
Ապրիլի 24-26-ը Հայաստանում է գտնվում Եվրոպական Խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը՝ իր գրասենյակի աշխատակիցների հետ։ Ապրիլի 24-ին Ֆուրլասը մեկնել է ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններ, դիտարկումներ իրականացրել Բերձորի միջանցքի սկզբնամասին հարակից հատվածներում, որտեղ՝ Հակարի գետի կամրջի վրա, ադրբեջանական կողմը ապօրինի կերպով անցակետի տեղադրման աշխատանքներ է իրականացնում։
Եվրոպական Խորհրդարանի պատգամավորը ծանոթացել է նաև վերջերս Տեղ գյուղի հարակից տարածքում ադրբեջանական սադրանքի արդյունքում տեղի ունեցած բախման մանրամասներին, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվելու փաստին։ Գորիսի համայնքապետարանում եվրոպացի պատգամավորը հանդիպել է համայնքի ղեկավարի հետ ։
Ապրիլի 25-ին Երևանում հանդիպումներ են նախատեսված ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի ղեկավարի և անդամների, խորհրարանական ընդդիմության ներկայացուցիչների, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ։





