
2019-ից կառավարությունը դրամական միջոցներ է տրամադրում այն ընտանիքներին, որոնք ժամանակավորապես իրենց խնամքին են վերցրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների։ Պետությունը սա աշխատանք է համարում՝ դրա դիմաց տրամադրելով վարձատրություն և այդ ժամանակահատվածը հաշվարկելով՝ որպես աշխատանքային ստաժ։ Այս ընթացքում 107 երեխա գտել է խնամատար իր ընտանիքը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ջանքներ այս փուլում առավելապես ուղղված են մասնագիտացված խնամատար ընտանիքներ գտնելուն։ Սրանք այն ընտանիքներն են, որտեղ խնամք են ստանում հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ ունեցող երեխաները։ Աիդա Ավետիսյանն է ծանոթացել խնամատարության ինստիտուտի մանրամասներին։
Վանաձորցի Ղազարյանների ընտանիքն արդեն 4 տարի երկու երեխաների խնամատարության պատասխանատվությունն է ստանձնել։ Ամուսինները երկար են սպասել «մայրիկ» ու «հայրիկ» դառնալուն։ Համատեղ որոշման արդյունքում այսօր արդեն 9–ամյա դուստր ու 11–ամյա որդի ունեն։
«Իմացել էի խնամատարության ծրագրի մասին ու գիտեի, որ մանկատները փակվում են, ու երեխաներին ընտանիք է պետք։ Որոշեցի երկու երեխայի կյանք փրկել և ընտանիք վերադարձնել։ Եվ ինձ համար լավ եղավ, ընտանիքս սիրով ու ջերմությամբ լցվեց, և՛ երեխաների համար լավ եղավ»։
Ընտանիքի 4 երեխաներից ամենափոքրերին են վերցրել, սակայն մյուս երկու եղբայրների հետ երեխաների կապը պահպանվում է։ Նրանք էլ են խնամատար ընտանիքներում՝ ասում է զրուցակիցս։ Երեխաներին սիրով ու ջերմությամբ շրջապատած Ղազարյան ամուսինների համար թեև դժվար է պատկերացնելը նրանցից հրաժարվելը, սակայն գիտակցաբար են մոտենում հարցին։ Հավելյալ սթրեսից զերծ պահելու համար, եթե կենսաբանական ծնողները ցանկություն հայտնեն խնամելու երեխաներին, պատրաստ են վերադարձնել նրանց։
«Որոշել եմ՝ երբ իր մայրը կգտնի, որ երեխաների կարիքն ունի, իրեն պետք են, և երեխաները կընդունեն իրենց ծնողին, ես կվերադարձնեմ երեխաներին։ Բայց մենք շատ սիրով պահում ենք ու ամեն քայլին հետևում ենք։ Ոչ մի խնդրի առաջ չեն կանգնում, դպրոցում սովորում են գերազանց»։
Այս պահին Հայաստանում խնամատար 68 ընտանիք կա, որտեղ խնամք և դաստիարակություն է ստանում 107 երեխա։ Ամենաակտիվը Լոռու մարզն է։ Միայն այս մարզում 22 խնամատար ընտանիք կա։ Ամենապասիվը Շիրակի ու Վայոց Ձորի մարզերն են։ Սակայն, ինչպես աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանն է ասում, իրազեկման ակցիաների շնորհիվ Շիրակում ևս խնամատարության նկատմամբ հետաքրքրություն է նկատվում։ Այս ինստիտուտը թեև արդեն 15 տարի գործում է, բայց 2019-ի փոփոխություններից հետո է իրավիճակն ավելի ակտիվացել՝ ասում է զրուցակիցս։
«Հստակ սահմանվել է խնամատարության հաշվառման, վերապատրաստման գործընթացը, և այս պահին շատ ակտիվ այդ գործընթացներն իրականացվում են։ Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց բազան է կազմվել։ Եվ հետաքրքրությունը խնամատար ծնող դառնալու շատ մեծ է նաև այն մարզրեում, որոնք ավելի պասիվ են եղել։ Տենդենցը փոխվել է»։
Խնամատար ծնող դառնալ կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող, չափահաս այն քաղաքացիները, որոնք այդ նպատակով դիմում և անհրաժեշտ փաստաղթղեր են ներկայացնում մարզպետարան։ Խնամատարություն ստանձնողը չպետք է ունենա դատվածություն, առողջական լուրջ խնդիրներ։ Անհրաժեշտ չափորոշիչներին բավարարելու դեպքում գործընթացը սկսվում է մարզպետարաններից ու Երևանի քաղաքապետարանից։ Հնարավորությունից կարող են օգտվել թե ընտանիքները, թե անհատները։
Երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չի կարող գերազանցել 55 տարին:
Խնամատարության ենթակա են բոլոր այն երեխաները, որոնք որդեգրման և ակտիվ միավորման գործընթացում չեն գտնվում՝ կարգը բացատրում է սոցապ պաշտոնյան և նշում՝ խնամատարությունը ժամանակավոր խնամքի եղանակ է։ Այն կնքվում է մեկ տարի ժամկետով։ Դրանից հետո, եթե երեխան չի վերամիավորվում կենսաբանական ընտանիքին, պայմանագիրը նորից երկարացվում է:
«Եթե երեխան վերամիավորվում է ընտանիքի հետ, չի շարունակվում խնամատարության պայմանագիրը։ Եթե երեխան վերամիավորման հնարավորություն չունի, ապա երկարացվում է, երեխան չի վերադառնում խնամքի կենտրոն։ Այս ամենի իմաստն այն է, որ երեխան ընտանեկան միջավայրում մնա։ Նախընտրելին, իհարկե, կենսաբանական ընտանիքում մնալն է, եթե երեխայի իրավունքներն ու շահերը չեն ոտնահարվում»։
Այն մտահոգություններին, որ խնամատար ընտանիքներում մեծացող երեխաները որդեգրման ենթակա երեխաներ են, Անահիտ Հովհաննիսյանը հակադարձում է։ Եթե երեխային որդեգրելու համար հիմքեր չեն առաջանում, ապա որդեգրման մասին խոսք լինել չի կարող՝ ասում է։ Բայց լինում են նաև դեպքեր, երբ խնամատար ընտանիքներում երեխաները ձեռք են բերում որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակ։ 2023-ին այդ ընտանիքները երեք երեխա են որդեգրել։
Ընդհանուր խնամատարությունից բացի գոյություն ունի նաև մասնագիտացված, ճգնաժամային և արձակուրդային խնամատարություն։ Վերջին երկուսի պարագայում խնամքի ժամանակահատվածն ավելի կարճ է՝ մեկ ամիս` կրկին երկարացման հնարավորությամբ։ Այս պահին մասնագիտացված 7 ընտանիք կա, որտեղ խնամք են ստանում հաշմանդամություն և առողջական խնդիրներ ունեցող երեխաներ։
«Իհարկե, դրա անհրաժեշտությունը շատ կա և իրազեկման ակցիաներում էլ մենք շեշտը մասնագիտացված խնամատարության իսնտիտուտի զարգացման վրա ենք դնում՝ հաշվի առնելով հաստատություններում հաշմանդամություն ունեցող երեխաների մեծ թիվը, որ խնամք են ստանում»։
Երեխայի նվազագույն կարիքները հոգալու համար, խնամատար ընտանիքները պետությունից ստանում են աջակցություն։ Այս տարի մոտ 311 մլն դրամ է ուղղվել այս ընտանիքներին։ Խնամատարությունը հաշվարկվում է որպես աշխատանքային ստաժ։
«Մասնագիտացված խնամատարության դեպքում 30 տոկոս հավելավճար է ենթադրվում ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավելյալ ջանք ու ծախսերի անհրաժեշտություն է լինում։ Շուրջ 160 հազար դրամի մասին է խոսքը, երբ խոսում ենք ընդհանուր խնամատարության մասին»։
Երեխաների պատշաճ խնամքն այս ընտանքիներում հսկում են մարզպետարաններն ու Երևանի քաղաքապետարանը։ Թերությունների դեպքում այդ ընտանիքների հետ պայմանագրերը խզվում են։ Իսկ եթե խնդիրները հոգեբանական են, ծնողներին ու երեխաներին օգնում են «ՍՕՍ մանկական գյուղեր» և ՀՕՖ երեխաների պաշտպանության հիմնադրամները՝ ադապտացիոն փուլը հաղթահարելու համար։
«Իհարկե, չենք կարող բացառել, որ ընդհանրապես չունենք դեպքեր, տարեկան մեկ կամ երկու նման դեպք ունենում ենք, երբ որ խնամատար ծնող-երեխա կապը չի կայանում»։
Ղազարյանների ընտանիքը թեև մեծ սիրով է զբաղվում խնամատարությամբ, բայց վախ ունի որդեգրումից։ Չափաս դառնալուց հետո թող երեխաներն իրենք որոշեն, թե որ ընտանիքում են ուզում շարունակել իրենց կյանքը՝ ասում է խնամատար մայրը։




