
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է պարբերաբար հանդիպումներ ունենալ 44-օրյա մարտական գործողությունների մասնակից զինծառայողների ընտանիքների անդամների հետ:
Ապրիլի 25-ին՝ հերթական հանդիպման ժամանակ, գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողները Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող հարցերը:
Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից, հանդիպման ընթացքում ծնողները բարձրացրել են իրենց զավակների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, դատագենետիկական փորձաքննությունների արդյունքների և քրեական վարույթների հետ կապված մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ է նշել, որ ծնողների բարձրացրած հարցերն իր ամենօրյա հատուկ ուշադրության ներքո են: Պաշտպանի իրավասության սահմաններում ներպետական և միջազգային կառույցների ու դերակատարների հետ առաջնահերթ քննարկվում են զինծառայողների ճակատագրերի վերաբերյալ հարցերը:
44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողների ընտանիքների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:




