Հասարակություն

Գործատուների փառատոնն ուղղորդիչ է աշակերտների մասնագիտական կողմնորոշման համար. Արաքսիա Սվաջյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր «Մերիդիան» էքսպո կենտրոնում մասնակցել է «Career City Fest» լավագույն գործատուների փառատոնի բացմանը, որը կազմակերպել էր «Skill Event Marketing» ընկերությունը:

Փառատոնը, որն անցկացվում է առաջին անգամ, համախմբել էր ՀՀ առաջատար ընկերություններին, կրթական հաստատություններին, փորձագետների և աշխատաշուկայի ներկայացուցիչների:


ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է մասնակիցներին և ընդգծել. «Վստահ եմ՝ այն հնարավորությունները, որոնք ներկայացված են այս փառատոնի շրջանակում, մեր երիտասարդների համար կարևոր նշանակություն և ազդեցություն են ունենալու կարիերայի զարգացման կամ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ: Այս հարթակը լայն հնարավորություն է երիտասարդների համար՝ ծանոթանալու մեր երկրի գործատուներին, նրանց գործունեությանը և հասկանալու՝ ինչ պահանջարկ կա աշխատաշուկայում»:

Փոխնախարարը փառատոնին հետաքրքիր և արդյունավետ ընթացք է մաղթել և հույս հայտնել, որ այն ուղղորդիչ կլինի նաև տարբեր կրթական մակարդակների աշակերտների համար:


Երկօրյա էքսպոյի ընթացքում նախատեսված են ընկերությունների, կրթօջախների ցուցահանդես, մասնագիտական համաժողովներ, պանելային քննարկումներ:

Արաքսիա Սվաջյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել կազմակերպությունների բովանդակությանը, հետաքրքրվել կրթական հաստատությունների ուսանողների՝ աշխատանքային հեռանկարների հնարավորություններով:

Փառատոնի մուտքն ազատ է. այն բաց է մինչև ապրիլի 29-ը:

Back to top button