
Ապրիլի 22-ին դեսպան Ներսեսյանը և դեսպանատան աշխատակիցները մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա երթին, որին հաջորդել է ծաղկեպսակի զետեղումը Լոնդոնի Սենոտաֆ հուշահամալիրին։
Ապրիլի 23-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Պատարագից հետո դեսպան Ներսեսյանը ելույթ է ունեցել Սուրբ Եղիշեի բակում տեղադրված հայկական խաչքարի առջև՝ ընդգծելով անցյալի ցեղասպանությունները հիշելու և դրանց ճանաչման կարևորությունը՝ որպես կենսական գործիք աշխարհի ցանկացած կետում նման վայրագությունների կրկնությունը կանխելու համար։



Այս կապակցությամբ դեսպան Ներսեսյանը հայտնել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու պայքարը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և նպաստելու միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ապագա ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը։



Դեսպանն ընդգծել է, որ ցեղասպանությունը հանդիսանում է որպես նախազգուշացում չվերահսկվող ազգայնականության, ռասիզմի և անհանդուրժողականության վտանգների մասին՝ ընդգծելով Լաչինի միջանցքի շարունակվող անօրինական շրջափակման դեպքը և միջանցքի երկայնքով նոր անցակետի տեղադրումը, որը սպառնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումներով։
Ապրիլի 23-ի երեկոյան Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք։ Աղոթքին ներկա են եղել տարբեր դավանանքների քրիստոնյա առաջնորդներ։




