաերկարը կանգ ենք առնում վերջին գործի առջև։ «Մայր Հայաստան»-ն եմ պատկերել, բայց գույներով ու էներգիայով լեցուն՝ ասում է Սուսաննան։

«Կտավի վրա պատկերված է Մայր Հայաստանը, այս լարված ու քաոսային  իրավիճակից փորձում է դուրս գալ։ Այս պատկերը թե՛ բողոքի ցույց է, թե՛ հույս, թե՛ հավատ»։

Նկարչուհին անկեղծանում է․ մտավախություն ուներ, որ նկարիչներն իր ստեղծագործությունները չեն ընկալի։ Սա հիմնական պատճառներից մեկն էր, որ չէր ներկայանում անհատական ցուցահանդեսով։ Բայց պահը հասունացել է։

«Գրաֆիկական ոճ է, խառը տեխնիկայով։ Գրաֆիկան միայն սև-սպիտակով չէ, այլ գույների հետ է։ Ամենակարևորը ստեղծագործական միտքն է։ Փորձել եմ մի նկարի մեջ մի պատմություն դնել՝ քաոսային իրավիճակից մինչև տխրություն և ուրախություն»։

Մուսան գալիս է միանագամից, ու այդ պահին պետք է նկարի։  Հիշում է՝ Եղեռնի 100-ամյակին անկախ իր կամքից վրձինը ձեռքն առավ։

«Սկսեցի նուռ պատկերել։ Որոշեցի ցույց տալ, թե ինչ երկիր ենք, որտեղից ենք ակունք առել և ուր ենք գնում։ Բայց երբ նկարեցի, ինքս զարհուրեցի ու չուզեցի նայել այդ նկարին։Այնտեղ ամբողջությամբ ցավն էր ներկայացրած։ Որոշեցի, որ պետք է ավելացնեմ գույներ՝դեղին կարմիր,կապույտ։ Իրենք գորգի նման կախվեցին։ Ես ցույց տվեցի, որ անկախ ամեն ինչից՝ մենք պետք է կայուն լինենք»։

Սուսաննան արմատներով արցախցի է։ Ասում է՝ այս հոգեվիճակում ստեղծագործելը դժվար է։ Բայց նկատում է՝ մենք պետք է մշակույթով էլ հաղթենք։

«Ունեմ մի աշխատանք՝ բջիջ  է պատկերված։ Այդ բջիջի կորիզն ամբողջությամբ պատված է զինվորներով։ Ամեն բջիջից սկսվում է կյանքը, ամեն մի կետ իր նշանակությունն ունի, ու ամեն մի բջիջ իր տեղն ու դերն ունի այս աշխարհում»։

Սուսաննա Բուդաղյանի ստեղծագործությունները Նկարիչների միությունում կցուցադրվեն մինչև ապրիլի 30-ը։

Back to top button