ԿարևորՔաղաքական

Հակարիի կամուրջը «փոխեց» ՌԴ խաղաղապահների երրորդ հրամանատարին

Բաքվի քայլերի մասին Հայաստանի վարչապետը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նույն թեման Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շոշափել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայաստանյան այցի շրջանակներում։ Հայաստանում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև։ Միջազգային հանրությունից՝ ԱՄՆ–ից և ԵՄ–ից հնչել են հերթական կոչերն ու հայտարարությունները։ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետի հարցը լուծելու համար ադրբեջանական կողմի հետ ռուսական կողմից  բանակցությունները սկսեց մեկը, բայց շարունակելու է ուրիշը։

Արցախից հաստատում են, որ ռուս խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովն արդեն Արցախում է, նա այդ պաշտոնում փոխարինել է Անդրեյ Վոլկովին, որն արդեն Ռուսաստանում է։ Այս ամենի պաշտոնական հաստատումը ռուսական կողմից դեռ չկա։ Հայտնի է, որ Լենցովը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խորհրդականն է:

Արցախում դեռ սպասողական վիճակ է․ մի կողմից հույս ունեն, որ խնդրի լուծումը ռուս զինվորականների հեղինակության հարց է արդեն, մյուս կողմից ցանկանում են հասկանալ, թե որոնք են Բաքվի հետ հարաբերություններում ռուսական կողմի «կարմիր գծերը»․ ՌԴ զորախումբը դեռ բացատրություն չի տվել, թե ինչու չի կանխել իր վերահսկողության գոտի համարվող Հակարիի կամրջի փակման Ադրբեջանի գործողությունները։

«Չեմ բացառում, որ խաղաղապահ զորքերի հրամանատարի նոր նշանակումը կարող է պայմանավորված լինել հենց դրանով»։

Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը նաև հաստատում է՝ Արցախում սպասում են բանակցությունների ընթացքին և ՌԴ գործուն քայլերին։ Անգամ հայտարարել են՝ «գործուն քայլերի բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»։

Այս ամենին զուգահեռ տեղեկություններ են տարածվում, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական իրավաբանները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին։ Սա հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված ռազմական համագործակցության տարեկան պլանի համաձայն՝ Բաքվում կայացել է երկու երկրների ռազմական իրավաբանների աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, տնտեսական հարցերը տարածաշրջանում, միջազգային մարդասիրական իրավունքը և այլ հարցեր:

Արցախի արտգործնախարարը Հանրային հեռուստաընկերության եթերում ընդգծել է նաև միջազգային հանրության կոչերի և հայտարարությունների անարդյունավետությունը։

«Չի բավարարում մի պարզ պատճառով, որ ադրբեջանական կողմն է անգամ դրա մասին խոսում, որ նշված երկրները հայտարարություններով հանդես կգան, բայց ադրբեջանցի զինվորը կատարեց իր գործը։ Մենք բազմիցս մեր հանդիպումներում նշել ենք, որ միայն կոչերով չենք կարող հակազդել Ադրբեջանի սադրանքներին։ Պետք է հետևեն կոնկրետ քայլեր և խոսքը գնում է առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ երկրների կարողությունների մասին, ապա նրանք պետք է բոլոր գործիքակազմը՝ քաղաքական, դիվանագիտական գործադրեն, որպեսզի կարգի հրավիրեն Ադրբեջանին»։

Արցախում ակնկալիքներ ունեն նաև ՄԱԿ ԱԽ–ից, որը նույնպես գործիքակազմեր ունի ցեղասպանությունը և էթնիկ զտումը կանխելու համար։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը պնդում է, որ Հայաստանի իշխանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր ջանքերը միջազգային հարթակներում՝ խնդիրը լուծելու համար։

«Պառլամենտական դիվանագիտությունը և ԱԳՆ–ն շատ ակտիվ աշխատում են այդ ուղությամբ և բոլոր հանդիպումների ընթացքում շատ ինտենսիվ այդ հարցը բարձրացվում է։ Ըստ էության մեր կողմից նաև առաջարկություն է եղել, որպեսզի որոշակի սանկցիաներ կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ որպես պարտադրող միջոց ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշման կատարման համար»։

Դեռ հասկանալի չէ՝ պահանջվող պատժամիջոցն Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրությունը կկիրառի, թե ոչ։ Բայց վճռական հայտարարությունները դեռ շարունակվում են։

«Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը»,– հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը:

«Հարավային Կովկասում այս հարցը մի  խնդիր է, որին պետքարտուղարը մեծ նշանակություն է տալիս։ Ինչպես տեսաք՝ հանգստյան օրերին մենք հայտարարեցինք, որ Պետդեպարտամենտը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ։ Մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքով պետք է լինի մարդկանց ու բեռների ազատ և բաց տեղաշարժ: Ավագ խորհրդական Բոնոն, քարտուղարի օգնական Հոգանը, քարտուղարը և մենք պատրաստվում ենք շարունակել խորապես ներգրավված մնալ այս հարցում»։

Արդյո՞ք Պետդեպարտամենտը, որը տեղում որպես բանակցությունների միջնորդ է հանդես եկել, չի տեսել, որ նման գործողություններ են նախապատրաստվում հարցին՝ ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ չի պատրաստվում խորանալ դիվանագիտական գնահատականների առանձնահատկությունների մեջ։

Միջազգային միջնորդների եվրոպական ուղղությունից նույնպես կոչերը չեն դադարում։ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը թվիթերյան գրառմամբ նշել է, որ Արցախի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետի տեղադրումը հակասում է լարվածությունը նվազեցնելու և հարցերը երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին։ ԵՄ-ն  շարունակում է ներգրավվել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը։ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն»։

Եվրախորհրդարանականներն իրենց հերթին ընդգծում են Բաքվի անհարգալից վերաբերմունքը իր միջազգային պարտավորությունների նկատմամբ։

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը միջազգային հայտարարությունների տարափում առանձնացնում է հետևյալը․

«Սրանք այն պետությունների հայտարարություններն են, որոնք տարածաշրջանում չունեն ներկայություն, չունեն որևէ պարտավորություն։ Ինձ հետաքրքիր է՝ որտե՞ղ է մեր դաշնակից կոչվածի հայտարարությունը։ Հայաստան–Ռուսաստան փոխհարաբերությունները պետք է հիմքից վերաքննվեն։ Ինչ վերաբերում է այլ բևեռների արձագանքին, իհարկե, ինչ–որ ձևով ճնշման միջոց է, էլի կճնշեն, մի քիչ էլ կշարունակեն ճնշումը, բայց Արևմուտքը ինչքա՞ն կգնա ճնշելու»։

Սա հարց է, որն առնչվում է փոխադարձ շահերին և այստեղ արդեն Հայաստանը պետք է կարողանա ճկուն լինել և ամենակարևորը, որ առանձնացնում են փորձագետները, չտրվի Բաքվի թելադրած խաղին․ Ադրբեջանն ակնհայտորեն նոր բախում է սադրում՝ իր բացահայտ  և քողարկված նպատակներին հասնելու համար։

Back to top button