
ԵԽԽՎ համազեկուցողները Ստրասբուրգում ընթացող գարնանային նստաշրջանում դարձյալ կոչ են արել Ադրբեջանին վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին հայտարարություն են տարածել ԵԽԽՎ Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերը և Լիզ Քրիստոֆերսենը, ինչպես նաև Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը: ԵԽԽՎ-ում հարց է բարձրացվել՝ մտածել Ադրբեջանին ԵԽ անդամակցությունից զրկելու ուղղությամբ։ Հարցը քննարկվել է պետությունների կողմից միջազգային ատյանների որոշումները չկատարելու քաղաքական հետևանքների զեկույցի շրջանակներում։
Զրկել Ադրբեջանին ԵԽ անդամակցությունից․ նման նախաձեռնություն սկսելու մասին առաջին անգամ է խոսվում ԵԽԽՎ-ում։ Պետությունների կողմից միջազգային ատյանների վճիռները չկատարող պետությունների դեմ քաղաքական հետևանքների մասին զեկույցի քննարկման ժամանակ եվրապատվիարակները խոսել են Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու մասին, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։
«Երբ նայում ենք ԵԽ նախարարների կոմիտերի ամենամյա զեկույցները ՄԻԵԴ կայացրած վճիռների կատարման մասով, տեսնում ենք, որ ԵԽ պատմության ընթացքում ՄԻԵԴ վճիռների կատարման առումով վատագույն ցուցանիշն ունի Ադրբեջանը։ Նաև անդրադարձել եմ Լաչինի միջանցքի շրջափակման մասով ՄԻԵԴ կայացրած վճիռների չկատարման, ինչպես նաև ԱՄԴ-ի կայացրած որոշումների չկատարման հարցին։ Նշել եմ, որ դրանց չկատարման պայմաններում լրջագույն խնդիրներ են առաջացել ԼՂ-ում»,– նշում է է հայկական պատվիրակության անդամը։
Ուշագրավ է, որ Նորվեգիայի, Ֆրանսիայի, Կանադայի պատվիարակները ևս պնդել են, որ պետք է մտածել Ադրբեջանին ԵԽ-ի անդամակցությունից զրկելու մասին։ Միջազգային ատյանների վճիռները չկատարող պետությունների դեմ քաղաքական հետևանքների մասին զեկույցն ընդունվել է ԵԽԽՎ-ում։ Զեկույցում նշվել է, որ անհրաժեշտ է մեխանիզմներ ներդնել միջազգային ատյանների վճիռների կատարման համար։
Ավելի ուշ, առանձին քննարկման ժամանակ, դարձյալ անդրադարձ է կատարվել Ադրբեջանին, խոսվել է այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության աղետալի վիճակի մասին։
«Այս քննարկմանը ներկա մարդկանց մեծ մասը խոսում էին այն մասին, որ պետք է Ադրբեջանի անդամակցությունը ԵԽ-ին սառեցնել կամ դադարեցնել, հաշվի առնելով, որ տարներ շարունակ խայտառակ վիճակ ունի մարդու իրավունքների հարցում և բարելավման միտումներ չկան»,– մանրամասնում է Արուսյակ Ջուլհակյանը։
Լաչինի միջանցքի արգելափակման հարցը հայկական պատվիրակությունը հնչեցրել է ոչ միայն ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում, այլև առանձին քննարկումների ժամանակ։ Ավելի՝ Լաչինի միջանցքի արգելափակման հարցով զեկույց է պատրաստվում, որը կներկայացվի ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում։
Ուշացած չի՞ լինի արդյոք զեկույցը, եթե այսօր արդեն Բաքուն հանդգնում է ասել, որ ԼՂ բնակվողները ստիպված են կա՛մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ իրենց համար այլ բնակության վայր փնտրել։ Արուսյակ Ջուլհակյանը նկատում է, որ իրականում զեկույց կազմելու համար դիմել էին դեռ այս տարվա հունվարին և ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովը, որի անդամ է նաև ինքը, պատրաստվում է, մինչ զեկույց ներկայացնելը, հանձնաժողովի անդամներին գործուղել Արցախ։
«Ամռանը նման զեկույց ունենալը արդեն բավականին արագ է՝ հաշվի առնելով ԵԽԽՎ դանդաղ ընթացակարգերը։ Այսօր էլ այդ հարցին անդրադարձել ենք, միգրացիայի հանձնաժողովի փոխնախագահն է զեկուցողը, և հանձնաժողովը լիազորել է գնալ Հայաստան, Ադրբեջան ու հնարավորության դեպքում նաև Լեռնային Ղարաբաղ և տեղում արձանագրել հումանիտար խնդիրները, որ առաջացել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով։ Այդ այցը ամենայն հավանականության տեղի կունենա մայիսի վերջին, հունիսի սկզբին, ինչից հետո հնարավոր կլինի զեկույցն ամբողջացնել և հունիսի ամառային նստաշիջանի ընթացքում ընդունել բանաձև, նաև եթե հնարավոր լինի՝ ռեկոմենդացիա»։
Իսկ կկարողանա՞ն պատվիրակներն անցնել ԱՀ։ Ջուլհակյանն ասում է՝ հենց դա է խնդիրը․Արցախ գնալու համար պետք է տեխնիկական հնարավորություններ լինեն, այդ թվում՝ նաև Ադրբեջանի կողմից։ Իսկ Բաքուն գիտենք, որ փորձում է խոչընդոտել մուտքը Արցախի Հանրապետություն, և եթե այդպես լինի, ապա կատարվածը խոսուն փաստ կդառնա ԵԽԽՎ զեկույցներում։
Մինչ հանձնաժողովականների այցը ԱՀ, ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են հրապարակել, որում նշվում է, որ վերահաստատում են 2022 թ. դեկտեմբերի 16-ին տարածած կոչը՝ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Նաև հիշեցնում են ՄԻԵԴ 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումը և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի հրամանը, որում նշվում է, որ «Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։ Համազեկուցողների հայտարարությունում նաև նշվում է, որ Հայաստանը դիմելու է Արդարադատության միջազգային դատարան՝ ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման հարցով։




