
Երևանի կնտրոնում գտնվող 33-րդ հայտնի Ֆիրդուսի թաղամասի, բնակիչները նորից կառավարության դիմաց էին՝ պահանջելու, որպեսզի գործադիրը պատասխանի իրենց դիմումին, վերջապես լուծում տա տարիներով բարդացած իրենց խնդիրներին։ Բնակիչները պնդում են, որ տարածքը ձեռք բերած կառուցապատող ընկերությունները կամայականություններ են անում, խաբում, իրենց տների դիմաց «կոպեկներ» առաջարկում։
Հանրային գերակա շահ ճանաչված թաղամասի բնակիչները նորից պահանջով հավաքվել են կառավարության դիմաց։ Պահանջը մեկն է՝ օտարված գույքերի պատշաճ փոխհատուցում։ Բնակիչներից Ռաֆայել Սաֆարյանի պնդմամբ՝ թաղամասի կառուցման նախագիծը վճռական փուլ է մտնում՝ բնակիչներին գումարային առաջարկներով, նախանշված ժամկետներով նամակներ են գալիս։ Եթե նախկինում առաջարկվող գումարները համապատասխանում էին շուկայական գներին, ապա այսօր դրանք մեկը մյուսի հետ որևէ աղերս չունեն,ասում է։ Կառուցապատող ընկերության կողմից 2020 թվականին առաջարկվել է մեկ քառակուսի մետրի դիմաց վճարել 1700-1900 դոլար։
«Ասում եմ լավ 2020-ին 1700 առաջարկել եք վճարել, հայտարարել եք, բայց չեք վճարել։ Հիմա 2023 թիվն է։ Որքա՞ն է թանկացել անշարժ գույքի շուկան։ Ասում են 3-5 տոկոս։ Ինչ 3-5 տոկոս, եթե ոչ 300 տոկոս են թանկացել տները ։ Թող գան լիարժեք գումար վճարեն, ժողովուրդը սուս ու փուս դուրս գա»։
Ֆիրդուսի բնակիչների համար չլուծված ու անհասկանալի շատ հարցեր կան։ Բնակիչներից Ռուբեն Աթոյանն առաջարկում է ստեղծել աշխատանքային խումբ, որոնց հետ կհանդիպեն նաև բնակիչները, կբարձրաձայնեն իրենց մտահոգող հարցերը։ Դրանք շատ են, ասում են։
«Մենք տեղեկություններ ունենք, որ Ֆիրդուսի փողոցը, Խանջյան նրբանցքը 2013 թվականին սեփականաշնորհվել է և գրավադրվել է բարձր գներով։ Մեր տարածքում այսօր ամենամեծ կոռուպցիոն ռիսկերն են կուտակված։ Այսինքն՝ մենք այսօր անարգել չենք կարողանում օգտվել մեր սեփականությունից։ Հարցերը բոլոր բարձրացված են։ Տարբեր հարցեր կան՝ սկսած գնահատողներից։ Բոլոր հարցերն էլ կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում ու մենք կարող ենք այդ ամեն ինչը ցույց տալ»։
Ֆիրդուսի այս պատմությունը չի հանգուցալուծվում արդեն երկար տարիներ։ 2015 թվականին կառավարությունը գերակա հանրային շահ է ճանաչել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տուն և պահեստներ։ Քաղաքային իշխանությունները հայտարարեցին՝ այս տարիների ընթացքում ֆիրդուսցիների ճնշող մեծամասնության հետ հարցերն արդեն կարգավորված են 90 տոկոսով։ Մյուսների հետ վեճը դեռ շարունակվում է։ Բնակիչների մի մասը փոխհատուցում է ստացել, իսկ որոշ բնակիչներ դեռ չեն համաձայնվում առաջարկվող գների հետ:
Ֆիրդուսի թաղամասի կառուցապատումն իրականացնող «Սիթի սենթր դիվելըփմենթ» ընկերությունից «Ռադիոլուրին» ասացին, որ բոլոր հարցերի հասցեատերը Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակն է։ Ֆիրդուսի բնակիչներին գների ու ժամկետների վերաբերյալ այս կառույցից են ուղարկվել նամակները։ ԾԻԳ ի տնօրենի տեղակալ Խանամիր Աբրահամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանն իրավունք չունի գնահատողի գործունեությանը խառնվելու։ Գինը որոշել է անկախ գնահատող կազմակերպությունը։
«Եվ յուրաքանչյուր գրանցված գույքի համար կա առանձին-առանձին գնահատման հաշվետվություն։ Ստանդարտ չեն դրել բոլորին մի գծի տակ արել»։
Գրասենյակի պաշտոնյան պնդում է՝ բազմիցս են թե՛ գրավոր, թե՛ հանդիպումների ընթացքում իրենց գույքի գնահատման հետ չհամաձայնած բնակիչներին հորդորել ներկայացնել գնահատման իրենց հաշվետվությունը։ Սակայն որևէ պատասխան չեն ստացել։ Իսկ տեղում կառուցվող շենքերից որևէ մեկում բնակիչներին բնակարանով փոխհատուցման առաջարկ չեն արել։ Օրենքը թույլ չի տալիս, ասում է պաշտոնյան։
«Ինչ վերաբերում է տեղում տուն տալուն, ապա դա օրենքով արգելված է։ մեր օրենքի մեջ հստակ գրված է պետք է տրամադրել նախնական համարժեք գումարային փոխհատուցում։ Այլ բան չենք կարող անել»։
Բնակիչներն այդպես էլ չկարողացան որևէ մեկից պատասխան ստանալ։ Պատկան մարմինների հետ հանդիպման պահանջը մնաց օդից կախված։




