ԿարևորՔաղաքական

Կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձև

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Կոնգրեսում ներկայացրել է բանաձև, որով կոչ է արվում ճանաչել Արցախի անկախությունն ու ինքնորոշումը, դատապարտել Ադրբեջանի շարունակական ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ։

«Ես խիստ մտահոգված եմ, որ Ադրբեջանը հերթական պատերազմն է ծրագրում Արցախի կամ հենց Հայաստանի դեմ։ Կարծում եմ՝ սա հզոր ուղերձ կլինի Բաքվի բռնապետին, որ երկկուսակցական հիմունքներով մենք պատրաստվում ենք պաշտպանել Արցախի ժողովրդին»,- «Ասպարեզ»-ի հետ բացառիկ հարցազրուցում ասել է Շիֆը:

«Մենք պետք է վերջ դնենք շրջափակմանը, պետք է վերջ դնենք Ադրբեջանի կողմից այս չհրահրված բռնությանը», — նշել է կոնգրեսականը:

«Այս բանաձևը կազդարարի Միացյալ Նահանգների հավատարմությունը ժողովրդավարական ժողովուրդներին ամենուր, մասնավորապես՝ Արցախում», — ընդգծել է Շիֆը։

Բանաձեւը.

  • ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը՝ համահունչ ՄԱԿ-ի տարբեր փաստաթղթերում ամրագրված ինքնորոշման իրավունքին և Արցախի ժողովրդի 1991 թվականի քվեարկությանը և Ադրբեջանից անկախությունը հռչակելու որոշմանը:
  • Կոչ է անում Միացյալ Նահանգներին ակտիվորեն ներգրավվել Արցախի Հանրապետության կարգավիճակի միջազգային ճանաչմանն աջակցելու գործում:
  • Դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը և ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումները և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել շրջափակումն ու ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ՝ առանց նախապայմանների:

Բանաձևը նաև.

  • Կոչ է անում անհապաղ դադարեցնել Միացյալ Նահանգների արտաքին և ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ համաձայն Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի, և հորդորում վարչակազմին պարզաբանել Ադրբեջանի կառավարությանը, որ Հայաստանի և Արցախի վրա հետագա հարձակումները կհանգեցնեն պատժամիջոցների և այլ միջոցների։
  • Վստահորեն աջակցում է ժողովրդավարական գործընկեր Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և դեմ է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և միջազգային օրենքների ու նորմերի բացահայտ խախտումներին:
  • Աջակցում է Միացյալ Նահանգներին և միջազգային մարդասիրական օգնության ծրագրերին՝ բավարարելու ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժածների հրատապ կարիքները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։
Back to top button