ԿարևորՀասարակություն

Երվանդաշատի մանկապարտեզի բացմանը երկար են սպասել

Արմավիրի  մարզի սահմանամերձ Երվանդաշատ գյուղի երեխաներն այսուհետ դպրոց կհաճախեն նախապատրաստված ու նախադպրոցական կրթություն ստացած: Երվանդաշատի մշակույթի տան մի հատվածը 2020թ սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է մանկապարտեզի: Շինարարությունն ավարտվել էր երկու տարի առաջ, սակայն գույքի, սարքավորումների և մասնագետների պակասի պատճառով չէր շահագործվում: Այժմ բացը լրացվել է և Թուրքիային սահմանակից Բագարան և Երվանդաշատ գյուղերի երեխաներն առաջին անգամ հաճախում են մանկապարտեզ:

Արմավիրի մարզի սահմանամերձ Երվանդաշատ համայնքում մանկապարտեզի բացումը տոնի էր վերածվել: Գյուղում երբևէ մանկապարտեզ չի եղել: Նախադպրոցական տարիքի երեխաների կրթության խնդրի լուծումը համայնքը որոշել էր իրականացնել դեռ 2020թ սուբվենցիոն ծրագրով՝ մշակույթի տան մի հատվածը հատկացնելով մանկապարտեզին: Շինարարությունը վաղուց ավարտվել է, իսկ  համայնքը երկու տարուց ավելի սպասում էր մանկապարտեզի բացմանը:

«Իմ բալիկը  4 տարեկան է, մյուսը՝ 7, մեծս չհասցրեց գնալ մանկապարտեզ, փոքրս՝ կգնա: Մեր երեխաները հիմա դարձել են մեդիագրագետ, ավելի լավ է գնան մանկապարտեզ, խաղան, իրենց առօրյան լավ անցկացնեն: Դրանով կթեթևանա նաև մեր հոգսը»:

«Մենք անհամաբեր սպասել ենք մանկապարտեզի բացվելուն, տղաս ավելի անհամբեր էր դարձել ու մեծ ոգևորությամբ է հաճախում, որի համար շատ ուրախ եմ ու շնորհակալ: Վերջապես մանկապարտեզը բացվեց»:

Մանկապարտեզի շահագործման ձգձգման պատճառներից մեկը գույքի ձեռք բերումն ու կահավորումն էր, ինչպես նաև՝ գյուղում որակավորված մասնագետների պակասը:  Մարզկենտրոնից մոտ 45 կմ հեռավորությամբ գտնվող գյուղում այլ համայնքներից հրաժարվել են աշխատել, քանի որ այստեղ  տրանսպորտ չկա: Մանկապարտեզի տնօրեն Թամարա Մնացյանը Երվանդաշատի դպրոցում  քիմիա ու կենսաբանություն է դասավանդում, 33 տարվա մանկավարժական ստաժ ունի, վերաորակավորվել է ու նոր աշխատանքի անցել.

«Մի տարի առաջ ես մասնակցել եմ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի վերապատրաստման դասընթացին, ստացել եմ հավաստագիր, այսինքն՝ լիցենզավորված եմ և լիարժեք իրավունք ունեմ զբաղվելու այս գործունեությամբ: Ես տեղեկացված եմ նախակրթական հաստատության բոլոր չափորոշիչներին»:

Մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար, երկու խմբանոց է:  Երկու դաստիարակներից միայն  մեկն է որակավորված մասնագետ, մյուսը՝ միջին-մասնագիտական կրթությամբ մանկավարժ է: Երկուսն էլ համայնքի բնակիչներ: Նորաբաց մանկապարտեզի կահավորմանն աջակցել են Մանկական զարգացման հիմնադրամն ու FCN-ը` Այժմ կենտրոնացեք երեխաների վրա  բարեգործական կազմակերպությունը: Սուբվենցիոն ծրագրերում ներառված մանկապարտեզների նորոգման ու կառուցման հայտերում նոր մոտեցումներ կան՝ ասում է Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը.

«Մինչև խոշորացումը համայնքների հնարավորությունները շատ սահմանափակ են եղել և, ցավոք, այդ ժամանակ սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են միայն շինարարության մասով, այսինքն՝ չի ընդգրկել գույք և այլ անհրաժեշտ միջոցներ: Իսկ հիմա, երբ մանկապարտեզների ծրագրեր ենք իրականացնում, ենթադրենք՝ հիմնանորոգում ենք, ապա փաթեթում ամբողջը ներառում ենք: Մինչև խոշորացումը հիմնանորոգված մանկապարտեզների գույքերն ու սարքավորումները ձեռք ենք բերել միայն խոշորացումից հետո»:

Հիմա Երվանդաշատից ու հարևան Բագարան գյուղից մանկապարտեզ են հաճախում կրտսեր և միջին տարիքի 31 երեխաներ:

Թամարա Մնացյան. «Ցավով եմ նշում, որ մեր բալիկները տարիներ շարունակ զրկվել են նախադպրոցական հիմնական կրթությունը ստանալուց և դպրոց են հաճախել այս կարևոր օղակը շրջանցելով: Սա բնականաբար բարդություններ է առաջացրել և՛ սաների, և՛ նրանց դասավանադող ուսուցիչների ու ծնողների  համար»:

Մանկապարտեզը կահավորված է, խոհանոցն ապահովված անհրաժեշտ սարքավորումներով: Շաբաթվա ճաշացանկն այնպես են պատրաստել, որը նպաստելու է երեխայի աճին ու զարգացմանը: Խոհարար Անի Ավետիսյան. «Առավոտյան տալիս ենք թեյ, հաց, պանիր,կարագ,  խաշած ձու, ճաշին՝ ապուրներ, ետճաշին՝ փլավ, աղցան»:

Նախադպրոցական կրթօջախի առկայությունը սահմանամերձ գյուղում սոցիալական-ժողովրդագրական խնդիր է լուծում. երիտասարդները գյուղը չեն լքի կմնան ու կարարեն հայրենի բնակավայրում: Երվանդաշատի մանկապարտեզի վերակառուցման պայմանագրային արժեքը 25 մլն դրամ է՝ 65 տոկոս պետական բյուջեի  համաֆինանսավորմամբ: Մանկապարտեզի ջեռուցման և էլէկտրաէներգիայի ծախսը թեթևացնելու նպատակով սուբվենցիոն ծրագրով կառուցվել է նաև ֆոտովոլտային կայան:

Կարդացեք նաև

Back to top button