Հասարակություն

«Տղաներից որևէ մեկը չէր կասկածում, որ պատերազմը հաղթելու ենք»,-պատմում է ազատամարտիկ կինոռեժիսորը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ազատամարտիկ, կինոռեժիսոր և վավերագրող Ռուբեն Հովհաննիսյանը 88-ի շարժման ակտիվ մասնակիցներից էր։ Հետո ընկերներով որոշեցին մեկնել Արցախ, այդ ժամանակ էլ իմացան «Արաբո» ջոկատի մասին ու հասկացան, որ գտել են այն, ինչ փնտրում են։ Արցախում բոլորի նման նա էլ զենքը ձեռքին կռվում էր, բայց ռեժիսորի մասնագիտությունը հանգիստ չէր տալիս։ Անընդհատ տեսախցիկ էր փնտրում ու վավերացնում այն, ինչ հնարավոր էր։ «Ես ողջ եմ մնացել ու իմ հոգու պարտքն եմ համարում ազատամարտին նվիրված ֆիլմաշարի ստեղծումը, որպեսզի տղաների գործն անհայտ չմնա»,-խոստովանում է նախկին ազատամարտիկը, ով արդեն երկու տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակ է։

1989-ին չորս ընկերներով դարձան «Արաբո» ջոկատի անդամներ: 90 թվականին առաջին անգամ մասնակցեց մարտական գործողություններին: «Երբ տղաները կռվում էին Ոսկեպարում, կարծես աչքերիս առջև մեր հին ֆիդայիններն էին, նրանց քաջությունն ապշեցնում էր ինձ, կարծես վախ չունեին : Ամեն ինչ տեսախցիկով անմահացնելու ցանկություն էր առաջանում: Մի կերպ տեսախցիկ ձեռք բերեցի ու սկսեցի նկարահանել», -պատմում է ազատամաիտիկ, կինոռեժիսոր և վավերագրող Ռուբեն Հովհաննիսյանը:

«Այո’: Իմ ողջ մարտական ուղին անցել եմ «Արաբո» ջոկատի հետ միասին, ուստի նկարահանումներիս հիմնական առանցքում հենց մեր տղաներն են ու ժողովուրդը՝ արցախյան գոյամարտի անմիջական մասնակիցները: Այդ օրերից պահպանված վավերագրական նյութի հիման վրա արդեն քսան ֆիլմ է ստեղծվել: Առաջին ֆիլմը, որը նկարահանվեց 1994 թվականին, նվիրված էր «Արաբո» ջոկատի ու հայկական վաշտի մյուս տղաների առեղծվածային պատմությանը: «Արաբո»-ին է նվրիված նաև իմ «Թռիչք անդունդի վրայով» ֆիլմը, որի երկրորդ մասը դեռ ընթացքի մեջ է»:

1992 թվականի հունիսի 29-ը ճակատագրական դարձավ հայկական վաշտի 79 տղաների համար, որոնք ազերիների անսպասելի հարձակման արդյունքում շրջափակման մեջ հայտնվելով, զոհվեցին Մարտակերտի շրջանի Հասանղայա գյուղի մոտակայքում: Զոհվածներից 21-ը «Արաբո» ջոկատից էին, 29-ը՝ Հոկտեմբերյանի «Արծիվ» վաշտից, 19-ը՝ արցախցիներ էին, մյուսները՝ «Զեյթուն» ջոկատից: Մինչև 2008 թվականը հայկական վաշտի տղաների մահվան հանգամանքները համարվում էին խիստ առեղծվածային: Որևէ մեկը ստույգ չգիտեր՝ նրանք զոհվել են, թե՝ գերի ընկել, ուստի բոլորն էլ համարվեցին անհետ կորածներ: 2008-ին համացանցում հայտնված տեսանյութը վերջ դրեց անորոշությանը: Տեսանյութում տղաների դիակներն էին, որոնց մեջ շատերը ճանաչել էին իրենց հարազատներին: Ողբերգական այս իրադարձություններից ավելի քան երկու տասնամյակ է անցել. չնայած հայկական կողմի ու միջազգային կառույցների ջանքերին, Ադրբեջանը հրաժարվում է հանձնել զոհվածների դիակները:

«Հունիսի 26-ին Կարմիրավան գյուղի մոտակայքում էինք, որը թշնամին գրավել էր: Մի քանի ժամ տևած մարտից հետո այն ազատագրեցինք: Հաղթանակով ոգևորված շարժվեցինք առաջ՝ դեպի Լենինավան, ապա Հասանղայա: Միավորված հայկական ջոկատներից կազմված զորախումբը մի քանի ուղղություններով պիտի իրականացներ գրոհը՝ ազատագրելու Շահումյանը: Հունիսի 29-ի առավոտյան նախատեսվում էր Լենինավանի գրոհը: Ժամը 3-ին «Քիմիայի պահեստներ» կոչվող վայրում բաժանվեցինք: Դեպի Հասանղայա շարժվող մեր 21 տղաների թվում նաև Ավետիս Ավետիսյանն էր, իմ մտերիմ ընկերը: Ցանկանում էի նրա հետ գնալ, բայց քանի որ ցանկություն ունեի նկարահանել Լենինավանի գրոհը, ուստի բաժանվեցինք: Գրոհը նախատեսված էր ժամը վեցին, այն կարելի է ասել ձախողվեց: Հասանղայայի մոտ գտնվող տղաների հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ մեր հետախույզները պարզեցին, որ այն վայրում, որտեղ պիտի լինեին նրանք, արդեն ադրբեջանցիներն էին: Մեկ օր անց մենք հեռվից հետևում էինք, թե ինչպես են նրանք տրակտորներով փորում ու թաղում դիակները: Հետախուզական գործողությունների շնորհիվ մեզ հաջողվեց հողի տակից դուրս բերել ու վերադարձնել մեր տղաներից ընդամենը երեքի դիակները: Երկար ժամանակ հույս ունեինք, որ տղաներից ոմանք գուցե կարողացել են փախչել դեպի մոտակա անտառն ու փրկվել, բայց…»:

«Տղաները համոզված էին, որ նահանջի տեղ չունեն, քանի որ նահանջի դեպքում ավելի շատերը կհայտնվեին շրջափակման մեջ: Նրանք մնացել ու մարտնչել են մինչև վերջ, զոհվել հերոսաբար»,-ասում է ազատամաիտիկը: Նրա խոսքով` հերոսներ են բոլոր այն տղաները, որոնք կամավոր մեկնեցին Արցախ: «Երբ պատերազմը սկսվեց նրանցից որևէ մեկը չէր կասկածում, որ հաղթելու ենք: Զարմանալի ոգի կար»,-ասում է, նաև նշելով՝ նույն ոգին այսօր երիտասարդների մեջ է տեսնում: Հայրենիքի սահմանի մոտ բոլոր խնդիները երկրորդական են դառնում, մտածում ես միայն այդ սահմանը պահելու անհրաժեշտության մասին: Այսօրվա մեր սահմանպահ տղաներն էլ կարգին տղաներ են»,-ասում է ռոիւբեն Հովհաննիսյանը: «Ես ողջ եմ մնացել ու իմ հոգու պարտքն եմ համարում ազատամարտին նվիրված ֆիլմաշարի ստեղծումը, որպեսզի տղաների գործն անհայտ չմնա»,-խոստովանում է ազատամարտիկը, ով արդեն երկու տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակ է։

Back to top button