Ժողովրդագիր.«Ռուսաստանի օրենսդարական փոփոխությունը խնդիր է առաջացրել առնվազն 220 հազար հայ միգրանտի համար»
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Միգրացիոն օրենսդրության փոփոխության արդյունքում 50 հազար հայ միգրանտի մուտքը Ռուսաստան առաջիկա տարիների ընթացքում արգելափակված է, իսկ Ռուսաստանում աշխատող մոտ 170 հազար հայ էլ միգրացիոն կառույցների տեսադաշտում է՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր արձանագրել է ժողվրդագրագետ Ռուբեն Եգանյանը: ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումն, ըստ նրա , խնդրի առջև է կանգնեցրել առնվազն 220 հազար հայ միգրանտի: Այլ տեսանկյունից է խնդիրը դիտարկում գրող, նկարիչ Հաղթանակ Շահինյանը: Նրա կարծիքով ՝ խնդիրը ոչ թե Ռուսաստնում է , այլ Հայաստանում: Պետք է կարողանանք մեր երկրում այնպիսի միջավայր ձևավորել, որ այդքան այլ երկրների օրենքների փոփոխություններից կախված ու խոցելի չլինենք:
Միգրացիոն օրենսդրության խստացմամբ Ռուսաստանը մի զարկով փորձում է երկու խնդիր լուծել. առաջինը ռևերանս անել ռուս հասարակությանը՝ ցույց տալով, որ կոշտացնում է քաղաքականությունը միգրանտների նկատմամբ, երկրորդով որոշակի ուղերձ է հղում այն երկրներին, որոնք գտնվում եմ Հայաստանի նման իրավիճակում: Դիտարկումը ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանինն է: Իրականում, Ռուստատանին միգրանտներ պետք են, ու այս երկրի ժողովրդագրական վիճակն այսօր այնպիսին է, որ չի կարող գոյատևել ու զարգանալ առանց միգրացիայի: Դրա անհարժեշտությունն, ըստ Եգանյանի, բխում է թե’ տնտեսական իրողություններից, թե’ ժողովրդագրական միտումներից:
Այդուհանդերձ, Ռուսաստանը որոշեց խստացնել աշխատանքային միգրացիան կանոնակարգող օրենսդրությունը և նոր սահմանափակումներ առաջարկել այլ երկների՝ աշխատելու համար այս երկիր եկող քաղաքացիներին:
Ըստ Եգանյանի՝ օրենսդրության փոփոխության արդյուքնում 50 հազար հայ միգրանտի մուտքը Ռուսաստան առաջիկա 3-ից 5 տարիների ընթացքում արգելափակված է, իսկ մոտ 170 հազարն էլ, գտնվելով Ռուսաստանում, արդեն խախտել են ՌԴ միգրացիոն օրենսդրության նոր պահանջները. համապատասխան կառույցների տեսադաշտում հայտնվելու դեպքում նրանց նույնպես սպառնում է մուտքի արգելափակումը: Այսինքն, օրենսդարական փոփոխությունը խնդիր է առաջացրել մոտ առնվազն 220 հազար հայ միգրանտի համար:
«Մոտավորապես 220 հազար մարդու համար մենք խնդիր ենք ունենալու: Այսինքն, այս մարդիկ գալու են Հայաստան և չեն կարողանալու վերադառնալ Ռուսաստան: Բնականաբար խոսքն աշխատանքային միգրանտների մասին է, հիմնականում սեզոնային աշխատանքով զբաղվողների»:
Ըստ պաշտոնական հիմնավորումների ՝ Ռուսաստանն այս քայլով փորձում է օրինականացնել աշխատանքի շուկան: Թե որքանով դա կհաջողվի, այլ հարց է:
«Օրենքը տեսականորեն վատ բան չի ասում. ասում է՝ եկաք, կարող եք 3 ամիս մնալ, դրանից հետո , եթե աշխատանք չունենք, գնացեք, երեք ամիս հետո կարող եք նորից գալ: Իսկ եթե աշխատում եք, պետք է աշխատանքային պայմանագիր ունենաս ու այդ ժամկետներում կարող ես օրինական մնալ»:
Այլ բան, որ հայ միգրանտների մեծ մասը Ռուսասատանում աշխատում է առանց պայմանագրերի, բանավոր պայմանավորվածությունների հիման վրա: Լուծումներն, ըստ ժողովրդագրի, պետք է լինեն ընդհանուր, թեև կան մասնավոր լուծումներ էլ: Օրինակ Ռուսասատանը Կիրգիզիայի հետ միջպետական համաձայնագիր ունի աշխատուժի միգրացիայի մասին, և այս փոփոխությունները չեն տարածվի կիրգիզ միգրանտների վրա: Հայ-ռուսական բանակցությունները կարծես այդ՝ համաձայնագրային լուծումներ գտնելու ուղղությամբ էլ ընթանում են , բայց Ռուբեն Եգանյանի կարծիքով՝ դա առնվազն ամիսներ պահանջող հարց է, մինչդեռ խնդիրը զգացնել կտա արդեն գարնանը:
Բոլորովին այլ հայացքով է խնդիրը դիտարկում նկարիչ, գրող Հաղթանակ Շահինյանը: Նրա կարծիքով ՝ միգրացիոն օրենսդրության խստացումը անուղղակիերն միգրանտին ստիպում է մնալ ու հաստատվել Ռուսաստանում: Մյուս կողմից ՝ միգրացիոն կանոններ որոշելը յուրաքանչյուր երկրի ներքին խնդիրն է:
«Ամեն երկիր իր կարգուկանոնը թող ստեղծի այնպես, ինչպես ցանկանում է: Խնդիրը մեր մեջ է: Մենք պետք է կարողանանք այնպիսի իրավիճակ ստեղծել, որ այդքան կախված չլինենք մեկ այլ երկրում կատարվող օրենսդրական փոփոխությունից»:
Հաղթանակ Շահինյանը հիշեցնում է ՌԴ մեկ այլ նախաձեռնության ՝ «Համերկրացիներ» ծրագրի մասին, որն աշխատանքային ամբողջական փաթեթ էր առաջարկում միգրատներին ՝ ապահովելով գրանցում, աշխատանք, բնակության վայր և այլն:
«Մենք այն ժամանակ էլ էինք բողոքում, ասում էինք, թե գիտակցաբար հայաթափում են մեր երկիրը: Հիմա հակառակ վիճակն է՝ թույլ չեն տալիս, էլի բողոքում ենք: Խնդիրը մեր մեջ է, մենք ենք խոցելի ամեն փոփոխության նկատմամբ, ինչպես հիվանդ մարդը՝ քամին էլ է ազդում, արևն էլ, ամեն ինչը»: