ԿարևորՀասարակություն

Վրաստանում թուրք-ադրբեջանական տանդեմն ակտիվացել է Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ

Ապրիլի 24-ին ընդառաջ Վրաստանում ակտիվացել են թուրք-ադրբեջանական խմբերը՝ խափանելու վիրահայերի պահանջատիրական ակցիաները։ «Վրաստանի Հայ Համայնքը» ի պատասխան նշում է, որ ամեն ինչ անում է օրենքի շրջանակներում․ ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան մոտ մեծամասշտաբ բողոքի ակցիա կանցկացվի։ Հավաքի մասին քաղաքապետարանը ծանուցում է ստացել։ Մինչ այդ շարունակվում են «Հայոց Մեծ Եղեռնը և մշակութային ցեղասպանությունը» թեմայով ցուցահանդեսներ Թբիլիսիի տարբեր հատվածներում։  

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների են պատրաստվում Վրաստանի հայաշատ վայրերում` Ջավախեթիում, Բաթումիում և Թբիլիսիում։ 

Ապրիլ 24-ի հետ կապված «Վրաստանի Հայ Համայնքը» ցուցահանդեսների շարք է սկսել «Հայոց Մեծ Եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմաներով։ Մայրաքաղաքի կենտրոնական վայրերում ցուցադրվում են ցեղասպանությունը փաստող վավերագրեր, լուսանկարներ, բացառիկ վկայություններ, դրանց կողքին նաև ներկայացվում է Արցախի մշակութային ցեղասպանությունը։ Կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանը «Ռադիլուրին» ասում է, որ ցուցադրությունները հետաքրքրություն են առաջացնում նաև զբոսաշրջիկների շրջանում։ Անցորդներին, որոնց մեջ լինում են նաև թուրքեր ու ադրբեջանցիներ, բաժանվում են տեղեկատվական գրքույկներ վրացերենով։  

«Թուրք-ադրբեջանական կողմը հետևում է մեր միջոցառումներին և բավականին ակտիվ է դա անում․ նրանք չեն կարողանում հաշտվել փաստի հետ, որ մեր միջոցառումները չեղարկելու գործում հաջողության չեն հասնում», -ասում է Միրզոյանը՝ նշելով, որ բոլոր միջոցառումներն  անցկացնում են օրենքի շրջանակներում։  

Թբիլիսահայության մի զգալի մասը ցեղասպանության ժառանգ է։ Վրաստանը, հատկապես Բաթումին, Եղեռնից փրկվածների ամենամոտ ապաստանն էր։ «Աջարիա՝ Բաթումիի նավահանգիստ էին գալիս շոգենավերը, բերելով հարյուրավոր հայերի։ Հայերը մնում ժամանակավոր տներում՝ հույսով, որ պիտի վերադառնան հայրենիք»,- Ռադիոլուրին» պատմում է Աջարիայի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը։

Պատահական չէ, որ ասում են՝ «Հայոց Ցեղասպանությունը տեղի է ունեցել վրաց ժողովրդի աչքի առաջ»․ հայ գաղթականների մի ահռելի զանգված այդ տարիներին ապաստան էր գտնում Վրաստանում․

«Մինչև 1918 թվականը նրանց թիվն այս տարածքում այնքան շատ էր, որ համաճարակ էր սկսվել և անկախ Վրաստանի իշխանությունները ստիպված էին միջոցներ ձեռք առնել դրա դեմ», -գրված է այդ տարիների վրացական մամուլում:

Վրաստանը Հայոց ցեղասպանությունը չընդունած երկրների թվում է․ Միրզոյանը դժվարանում է պատասխանել, թե երբ կգա այդ օրը, սակայն վստահ է, որ «այդ օրը հաստատ գալու է, շատ բան կախված է տեղի հայությունից, նրանց միասնությունից»։ 

Վրացական քաղաքական դաշտում մի այսպիսի միտք կա՝ «Վրաստանը հաստատում է, որ տեղի է ունեցել մեծ ողբերգություն, կիսում է հայ ժողովրդի ցավը, այնպես, ինչպես դա արեց ավելի քան 100 տարի առաջ` ընդունելով այդ իրադարձություններից փրկվածներին, սակայն չի կարող նաև հարցականի տակ դնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները»:

Կարդացեք նաև

Back to top button