
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում կայացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդած՝ «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ» գրքի էսքիզների ցուցահանդեսի բացումը: Դրանք ստեղծվել են 35 տարի առաջ, բայց ցուցադրվում են առաջին անգամ։
Եթե քրքրենք բոլորիս գրադարանները, կգտնենք մեր մանկության գրքերից մեկը՝ «Ֆրանսիական ժողովրդական հեքիաթները», որ շատ սիրված էր իր գեղեցիկ ու պատկերավոր նկարազարդումների պատճառով։ Դրանց հեղինակը ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանն է։

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը նախաձեռնել էր այդ նկարազարդումների էսքիզների ցուցադրությունը։ Դրանք ստեղծվել են 35 տարի առաջ, բայց ցուցադրվում են առաջին անգամ։
«Նկարիչը ճիշտ նկարազարդելու համար կարդացել է բոլոր հեքիաթները։ Մենք բոլորս սիրել ենք հեքիաթների նկարները թերթել ու բոլորս այս գիրքն ունենք մեր գրադարաններում, սակայն քչերն են պատկերացրել, թե ով է նկարազարդել»,- ասում է նկարչի ընտանիքի անդամ Նարա Եփրեմյանը։
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոսյանը նշում է՝ երբ գիրքը հայտնվել է ձեռքում, հասկացել է, որ այս նկարներն անպայման պետք է ցուցադրել։

«Յուրաքանչյուր անհատ, քաղաքացի պետք է շատ լավ իմանա իր մշակույթը, բացի դրանից՝ պետք է նաև բաց լինի այլ մշակույթներ ընկալելու և ճանաչելու գործում։ Սա համագորրծակցության լավ սկիզբ է»,- ասաց Թորոսյանը։
Գիրքն առաջին անգամ հրատարակվել էր 1988 թ–ին «Արևիկ» հրատարակչության կողմից։ Հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը նշում է, որ առաջիկայում գիրքը նորովի կմատուցվի ընթերցողներին։

«30 տարի առաջ հրատարկված այս գիրքը հրաշքներ է կարողացել գործել երեխաների հեքիաթային աշխարհում։ Եթե այսօր այդ երեխաները, որ արդեն 3-րդ սերունդ են, ասում են՝ վայ իմ գրադարանում այս գիրքը կար, ուրեմն նկարիչն իր անելիքը տեղ է հասցրել»։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 11-ը ներառյալ։
Վլադիմիր Աբրահամյանը նկարազարդել է շուրջ 250 գիրք, մասնակցել է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների։ Նրա ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում են և աշխարհի տարբեր մասնավոր հավաքածուներում։




