
Նախօրեին Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու՝ Հայաստանի Հանրապետության սահմանին միացող ճանապարհահատվածը Լաչինի միջանցքում և սկսել անցակետի կառուցման ու կահավորման աշխատանքներ:
Բաքուն այս քայլով հերթական անգամ է խախտում 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ Ստեփանակերտում անցակետ տեղադրելու որոշումն արդեն ոչ թե պարտավորությունները խախտելու, այլ դրանցից հրաժարվելու մտադրություն են որակում։
Ստեղծված իրավիճակով մտահոգված է նաև Մոսկվան։ Միակողմանի ցանկացած քայլ անընդունելի են համարում և կարծում են, որ ծագած խնդիրները բանակցային պարապուրդի հետևանք են։
Շրջափակման 133-օրը Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը։ Սա այն հատվածն է, որին պետք է միանար Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածը, և որով պետք է ապահովվեր Հայաստան Արցախ կապը։
Պաշտոնական ու փորձագիտական դաշտում վստահ են՝ անցակետի տեղադրումով Ադրբեջանը փորձում է նոր թափ հաղորդել կատարյալ անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում իր կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իր գործակալների միջոցով Արցախն ավելի քան 4 ամիս անմարդկային շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանն ապրիլի 23-ին ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։
Արտգործնախարարությունը շեշտում է, որ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերը ուղղակիորեն հակասում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետին։ «Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն այդ պետության ուղղակի և միանշանակ համաձայնությունն է՝ Լաչինի միջանցքի նկատմամբ բացառիկ վերահսկողությունը փոխանցելու ՌԴ խաղաղապահ զորակազմին»։
Պաշտոնական Ստեփանակերտն ակնկալում է միջազգային լայն հանրության և հատկապես հայտարարության իրականացման երաշխավոր Ռուսաստանի Դաշնության միանշանակ և համարժեք արձագանքն ու գործուն քայլերը:
«Ակնհայտ է, որ անցակետի տեղադրումով Ադրբեջանը փորձում է նոր թափ հաղորդել կատարյալ անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում իր կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը։ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն չի թաքցնում իր ցեղասպան գործողությունները, այլև նախօրոք ազդարարում է դրանց մասին՝ չարժանանալով միջազգային հանրության դատապարտմանը կամ հակազդեցությանը»։
Պաշտոնական Բաքուն անցակետ տեղադրելու որոշումը հիմնավորում է «անվտանգային նկատառումներով»։ Ավելի վաղ այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեղադրել էր հայկական կողմին Լաչինի ճանապարհի անօրինական օգտագործման մեջ, հայկական կողմը բազմիցս հերքել է այդ մեղադրանքը։
Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումներն իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային միջնորդների ջանքերի և հայտարարությունների պայմաններում։ Ադրբեջանը, ըստ էության, բանակցային գործընթացն օգտագործում է որպես գործիք՝ բացառելու ներգրավված պետությունների կողմից իր հանցավոր քաղաքականության կանխարգելմանն ուղղված հնարավոր միջոցների իրականացումը։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ընդգծում է՝ Ադրբեջանի վերջնական նպատակը Արցախի հայաթափումն է։
«Առավել ևս, որ հայկական կողմը վտանգավոր քաղաքականություն է որդեգրել․ նկատի ունեմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և Արցախի խնդիրն իրարից տարանջատելը, ինչը, իհարկե, Ադրբեջանը հասկանում է և ցանկանում է թույլ չտալ, որ այդ հարցերը տարանջատվեն։ Այդ դեպքում այն ամբողջ առավելությունը, որ ձեռք է բերել Ադրբեջանը, առ ոչինչ է դառնում։ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները մեկ բան են, Արցախի խնդիրը՝ Արցախ-Ադրբեջան փոխհարաբերությունների իմաստով՝ այլ բան։ Սա, իհարկե, վտանգավոր զարգացում է Ադրբեջանի համար, ու վերջինը փորձում է լուծել հարցը, մինչև նման իրավիճակը իրականություն կդառնա»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի փոխանցմամբ՝ այն վայրը, որտեղ ադրբեջանական կողմը ցանկանում է անցակետ տեղադրել, Հայաստանին մոտ է, իսկ ռուս խաղաղապահների հետնակետից 60-70 մետր հեռավորության վրա է։ Բաքուն, ի դեպ, հաղորդագրության մեջ նշել է, որ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի մուտքի մոտ անցակետ տեղադրելու մասին տեղեկացրել է ռուս խաղաղապահների հրամանատարությանը։
«Կարելի է ասել, որ ադրբեջանցիները, այդ գործողությունը սկսելով, նաև որոշակի շրջափակման մեջ են վերցրել նաև ռուսական հենակետը։ Տեղում հիմնական գործողությունները իրականացնում է Ադրբեջանի ներքին զորքերը՝ փորձելով ցույց տալ, որ դա իրենց ներքին խնդիրն է, իրենք դրա շրջանակում են այդ քայլն իրականցնում։ Ադրբեջանը փորձում է ստեղծել իրավիճակ, որի պայմաններում առանց ուժի կիրառման,Արցախը փաստացի կհայաթափվի»։
Այն ճանապարհով, որի սկզբնամասին Ադրբեջանը ցանկանումյ է անցակետ տեղադրել, Հայաստանից Կարմիր Խաչի ու խաղաղապահների միջոցով Արցախ են հասնում առաջին անհրաժեշտության ապրանքները։ Հսկիչ անցագրային կետ ունենալով՝ ադրբեջանցիները կկարողանան ստուգել Արցախ մտնող յուրաքանչյուր բեռ՝ ասում է Տիգրան Աբրահամյանը։
Ստեղծված իրավիճակում Արցախի ԱԳՆ-ն պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից իրականացնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները և կանխել էթնիկ զտման Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նույնպես կարծում է, որ անհրաժեշտ է դիմել միջազգային հանրությանը․
«Անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել հնարավորինս լայն ճակատով խնդիրը և փորձել թույլ չտալ, որ ռուս-ադրբեջանական ծրագրերն ի կատար ածվեն։ Սա միակ հնարավորությունն է, որ անկախ նրանից՝ ինչքան հավանականություն ունի իրականություն դառնալու կամ չդառնալու, Հայաստանը և Արցախը պարտավոր են փորձել»։
Պաշտոնական Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում և հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով։
Տարածած հաղորդագրությամբ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն արձանագրում է միակողմանի քայլերի անընդունելությունը՝ կողմերին կոչ անելով վերադառնալ առկա պայմանավորվածություններին։
«Ապրիլի 23-ի իրադարձությունների զարգացման համատեքստում հատուկ ընդգծում ենք ցանկացած միակողմանի քայլի անթույլատրելիությունը, որ խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիմնարար դրույթները՝ լինի դա Լաչինի միջանցքի կենսագործունեության ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության, թե խաղաղ օրակարգին չհամապատասխանող նպատակներով դրա օգտագործման փորձ»։
Մոսկվայում կարծում են, որ ծագած խնդիրներից շատերը «երկար ամիսներ տևող պարապուրդի և Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված հիմնական պայմանավորվածությունների շուրջ ընթացող բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության հետևանք են»։




