
Ինչպե՞ս մեկնաբանել «Մադրիդյան սկզբունքները»․ դրանց վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականները միանշանակ չեն ընդունվել քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում։ Այն, ինչ նախօրեին ԱԺ-ում ասել է վարչապետը, ընդդիմադիրների ընկալմամբ ուղիղ հայտարարություն է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։
Իշխանական թիմն այլ մեկնաբանություններ ունի։ Ստացվում է, որ «Մադրիդյան սկզբունքները», բացի հայկականից և ադրբեջանականից, նաև իշխանական և ոչ իշխանական մեկնաբանություններ ունեն։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետության շահերին հակասող ոչինչ չի նկատել վարչապետի հայտարարության մեջ, ինչը կստիպեր մտածել թիմից հեռանալու մասին։
«Երեկ վարչապետն ինչ ասել է, բառացի ամեն ասածի տակ ես ստորագրում եմ։ Ես գիտեմ ինչ է ասվել, ես գիտեմ ինչի համար է ասվել և ամբողջությամբ սատարում եմ։ Մեր թիմի մեջ չկա գեթ մեկ մարդ, որի հետ ես խոսակցություն եմ ունեցել և ինքը ասել է՝ էս որ վարչապետը ասաց, մի տեսակ տարօրինակ էր, նոր էր կամ անհասկանալի էր»։
Փաստը, որ ի տարբերություն Կառավարության հնգամյա ծրագրի 2022-ի կառավարության հաշվետվությունում բացակայում է «Ղարաբաղյան հիմնախնդիր» վերնագրով ենթաբաժինը՝ առաջարկվող լուծումներով, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի կարծիքով, դեռ ոչինչ չի նշանակում։
«Փաստաթղթում ինչ-որ բան ներառել-չներառելը հատկապես Ղարաբաղի մասին, չի նշանակում, որ ինչ-որ գործողությունների պակաս է նկատվելու կամ ինչ-որ գործողություններից զերծ է մնալու ՀՀ-ն։ Կառավարությունը գտել է, որ այս պահի դրությամբ պետք չէ այդ փաստաթղթում ամբողջությամբ և մանրամասն նկարագրել և ներառել այն բոլոր գործողությունները, որոնք իրականացվում են։ Ցավոք, անվտանգությունը և հրապարակային դիրքորոշումները երբեմն հակասում են իրար։ Ուրեմն, անվտանգային հարցերից ելնելով՝ կառավարությունը նպատակահարմար է գտել այդ մասով այդքանն ասել հանրությանը»։
Վարչապետը նախօրեին հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության բանակցային կոնցեպտն ամբողջովին փոխվեց 2007-ին։ Մադրիդյան սկզբունքները նա համարում է հայկական կողմի խնդիրների գլխավոր պատճառը։ Փաշինյանի համոզմամբ՝ դա առաջին փաստաթուղթն է, որտեղ հայկական կողմն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և կախվածության մեջ ընկել Բաքվից Արցախի ինքնորոշման հարցում։ «Մադրիդյան սկզբունքներով» ամենաերկարատևը բանակցած Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս անդրադարձել էր փաստաթղթի նոր մեկնաբանություններին։
«Բոլորդ էլ տեղյակ եք, չէ՞, որ մինչև 2018 թվականը բանակցող 5 կողմերից 5-ն էլ համարում էին, որ «Մադրիդյան սկզբունքները» լուծում են ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցը։ Որպեսզի բոլորը հիշեն՝ Հայաստան, Ադրբեջան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա։ 18 թվականից հետո այս 5-ից 4-ն են հայտարարում, որ «Մադրիդյան սկզբունքները» լուծում էին ԼՂ խնդիրը։ Միայն Հայաստանի կառավաիչն է ասում, որ այդ փաստաթուղթը ԼՂ-ն հանձնելու մասին է»։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հարկ է համարել տեսաուղերձով անդրադառնալ վարչապետ Փաշինյանի մեկնաբանություններին։ Իրեն համարելով «Մադրիդյան սկզբունքների» համահեղինակ՝ Օսկանյանը 30 րոպեից ավելի խոսել է խնդրի մասին։
«Մեծ հաշվով, եթե փաստաթղթին ճանաչել-չճանաչելու տեսանկյունից գնահատական տանք, ես պետք է ասեմ, որ ճիշտ հակառակն էայդ փաստաթուղթը ասում, ինչ Նիկոլ Փաշինյանն է մեկնաբանում։ Եթե այդ իմաստով որևէ բան է թելադրում այդ փաստաթուղթը, ապա դա այն է, որ համանախագահներն ընդունում են, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս չէ, և ԼՂ ժողովուրդն իր ճակատագիրը պետք է որոշի հանրաքվեի միջոցով։ Ես, իրոք, չեմ հասկանում Նիկոլ Փաշինյանի դատողությունը, տրամաբանությունը»։
Բանակցային առաջին փուլի պատասխանատու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բազմիցս խոսել է «Մադրիդյան սկզբունքներից» և այդ փաստաթղթի հնարավորություններից։
«Աշխարհի բոլոր երկրները ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, բայց նաև ճանաչում են մի իրողություն, որ Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի է ունեցել հակամարտություն, կոնֆլիկտ։ Ընդունելով հանդերձ Ադրբեջանի ամբողջականությունը՝ այդ նույն երկրները առաջարկում էին լուծման ինչ-որ տարբերակներ, օրինակ՝ 1997-ի փուլայինը, որոշ չափով կարելի է համարել «Մադրիդյան սկզբունքները», այնպիսի լուծում այդ կոնֆլիկտի, որի արդյունքում Ղարաբաղը կարող է դառնալ նաև անկախ պետություն»։
«Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունները փաստաթղթին համապատասխանող չի համարում Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
««Մադրիդյան փաստաթղթով» առաջին անգամ, որևէ բանակցային փաստաթղթի մեջ արձանագրվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ավելին՝ նույնիսկ արձանագրվեց այն մեխանիզմը, որով պետք է իրականացվի այդ ինքնորոշումը՝ հետաձգված ռեֆերենդումի կամ պլեբեսցիտի մեխանիզմը։ Եթե կարդում ենք Մադրիդյան փաստաթուղթը կամ դրա շարունակություն հանդիսացած Կազանյան փաստաթուղթը, այնտեղ հստակ նշվում է, թե ով պետք է մասնակցի այդ ռեֆերենդումին՝ 88 թվականի էթնիկ համամասնություն և այլն։
Նշենք, որ Մադրիդյան փաստաթուղթը կողմերից ոչ մեկը չի ստորագրել, այդ փաստաթուղթը պարզապես սեղանին դրված էր որպես բանակցությունների հիմք, այսինքն՝ ստորագրված փաստաթղթի մասին չէ խոսքը։ Բայց այն պնդումը, թե ընդունելով Մադրիդյան փաստաթուղթը՝ որպես բանակցությունների հիմք՝ Հայաստանը ընդունել է, որ Ադրբեջանը վետոյի իրավունք ունի Արցախի ապագայի վերաբերյալ, ճիշտ չէ։ Ադրբեջանը 91 թվականից սկսած վետոյի իրավունք ուներ Արցախի ապագայի նկատմամբ։ Չկար որևէ կարգավորման տարբերակ, որին չհամաձայներ Ադրբեջանը ու այդ կարգավորման տարբերակը կյանքի կոչվեր»։
Վերլուծաբանի կարծիքով՝ այս թեմայի քննարկումով որոշ չափով լուծվում է տապալված բանակցությունների պատասխանատվության հարցը։




