
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ․ «Արցախպրեսին» տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի ապրիլի 18-ի հայտարարությունն այն մասին, որ Արցախում ապրող հայերը պետք է կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ փնտրեն բնակության այլ վայր։
Հայ ժողովրդի և Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների հանդեպ հնչեցրած ալիևյան սպառնալիքներն ու վիրավորանքները, մեծ հաշվով, նոր չեն։ Որոշ փորձագետներ համոզված են, որ ներկայումս Ադրբեջանն օգտվում է անկանխատեսելի և անորոշ միջազգային իրավիճակում Հայաստանի համեմատ ունեցած առավելությունից։
Որքան մեծ լինի այդ տարբերությունը, այնքան Ալիևը տրվելու է ավելին ստանալու համար այն օգտագործելու գայթակղությանը։ Հետևաբար, ըստ նրանց, առաջնահերթը բալանսի վերականգնումն է։ «Որքան մոտենա բալանսի վերականգնումը, այնքան Ադրբեջանը հակված կլինի «խաղաղ վարքագծի դաշտում» խաղալուն»,-«Ռադիոլուրի» հետ զրույցում ձևակերպել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Ադրբեջանի նախագահն առաջին անգամ չէ, որ նման հռետորաբանությամբ հայտարարություններ է անում՝ սա իրենց հակադարձումներում արձանագրել են թե՛ պաշտոնական Ստեփանակերտը, թե Երևանը՝ շեշտելով, որ դրանք ի ցույց են դնում Ադրբեջանի իրական նպատակները։ Մատնանշելով Արցախն էթնիկ զտման ենթարկելու և Արցախի բնիկ ժողովրդին իր պատմական հայրենիքից վտարելու ադրբեջանական շարունակվող քաղաքականությունը՝ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն արձանագրել է, որ հարկադրման, ուժի և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով Ադրբեջանը, ըստ էության, փորձում է ստիպել Արցախի ժողովրդին ընդունել Ադրբեջանի անօրինական պահանջները, որոնք հակասում են միջազգային իրավունքի պարտադիր նորմերին։ Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի պնդումն առ այն, որ Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է, Արցախի արտգործնախարարը շեշտել է.
«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ՝ ոչ ԽՍՀՄ գոյության, ոչ էլ նախկին Խորհրդային Միության տարածքում անկախ պետությունների ձևավորման հետագա ժամանակաշրջանում։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո միջազգային հանրությունը ստեղծել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հատուկ մեխանիզմ՝ Մինսկի գործընթացը։ Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակը որոշելու համար միջազգային ձևաչափ ստեղծելու որոշումը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն Արցախը չի ճանաչել որպես անկախ Ադրբեջանի մաս։ Իր հերթին, Մինսկի գործընթացին մասնակցելու Ադրբեջանի համաձայնությունը նույնպես ճանաչումն է այն փաստի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը ապրիլի 18-ին տված հարցազրույցում Ալիևը Հայաստանից պահանջել էր հստակ հայտարարել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»: Նա կրկին սպառնալիքներ, վիրավորական խոսքեր էր հնչեցրել հայերի հասցեին:
Հայտարարությունները, որ անում է Ալիևը, ամենևին էլ նոր չեն։ Այդ հռետորաբանությունն Ադրբեջանը գործադրում է, առնվազն, հետպատերազմյան ամբողջ շրջանում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը․
«Այդ տեսանկյունից, իհարկե, պատասխաններն էլ մշտապես լինում են ոչ ագրեսիվ ոճի, բայց թիրախային արձագանքի տրամաբանության մեջ՝ ցույց տալու համար, առաջին հերթին, միջազգային դերակատարներին, որ Ադրբեջանը բացարձակապես չունի խաղաղության ուղղությամբ աշխատելու մտադրություն, կամ պատկերացնում է այդ խաղաղությունը ագրեսիվ պայմաններ թելադրելու տրամաբանության մեջ և այդ տեսանկյունից Երևանն ու Ստեփանակերտը, բնականաբար, փորձում են իրենց հայտարարություններով դա մատնացույց անել միջազգային հանրությանը»։
Նախօրեին, արձագանքելով Ադրբեջանի նախագահի այս հայտարարություններին, պաշտոնական Երևանը շեշտել էր, որ դրանք հերթական անգամ ի ցույց են դնում նրա մղումները՝ տորպեդահարելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի և միջազգային հանրության ջանքերը։
«Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ բացահայտորեն ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը, ինչպես նաև անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունները»,- հայտարարել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Բավականին մանրակրկիտ վերլուծելով Ալիևի՝ հայ ժողովրդի և Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների հանդեպ հնչեցրած սպառնալիքներն ու վիրավորանքները, Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է.
«Այս բռնապետը ուղիղ կերպով խոստովանում է, որ Հայաստանը դիտարկում է որպես «հավերժական թշնամի», ում ինքը միշտ ձգտում է նվաստացնել ու ոչնչացնել: Այս ֆաշիստական մոտեցմամբ խաղաղություն ու կայունություն հնարավոր չէ ունենալ տարածաշրջանում:
Միակ լուծումը ներքին ու արտաքին գործնական զսպիչ միջոցների կիրառումն է բռնապետ Ալիևի հանդեպ՝ կանխելու համար նորանոր հանցագործությունները հայ ժողովրդի ու մարդկության դեմ»։
Քաղաքական վելուծաբան Հակոբ Բադալյանը, սակայն, նկատում է, որ այսօր խնդիրներից մեկն այն է, թե «միջազգային միջավայրն» ինչի՞ համար է նպաստավոր՝ խաղաղությա՞ն, թե՞ հակառակը՝ խաղաղության դեմ աշխատելու և սեփական ռազմական, ուժային որոշակի առավելությունը իրացնելու համար։
«Ալիևը տեսնում է, որ այսօր իրավիճակը միջազգային առումով նպաստավոր է հենց երկրորդ տարբերակի համար։ Այսինքն՝ այսօր աշխարհում մի վիճակ է, երբ աշխարհաքաղաքական կենտրոնները փաստացի պատերազմում են միմյանց դեմ և այդ մեծ դիմակայության առանցքային թիրախային ուղղություններից մեկը Կովկասն է։ Եվ Ալիևը փորձում է պարզապես այս իրավիճակում առավելագույնս իրացնել իր ռազմաքաղաքական այն առավելությունը, որ կա Հայաստանի հետ համեմատության իմաստով»,– նշում է Բադալյանը։
Նման պայմաններում, ըստ քաղաքական վերլուծաբանի, գլխավոր անելիքը Հայաստանինն ու Արցախինն է. անել առավելագույնը, մի կողմից՝ միջազգային հանրության առաջ այդ հարցադրումները փաստարկելու ուղղությամբ, մյուս կողմից, իհարկե, սեփական կարողությունները ուժեղացնելու, որովհետև գլխավոր գործոնը լինելու է հակամարտող կողմերի միջև հավասարակշռությունը․
«Որքան մենք կարողանանք կրճատել տարբերությունը, որքան մենք կարողանանք արդյունավետ լինել բալանսի վերականգնման և այդ հարաբերակցությունը նվազեցնելու ուղղությամբ, այդքան Ադրբեջանն ավելի հակված կլինի խաղալ, այսպես ասենք, «խաղաղ վարքագծի դաշտում»։
Միջազգային դերակատարների պատասխանատվությունը շեշտել պետք է. եթե բոլորը խոսում են տարածաշրջանում խաղաղության մասին, ապա դրա առաջին գործոնը Ադրբեջանին սանձելն է, բայց նաև, քաղաքական վերլուծաբանի համոզմամբ, այդ տեսանկյունից էլ պետք է կառուցել միջազգային կողմի հետ աշխատանքի ու հայկական շահերի արդյունավետությունը, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը չդիտարկվի այդ դերակատարների համար որպես միմյանց դեմ պայքարի միջոց, որից բխող ռիսկերի ավելի մեծ բաժինը համեմատաբար թույլ ռեսուրսներ ունեցողինն է, տվյալ դեպքում՝ հայկական կողմինը։




